Լրահոս
Օրվա լրահոսը

Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Եփրեմ Բ-ը ժամանեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Ապրիլ 21,2015 20:15

Ապրիլի 21-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների առիթով, հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստան ժամանեցին Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ը և Մարոնիտ Եկեղեցու առաջնորդ կարդինալ Մորան Մոր Ալ Ռայի Բուտրոսը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Տաճարի առջև դիմավորեց Ասորի Եկեղեցու և Մարոնիտ Եկեղեցիների առաջնորդներին, ապա Իջման Ս. Սեղանի առջև կատարվեց բարիգալստյան արարողություն:

Աղոթքից հետո Ամենայն Հայոց Հայրապետը ողջունեց Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ի և կարդինալ Մորան Մոր Ալ Ռայի Բուտրոսի այցը Հայաստան:

21-4

«Գոհունակ սրտով ողջունում ենք ձեր ներկայությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում և հոգեկան անհուն բավականություն ու մխիթարություն ենք  ապրում, քանի որ հայ ժողովրդի համար նվիրական այս օրերին, երբ պիտի համատեղ ոգեկոչենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը, մեր Քույր Եկեղեցիների հոգևոր պետերն աղոթակից են մեզ այս նվիրական սրբավայրում», – ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Գարեգին Բ Վեհափառն իր խոսքում անդրադարձավ Եկեղեցիների պատմական աղերսներին, ինչպես նաև այն ամուր կապերին ու արդյունավետ փոխգործակցությանը, որոնցով հատկանշված են եղել Հայ Եկեղեցու հարաբերությունները  Քույր Եկեղեցիների հետ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ը:

«Մենք այսօր այս սուրբ վայրում խոնարհվում և հարգանքի տուրք ենք տալիս Հայոց Ցեղասպանության նահատակներին և աղոթում, որ այլևս որևէ ցեղասպանություն տեղի չունենա քրիստոնյաների նկատմամբ», – նշեց Պատրիարքը` հավելելով, որ մեր ժամանակներում էլ ցեղասպանությունները չեն դադարել. ասորի ժողովուրը կրկին մարտիրոսվում է և իր արյունը թափում քրիստոնեության պահպանության համար:

Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետին իր ողջույնները փոխանցեց նաև Մարոնիտ Եկեղեցու առաջնորդ, կարդինալ Մորան Մոր Ալ Ռայի Բուտրոսը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930