Լրահոս
Օրվա լրահոսը

Երեմ Սարգսյան. Նախնական հանգամանքները հուշում են՝ Ավետիսյանների սպանությունը Պերմյակովն է կատարել (Տեսանյութ)

Մայիս 14,2015 17:56

«Ավետիսյանների հյուրասենյակի գազի վառարանի վրա հայտնաբերվել է ծխախոտի մնացորդ, որը 99.9 տոկոսվ թողնված է Վալերի Պերմյակովի կողմից»,- մայիսի 14-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը:

Նա նշեց, որ փորձաքննությունների ընթացքում պարզվել է նաեւ, որ սվին դանակի պատյանի, բռնակի եւ գոտու վրա նույնպես հայտնաբերել են Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ները՝ 99.9 տոկոս հավանականությամբ. «Նույն տոկոս հավանականությամբ ԴՆԹ է առանձնացել դեպքի վայրում հայտնաբերված զինվորական բաճկոնի օձիքից: Մենք գիտենք, որ այնտեղ քրտինք էր հայտնաբերվել եւ պարզվել է, որ սա նույնպես Պերմյակովինն է: Այդ համազգեստի ծոցագրպանում եղել է օպտիկական լինզա, այսինքն՝ փոքր խոշորացույց, որի վրա նույնպես հայտնաբերվել է Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ն: Նաեւ ԴՆԹ-ներ են տարանջատվել դեպքի վայրում հայտնաբերված ականջակալներից, ինքնաձիգի տարբեր հատվածներից, դրանք կլինեն լիցքավորված, թե չլիցքավորված պահունակները, հենց ինքնաձիգի մեջ առկա փամփուշտը, դեպքի վայրում թողնված կիսաճտքավոր ձախ կոշիկի ներբանի, ինչպես նաեւ ձեռնոցի դարձերեսի վրա: Այսինքն՝ դեպքի վայրից հայտնաբերված հագուստներից, զինվորական առարկաներից բոլորի վրա ԴՆԹ-ներ են հայտնաբերվել, վերջին նշածներիս մեջ, քանի որ խառնուրդներ են հայտնաբերել, ուստի փորձագետները զրկված են 100 տոկոս հավանականությամբ ասել, թե ումն է, սակայն դրանցից անջատված ԴՆԹ-ները համապատասխանում են նաեւ Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ին»:

Երեմ Սարգսյանը ընդգծեց, որ սվին դանակի երկու շեղբերի վրա արյուն է հայտնաբերվել, որը ըստ գենետիկական փորձագետների, պատկանում է Արաքսյա Պողոսյանին եւ Սերյոժա Ավետիսյանին. «Այս պայմաններում, եթե բռնակի վրա ունենք 99.9 տոկոս Պերմյակովի ԴՆԹ-ն եւ որեւէ այլ ԴՆԹ նրա վրա բացարձակապես չի հայտնաբերվել, եւ ունենք արյան հետք, այսինքն՝ դա մեզ հնարավորություն է տալիս նախնական ենթադրություն անել, որ այն հարված հասցնելու պահին գտնվել է Վալերի Պերմյակովի ձեռքին»:

Փաստաբանը ներկաներին հայտնեց, որ զենքի միջից հայտնաբերված փափուշտի վրա նույնպես հայտնաբերվել է Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ն. «Նախնական հանգամանքները հուշում են, որ այդ գործողությունները կատարվել են Վալերի Պերմյակովի կողմից: Մենք հետագայում կունենանք նաեւ համալիր փորձաքննություն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031