Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ո՞ւմ եւ որտե՞ղ են ուզում «քցել». ԱԺ-ում քննարկվեց կուսակցությունների գույքը կառավարելու հարցը

Հունիս 05,2015 14:48

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում քննարկվեց «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը ներկայացրել են ՀՀԿ եւ ՀՅԴ պատգամավորները:

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է կուսակցությունների գույքի կառավարման հետ կապված փոփոխություններ անել: Ընդ որում, առաջարկվում էր, որ օրինագիծը քննարկվի 24-ժամյա ռեժիմով:

Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին հետաքրքրում էր՝ ինչո՞ւ է այս հարցը բերվել հապճեպ, այդքան շտապ, ո՞րն է այն հիմքը, որը ստիպում է հարցը քննարկել արագացված ռեժիմով:

Ալեքսանդր Արզումանյանին այդ շտապողականությունը նույնպես կասկածելի էր թվում ՝ ինչո՞ւ են շտապում, ինչու՞ է ամեն անգամ ինչ-որ օրենք բերվում ու պարտադրվում, որ այն շտապ, 24-ժամյա ռեժիմում քննարկվի ու ընդունվի: Նախագծի համահեղինակ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը բացատրեց, որ ուզում են, որ փոփոխություններն ընդունվեն մինչեւ Ազգային Ժողովի ամառային արձակուրդները:

Աղվան Վարդանյանի խոսքերով՝ «Կարող է ամռան ընթացքում ինչ-որ մեկն ուզում է գույք նվիրաբերել ինչ-որ կուսակցության»: Ըստ նրա, որեւէ խնդիր չկա, երբ ուզում են արագ ռեժիմով քննարկել: Կուսակցությունները նաեւ մարզերում, ունեն ձեռք բերված գույք, որը տնօրինում են տարիներով, բայց իրավական առումով չեն կարողանում դրանք սեփականաշնորհել:

Բացատրությունները Ալեքսանդր Արզումանյանին չհամոզեցին:

Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հիշեց ժողովրդական խոսքը՝ «ամեն ինչ լավ է, բայց ուզում եմ հասկանամ ` որտե՞ղ են ուզում մեզ «քցեն»:

Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ որեւէ մեկին «քցելու», խաբելու խնդիր նախագիծը չի հետապնդում, պարզապես ամառային արձակուրդների խնդիրը կա. «Այս փոփոխությունների կարևորությունը նրանում է, որ սա հնարավորություն է, որ կուսակցություններն ի վերջո օրինականացնեն իրենց կողմից տնօրինվող գույքը»:

ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանի դիտարկմամբ՝ պետք է փոփոխության ենթարկվի կուսակցական ամբողջ համակարգը, իսկ այսպես հատվածական մոտեցումներին դեմ են:

Ալեքսանդր Արզումանյանը հարցրեց. «Երկու տարի է ՀԿ-ների մասին օրենքը չենք կարողանում բերել ավարտին, իսկ սա ինչո՞ւ պետք է շտապենք: Որովհետև կա մի կուսակցություն, որ ուզում է գույքը սեփականաշնորհի՞»:

Նախագծի հեղինակները հորդորեցին ամեն ինչին սեւ ակնոցներով չնայել: Ի վերջո նախագիծը ստացավ բացասական եզրակացություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930