Լրահոս
Օրվա լրահոսը

«Թոքմաջյանի օրոք Պոլիտեխնիկում լուրջ դրական տեղաշարժ ենք ունեցել»

Հունիս 13,2015 12:30

Հայաստանի գիտության պետական կոմիտեի
նախագահ Սամվել Հարությունյանի դիտարկումները

«Առավոտը» Հայաստանի գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տված գիտական, ինովացիոն արդյունքները, դրանք իսկապես ռեա՞լ արդյունքներ են:

«Պոլիտեխնիկն իր գիտական պոտենցիալով, արդյունքներով ու ամեն ինչով Երեւանի պետական համալսարանից հետո երկրորդ բուհը կարելի է համարել: Գիտության պետական կոմիտեն միշտ կարեւոր նշանակություն է տվել Պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցությանը: Եթե դիտարկելու լինենք մեր երկրում գիտության ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների ծավալները, ապա կտեսնենք, որ բուհերի մեջ Պոլիտեխնիկը ԵՊՀ-ից հետո տպավորիչ արդյունքներ է ցույց տալիս: Այնտեղ գիտական ենթակառուցվածքների պահպանման եւ զարգացման ծրագրերի շրջանակներում իրականացվում են հետաքրքիր ուսումնասիրություններ, վերջին 2-3 տարիների ընթացքում էապես ավելացել է նաեւ թեմատիկ եւ համաֆինանսավորումով իրականացվող միջազգային ծրագրերի թիվը:

Այնպես որ, որպես Գիտության պետական կոմիտեի նախագահ, Պոլիտեխնիկի հետ համագործակցությունից գոհ եմ ու կարծում եմ, որ այդ համագործակցությունը պետք է շարունակել: Ի դեպ, բավականին ակտիվացել են Պոլիտեխնիկի մասնաճյուղերը՝ ե՛ւ նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի, եւ այսօրվա ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի օրոք: Գրանտներ շահողների թիվը, մասնավորապես՝ Գյումրիի մասնաճյուղում, նկատելիորեն աճել է: Հիմա էլ նոր մրցույթ ենք հայտարարում՝ համայնքների համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում, որն իրականացրել ենք նաեւ Արցախի հետ, իսկ այս տարի առաջին անգամ անելու ենք Գյումրիում; Ես վստահ եմ, որ հատկապես ակտիվ մասնակցություն է ցուցաբերելու Պոլիտեխնիկը, որովհետեւ գիտական որակյալ կադրերի տեսանկյունից իրենք Գյումրիում եւս ավելի շահեկան վիճակում են, քան, ասենք, այլ բուհերը: Պոլիտեխնիկի հետ մեծ հույսեր ենք կապում նաեւ ապագայում երկակի նշանակության ծրագրերի իրականացման ոլորտում, հատկապես պաշտպանական խնդիրների ուղղությամբ»,- ասաց պարոն Հարությունյանը:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Հովհաննես Թոքմաջյանի աշխատանքին՝ ՀՊՃՀ-ում ռեկտոր եղած ժամանակ եւ Պոլիտեխնիկում աշխատած շրջանում:
«Բոլորը շատ լավ գիտեն, որ Թոքմաջյանն իմ ընկերն է եւ իմ կարծիքը նրա մասին հանրության կողմից հնարավոր է ընկալվել որպես կողմնակալ կարծիք, սակայն հաշվի առնելով իմ զբաղեցրած պաշտոնը՝ ես պարտավոր եմ հնարավորինս օբյեկտիվ գնահատականներ տալ նրա գործունեությանը: Կարծում եմ՝ Ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտորի պաշտոնում հաջողված գործունեությունն էր հիմնական պատճառը, որ Հովհաննես Թոքմաջյանին առաջարկվեց Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնը: Մի բան էլ ասեմ, չնայած իմ եւ Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի անձնական ոչ այնքան ջերմ հարաբերություններին, պետք է խոստովանեմ, որ եւ Ավետիսյան Արայի, եւ Թոքմաջյանի օրոք Պոլիտեխնիկում գիտության կազմակերպման ասպարեզում լուրջ դրական տեղաշարժ ենք ունեցել: Տպագրված հոդվածների եւ քանակական, եւ որակական աճ կա: Էական դրական տեղաշարժ կա ինովացիոն գործունեության ոլորտում, ունենք նաեւ դրամաշնորհների քանակի զգալի աճ, ավելացել է երիտասարդական դրամաշնորհային ծրագրերի թիվը», – պատասխանեց գիտպետկոմի նախագահը:

