Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Կարծես ես Գալիլեյն եմ կամ Նիկոլայ Կոպեռնիկոսը, ԿԲ-ն էլ ուզում է ինձ խարույկի վրա վառի»

Մայիս 18,2015 14:09

Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեց Հրանտ Բագրատյանի ներկայացրած «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ԱԺ օրակարգում ընդգրկելու մասին հարցը:

Հրանտ Բագրատյանն ասաց, որ հասկանում է դեմ կքվեարկեն, բայց հիշեցրեց. «Սրանից 1.5 տարի առաջ մերժեցիք երաշխիքները որպես պետական պարտք քննարկելու օրենսդրական նախաձեռնությունը, այսօր ստացանք 450 մլն դոլար պարտք «Նաիրիտում»: Կարող էր 100 մլն դոլար պակաս լինել: Այս քննարկումները ցույց տվեցին, որ ԿԲ-ն ընդհանրապես իրավիճակին չի տիրապետում: Բացատրություններն ինձ համար առնվազն տարօրինակ են թվացել: Ուզում եք կողմ քվեարկեք, ուզում եք՝ դեմ քվեարկեք: Այս երկրագունդ մոլորակի վրա գոյություն չունի մի բանական արարած, որ ասի, թե ինչու պետք է դեմ քվեարկել այս նախագծին: Հնարավոր չի որեւէ փաստարկ բերել: Այնուամենայնիվ, Հայաստանում փաստարկներ բերեցին, կարծես ես Գալիլեյն եմ կամ Նիկոլայ Կոպեռնիկոսը, ԿԲ-ն էլ ուզում է ինձ խարույկի վրա վառի: Պետք չի այդպիսի բան անել: Նորմալ բան է առաջարկվում»:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ ԲՀԿ-ն կողմ է Բագրատյանի նախագծին:

Քանի որ Մելքումյանը բղավում էր, բարձր տոնով էր խոսում, նրան դիտողություն արեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը՝ ասելով, որ պատգամավորներից ոչ մեկը ծանր չի լսում, եւ իրենց միկրոֆոններն էլ շատ լավ են աշխատում:

Խաչատուր Քոքոբելյանն էլ ասաց, որ նախագծում վիճահարույց հարցեր կան, բայց խնդիրն օրակարգային է, այնպես որ, նա հորդորեց կողմ քվեարկել, այն ընդգրկել օրակարգում, այնուհետեւ կքննարկեն մանրամասները:

Ի վերջո, քվեարկության արդյունքներով կողմ էր 44 պատգամավոր, դեմ՝ 55, եւ նախագիծը չմտավ օրակարգ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031