Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը պաշտպանեց փոխնախարարին

Հունիս 09,2015 14:38

Aravot.am-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ արդյոք ԿԳ նախարարությունը համաձայնություն տվե՞լ է «Գազպրոմ» ընկերության կողմից Հայաստանում ռուսական դպրոցի բացմանը: Նման հարցադրում ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանին Ազգային ժողովում արել էր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, իսկ Կարինե Հարությունյանը խոստացել էր ճշտել եւ ասել: Նախարարի հետ մեր զրույցը ներկայացնում ենք առանց խմբագրման:

– Արդյոք ԿԳ նախարարությունը համաձայնություն տվե՞լ է «Գազպրոմ» ընկերության կողմից Հայաստանում ռուսական դպրոցի բացմանը:

– Զարմանալի է ինձ, քանի՞ անգամ ենք սեմինարների գնացել ու այդ հարցի մասին խոսել: Լիցենզավորման գործընթացներից մի քիչ տեղյակ մարդը, էլ չեմ ասում՝ Ազգային ժողովի պատգամավորը պետք է երկու գործընթաց իրարից տարանջատի՝ դպրոցը որպես շենք եւ դպրոցը որպես իրավական համապատասխան հիմք ունեցող կրթական ծառայություն մատուցող հաստատություն:

Դպրոցը որպես շենք դեռ չկա, կա ընդամենը քաղաքապետարանի որոշումը՝ «Գազպրոմին» տարածք տրամադրելու մասին, որտեղ «Գազպրոմը» հսկայական ներդրում պետք է կատարի, դպրոցական համալիր սարքի: Երբ այդ շենքը լինի, դասախոսական կամ աշակերտական, ուսուցչական, տեխնիկական, գրադարանային, լաբորատոր եւ այլ համակազմերը համալրվեն, նոր կդիմեն լիցենզիայի համար:

Հետեւաբար չի կարելի լիցենզավորել հողակտորը, ակնհայտ էր, որ այն լիցենզավորված չէ, որովհետեւ դեռ գոյություն չունի, երբ կպատրաստվի, կդիմեն լիցենզիայի համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, մասնավորապես Լեզվի, Կրթության եւ Լիցենզավորման մասին օրենքներով կտրվի լիցենցիա:

– Ասում եք՝ լիցենզավորման գործընթացներից մի քիչ տեղյակ մարդը պետք է իմանար դա, բայց փոխնախարարը չգիտեր…

-Փոխնախարարը անպայման չի իմանա՝ «Գազպրոմին» քաղաքապետարանը տվե՞լ է տարածք, թե՞ չի տվել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930