Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիրնե՞րն են մեղավոր, որ Հայաստանում ընտրությունները լավը չեն

Մայիս 06,2015 12:43

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը`Արցախում կայացած խորհրդարանական ընտրությունների մասին

– Հայաստանյան խորհրդարանական պատվիրակության մեջ դիտորդական առաքելությամբ հետեւում էիք Լեռնային Ղարաբաղում կայացած ընտրություններին: Ի՞նչ տպավորություններ ստացաք:

– Հպարտությամբ պիտի նշեմ, որ ականատեսը եղա ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների, որը բարձր մակարդակով էր կազմակերպված, և դրանով Արցախը աշխարհին ներկայացավ որպես ժողովրդավարության լավագույն օրինակ: Շրջեցինք ընտրական տեղամասերով, որտեղ ականատես եղանք ընտրությունների անցկացման բնականոն ընթացքի: Ժողովրդի մասնակցությունը մեծ էր, մարդիկ ուրախությամբ և ոգևորությամբ էին մասնակցում: Այս ընտրություններով Արցախի ժողովուրդը գրանցեց ևս մեկ հաջողված ընտրություն:

-ԼՂՀ ընտրություններին մասնակցող դիտորդները դրական գնահատեցին դրանց ընթացքը: Ընտրություններին մասնակցող ընդդիմադիրներն էլ էին գոհ ընտրական գործընթացներից: Ինչո՞վ կբացատրեք այն հանգամանքը, որ արցախցիներին հաջողվում է կատարելագործել ընտրական համակարգն ու ընտրական գործընթացներն` ի տարբերություն Հայաստանի: Հայաստանում յուրաքանչյուր ընտրություն` հաջորդների հետ համեմատ, կատարելագործվում են ընտրակեղծիքները: Իր գոյության 25 տարիների ընթացքում հայաստանյան որեւէ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ գոհունակություն կամ դրական վերաբերմունք չի արտահայտել ընտրական գործընթացների վերաբերյալ:

– Ուզում եմ հարցի պատասխանը սկսել վերջին պարբերությունից: Նախ` Հայաստանի ընտրությունների մասին:Որպեսզի ընդդիմադիր գործիչները օբյեկտիվ գնահատեին ընտրական գործընթացը, անհրաժեշտ էր, որ նրանք մասնակցեին՝ օգտվելով ընտրական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում իրենց ընձեռված ավելի լայն հնարավորություններից: Ինչպես գիտենք՝ ըստ նոր փոփոխությունների՝ հավասար հնարավորություններ տրվեց բոլոր քաղաքական ուժերին մեծացնելու իրենց ներկայացուցիչների թիվը ընտրական հանձնաժողովներում, ընդգրկել ավելի մեծ թվով վստահված անձեր և դիտորդներ, որը սակայն չկարողացան ամբողջովին իրացնել մեր ընդդիմադիրները: Հետևաբար` առանց մասնակցելու, դիտարկելու և վերահսկելու՝ գնահատականներ տալը չի կարող օբյեկտիվ լինել: Չմոռանանք, որ միջազգային դիտորդներն էլ տվել էին դրական գնահատականներ՝ նշելով առաջընթացը ՀՀ-ում անցկացվող ընտրություններում:

Իսկ ինչ վերաբերում է Արցախի ընտրություններին՝ ընտրական գործընթացի կատարելագործման վերաբերյալ հնչել են բազմաթիվ դրական կարծիքներ միջազգային դիտորդների կողմից: Ներկա էին մոտ 25 երկրներից 100-ից ավելի դիտորդներ, որը վկայում է այն մասին, որ Արցախն իրոք հետաքրքրական է աշխարհի համար: Նրանք նշել են ընտրությունների կազմակերպվածության և ժողովրդավարականության բարձր մակարդակի մասին և համեմատել առաջատար Եվրոպայի ընտրությունների մակարդակի հետ:

– ԵԱՀԿ Մինսկի խումբը, ԱՄՆ-ն հայտարարեցին, որ չեն ճանաչում Արցախը, ընտրությունները, որպես անկախ սուվերեն պետություն: ԵԱՀԿ ՄԽ-ի երկրներից Ֆրանսիան ու ՌԴ-ն, սակայն, ողջունեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը՝ իրենց ապագա ճակատագիրը որոշելու հարցում: Դա շահարկվեց ադրբեջանական մամուլում` նշելով, որ Արցախում կայացած ընտրությունները արեւմուտքը ոչ լեգիտիմ է համարում: Հասկանալի է, որ ներկա փուլի համար նման դիվանագիտական ձեւակերպումներ պետք էր ակնկալել արեւմուտքից, բայց արդյոք ավելի զգուշավոր չպետք է լինեն Մինսկի խմբի համանախագահները` չկարգավորված հարաբերություններն ավելի չբարդացնելու համար:

-Այստեղ էականն այն է, որ անգամ չընդունելով այս ընտրությունների արդյունքները, մեր միջազգային գործընկերները շատ կարևոր փաստ են արձանագրել, քանի որ ընդունել են Արցախի ժողովրդի կամքի դրսևորումն ու նրանց դերը իրենց ապագա ճակատագիրը որոշելու հարցում: Հետևաբար, սա շատ լավ օրինակ է բոլորի հայացքը ևս մեկ անգամ ուղղել Արցախի ինքնուրույնությունը ճանաչելու կարևոր փաստին, որտեղ ամբողջովին արտահայտված է Արցախի ժողովրդի կամքը: Արցախի ժողովուրդը ինքն է ընտրում իր ապագան, և ժամանակն է այդ փաստը հաշվի առնել:

Զրույց`Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031