Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյան. «Դարձել ենք մաֆիոզ Ազգային ժողո՞վ, ասում եք արտագաղթի՞, հոգնե՞լ եք մեզնից» (Տեսանյութ)

Մայիս 05,2015 13:26

ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Եկամտային հարկի» մասին եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ Եկամտահարկի մասին օրենքի փոփոխությամբ առաջարկվում է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, որոնք գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս եւ այդ աշխատանքները վերաբերում են շինարարական, շինմոնտաժային աշխատանքներին:

Սրանով կառավարությունն ուզում է, որ արտերկրում աշխատողներն էլ ՀՀ-ում օրինական ձեւակերպում ստանան եւ պետբյուջե վճարվի եկամտահարկ: Շահութահարկի մասին ՀՀ օրենքի փոփոխությամբ էլ նախատեսվում է, որ այն գործատուները, որոնք կունենան ծրագրեր արտերկրում շինարարական աշխատանքների կատարման եւ այդ ծրագրերը հավանության կարժանանան կառավարության կողմից, շահութահարկ կվճարեն 5 տոկոս:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ապշած էր առաջարկվող փոփոխությունից. «Ա՛յ ախպեր, ես ստեղ եմ աշխատում, պիտի 24 տոկոս եկամտահարկ տամ, գնամ Ռուսաստան աշխատեմ՝ 13: Ի՞նչ եք ասում, ասում եք՝ արտագաղթի՞: Հոգնե՞լ եք մեզանից: Ես սենց բան առաջին անգամ եմ տեսնում: Պարո՛ն Սահակյան, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ սենց բան մտնի ԱԺ: Մենք, ինչ է, դարձել ենք մաֆիոզ Ազգային ժողո՞վ: Ո՞նց կարելի է սենց բան թույլ տալ»:

Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ իհարկե, արդարացի կլիներ, որ միեւնույն հարկը նույն դրույքաչափով հարկվեր: Բայց այստեղ զուտ իրենց առջեւ ծառացած խնդիր են լուծում. «Այն օգուտները, որոնք մենք կստանանք, կարծում եմ, ավելին են, քան հորիզոնական կամ ուղղահայաց արդարության պահպանման արդյունքում ստացածները»:

Հրանտ Բագրատյանը նաեւ մտահոգվեց, որ Ռուսաստանին տեղյակ պահե՞լ են, որ նման օրենք են ընդունում, բա որ մեկը Պուտինին նամակ գրի:

Վախթանգ Միրումյանն էլ պատասխանեց, որ ԵՏՄ-ի հետ կապված որեւէ խնդիր չկա, քանի որ անդամակցող յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում հարկման դրույքաչափերը, որեւէ սահմանափակում չունենք եկամտահարկի փոփոխության հարցում. «Այս նախագծով մենք չենք նպաստում արտագաղթին, բայց գիտակցում ենք, որ այսօր իրականությունը այն է, որ մեր քաղաքացիների զգալի մասն իրենց աշխատանքը կատարում է դրսում: Եթե դա է իրականությունը, ապա մենք պայման ենք ստեղծում, որ նրանց աշխատանքը օրինական ձեւակերպում ստանա եւ նրանց՝դրսում աշխատանքի օգուտներից օգտվի նաեւ Հայաստանը»:

Հրանտ Բագրատյանը վստահեցրեց, որ ԵՏՄ-ն դա թույլ չի տա, պետք է հարգել ընդունված կանոնը, եթե մարդը դրսում է աշխատում, պետք է այնտեղ էլ հարկ վճարի. «Ի՞նչ է նշանակում Հայաստանն ուզում է օգուտ ստանա: Օգուտ եք ուզում ստանալ, այնպես արեք, որ մարդը չարտագաղթի: Հիմա էլ ասում եք՝չէ, օրենքներ ստեղծենք, որ մարդիկ արտագաղթեն, հետո արտագաղթողներից փող ստանանք: Ես չեմ կարող այս տրամաբանությունն ընդունել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031