Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ գիծ՝ ընկճախտի մեջ ընկածների համար. նախարարի առաջարկը՝ ինքնասպան լինել ցանկացողներին

Ապրիլ 29,2015 17:47

Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանը հարց ուղղեց ինքնասպանությունների մասին: Նրա խոսքերով՝ «Վերջին տարիներին ավելացել է ինքնասպանությունների թիվը, ինչը խիստ մտահոգիչ է եւ պահանջում է հրատապ լուծում: Ժողովրդագրական լրջագույն խնդիրներ ունեցող մեր երկրում սա արդեն ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է»:

Որպես ինքնասպանությունների գլխավոր պատճառ, ըստ Իշխան Խաչատրյանի, աղանդավորական շարժումներն են եւ թրաֆիքինգի զոհ դառնալը: Նա հետաքրքրվեց՝ կառավարությունն ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ է պատրաստվում իրականացնել՝ այս ուղղությամբ:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պատասխանեց, որ կառավարությունը կիսում է անհանգստությունը: Նախարարն ասաց, որ վերջին տարիներին ինքնասպանության դեպքերը դրսեւորել են նվազման կայուն միտում, բայց այն չի կարող սփոփել, մանավանդ, որ 2015-ի առաջին եռամսյակում ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի աճ է գրանցվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ. «2015-ի առաջին եռամսյակում 54 դեպք է գրանցվել, ինչը 10 դեպքով ավելի է 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այստեղ Հայաստանը առանձնահատուկ երկիր չէ: Սուիցիդալ դրսեւորումները հատուկ են բոլոր երկրներին: Սոցիալական կարգավիճակը ուղիղ համեմատական չէ հասարակությունում ինքնասպանությունների քանակական ցուցանիշների հետ»:

Նախարարն ասաց, որ ինքնասպանությունները կանխարգելելու համար կարեւոր է հոգեւորականների ներդրումը:

Իշխան Խաչատրյանն առաջարկեց մի մեթոդ կիրառել, որը կիրառվում է ԱՄՆ-ում, Կանադայում, որը կարելի է նաեւ ՀՀ-ում կիրառել: 3 մեծ կամուրջ ունենք Երեւանում ՝ Հրազդան, Հաղթանակի եւ Դավիթաշենի. «Այդ կամուրջները բացասական տրամադրվածություն են ստեղծում, կոչվում են ինքնասպան կամուրջներ: Կարելի է դրանք ցանցապատել եւ կանխարգելել, որը կլուծի բնապահպանական խնդիրներ: Կենցաղային աղբ չի լինի, եթե գետեր են հոսում տակով»:

Նա առաջարկեց նաեւ հեռուստատեսությամբ այդ հաղորդումները կրճատել, սահմանափակել:

Նախարարը պատասխանեց, որ ցանցերի մասին մտածում են, բայց ոստիկանությունը ահռելի աշխատանք է կատարում այդ ուղղությամբ: Ըստ նախարարի, շատ արդյունավետ կարող է լինել այդտեղ սոցիալական գովազդը:

Հովհաննես Մանուկյանը նաեւ նշեց ԱՄՆ-ում կիրառվող մեկ այլ մեթոդ՝ թեժ գծեր. «Ընկճախտի մեջ գտնվող մարդիկ կարողանում են այդ թեժ գծերի միջոցով հանգստանալ, լուծում գտնել եւ այդ մտքից հեռանալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930