Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող մարդիկ մեծ դժվարությամբ են հասել Ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակին

Ապրիլ 23,2015 18:03

Երեկ հաշմանդամություն ունեցող հարյուրավոր մարդիկ, որոնք Ցեղասպանության զոհերի հուշահամալիր էին գնացել հարգանքի տուրք մատուցելու, մեծ դժվարությամբ են հասել անմար կրակի մոտ: Շատերը ցած են իջել այս օրերին հուշահամալիրի մոտ հերթապահող կամավորների օգնությամբ, որոնք թեւերն ընկած, սայլակը գրկած տեղաշարժվելու խնդիրներ ունեցող մարդկանց հասցրել են կրակի մոտ:

Խորհրդային տարիներին կառուցված հուշահամալիրը ոչ մի կողմից հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող մարդուն, սակայն այսքան տարիների ընթացքում քաղաքային իշխանությունները որեւէ լուծում չեն փորձել գտնել, որպեսզի համալիրը հասանելի լինի նաեւ նրանց համար:

hashmandamutyun

Aravot.am-ի հետ զրույցում «Փրկություն» հասարակական կազմակերպության տնօրեն Արփինե Աբրահամյանը պատմեց, որ իրենց կազմակերպության շահառուները թեեւ սայլակով չեն, եւ ոմանց են ձեռքերը բռնած իջեցրել, սակայն կրկին դժվարություն ունեցել կրակին մոտենալիս: Տիկին Աբրահամյանն ասաց, որ հատկապես խնդիր էր սայլակով տեղաշարժվող մարդկանց համար: Նրա կարծիքով, թեքահարթակ կամ մեկ այլ լուծում անպայման անհրաժեշտ է, բայց թե ինչ` ճարտարապետները պետք է հուշեն. «Եթե ասում են մատչելիություն առհասարակ, ապա առհասարակի մեջ, բնականաբար, մտնում է նաեւ Ցեղասպանության հուշահամալիրը, ճիշտ է շատ հարմար բարձրացանք մինչեւ հուշահամալիր, բայց անմար կրակին շատերը մեծ դժվարությամբ մոտեցան:

Մեր այն հարցին, թե թեքահարթակը կլուծի՞ այդ խնդիրը, «Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը պատասխանեց, որ հուշահամալիրի աստիճանների քանակն ու մեծությունը թույլ չի տա թեքահարթակ տեղադրել եւ այդ խնդիրը տեխնիկապես հնարավոր է լուծել վերելակ տեղադրելով:
«Ցավոք սրտի առայժմ ստեղծված չէ այդ պայմանը, Ոչ բոլոր մուտքերի մոտ, գոնե մեկի մոտ, որպեսզի չխանգարեն այցելությունների շարժը»,-ասում է Արմեն Ալավերդյանը:

Երեկ «Ունիսոնը» ստիպված է եղել հատուկ սարքի միջոցով սայլակով մարդկանց իջեցնել կրակի մոտ, սակայն ոչ բոլոր սայլակավորներն են կարողացել օգտվել այդ սարքի օգնությունից. «Մագլցող սարքի միջոցով, որն ունի «Ունիսոն» կազմակերպությունը, ոմանց օգնեցինք իջնել, սակայն, մնացածին ստիպված էին կամավորները ձեռքերով իջեցնել, քանի որ այդ սարքը ոչ բոլոր սայլակների համար կարելի է գործածել»:

Պարոն Ալավերդյանի հավաստմամբ, վերելակի տեղադրումը մեծ գումարներ չի պահանջում. «Պարզապես պետք է լինի կամք եւ ռեսուրսը, հաստատ, կգտնվի, հատկապես այս տարի անհրաժեշտ էր այդ հարցը լուծել, քանի որ եթե նախկին տարիներին դժվարության պատճառով շատ հաշմանդամ մարդիկ հրաժարվում էին գնալ, այս տարի բոլորն ուզում են իրենց լուման ներդնել Ցեղասպանության 100-ամյակի առիթով: Ապրիլի 24-ով չի ավարտվում, ես հուսով եմ, որ այս տարի գոնե այդ հարցը ընդմիշտ կլուծվի, եւ կառավարական մարմինները լուրջ կզբաղվեն այդ հարցով»:

Արմեն Ալավերդյանը պատրաստակամություն է հայտնում խորհրդատվություն տրամադրել, թե ինչ սարք ձեռքբերեն, որը եւ հարմար եւ ֆինանսապես մատչելի լինի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930