Հարցրինք, թե ինչու ինքը ներգրավված չէ ոչ ԵՊՀ-ի, ոչ ՀՊՃՀ-ի, ոչ էլ Պոլիտեխնիկի գիտխորհրդում: «Նախ ես ինձ չեմ կարող նշանակել որեւէ խորհրդի անդամ, բացի այդ, մի քանի տեղ արդեն հոգաբարձուների խորհրդի անդամ եմ, օրինակ, Քենդլի հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ, Մատենադարանի եւ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ եմ: Մի խոսքով, ըստ երեւույթին, իմ աշխատանքի ծավալով պայմանավորված, նպատակահարմար չեն գտել»,- հայտնեց Սամվել Հարությունյանը:

Խոսելով վերջին շրջանում Պոլիտեխնիկի շուրջ ծագած կրքերի մասին, մեր զրուցակիցը նշեց, որ 15 տարի է՝ ճանաչում է Հովհաննես Թոքմաջյանին եւ չի կարող նրա մասին վատ արտահայտվել, ինչ վերաբերում է Պոլիտեխնիկին, պարոն Հարությունյանի ձեւակերպմամբ, կառավարման տեսանկյունից այն ավելի բարդ հաստատություն է, քան նույնիսկ ԵՊՀ-ն. «Պոլիտեխնիկում բավականին լուրջ թիվ են կազմում ընդգծված անհատականությունները: Որպեսզի գրավես գործընկերներիդ վստահությունը, լավ գիտնական եւ դասախոս լինելուց բացի, պարտավոր ես լինել նաեւ լավ հոգեբան եւ լավ մենեջեր: Այսինքն՝ հիմնարկի ղեկավարը յուրաքանչյուր անհատականության նկատմամբ պետք է ունենա խիստ տարբերակված վերաբերմունք:

Ճարտարապետաշինարարականում աշխատելու ժամանակ ես բազմիցս տեսել եմ, թե համալսարանի գործընկերները ինչպիսի հարգալից վերաբերմունք ունեն իրենց ղեկավարի նկատմամբ: Պոլիտեխնիկը իր չափերով, ծավալներով, ուսանողների թվաքանակով մի քանի անգամ գերազանցում է Ճարտարապետաշինարարականը, եւ, բնականաբար, կառավարման մեթոդները պետք է ինչ-որ չափով տարբերվեն: Ի դեպ, Թոքմաջյանի նշանակվելուց հետո Պոլիտեխնիկում եւս մի քանի անգամ եղել եմ: Նրա նկատմամբ բացասական վերաբերմունք կոլեգաների կողմից չեմ նկատել, իմ տպավորությունն այնպիսին էր, որ կոլեկտիվը նորմալ է ընկալում նրան: Դժվարանում եմ ասել, թե այս աժիոտաժն ինչու առաջացավ, եւ որտեղ են թաքնված արմատները: Մի բանում, սակայն, վստահ եմ՝ ինչ-որ եղավ Ֆեյսբուքում, դա Հովհաննես Թոքմաջյանի ոճը չէ, ես իրեն շատ լավ գիտեմ, նա չէր կարող նախարարի հասցեին նման բաներ ասել, ես նրանից միշտ դրական եմ լսել Աշոտյանի մասին, որ նա բանիմաց, հմուտ ղեկավար է: Հակված եմ մտածել, որ սա ինչ-որ մեկին ձեռնտու էր եւ սարքվել է: Նույնիսկ իր ամենամոտ մարդու ներկայությամբ Հովհաննես Թոքմաջյանը որեւէ մեկի հասցեին թթու խոսք չի ասում: Նա շատ հավասարակշռված մարդ է, դրա համար չեմ հավատում այդ ամենին»,- նշեց գիտպետկոմի նախագահը:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ պարբերականությամբ են գիտպետկոմի հաշվետվություններ ներկայացնում, արդյոք միայն տարեվերջի՞ն կամ ֆինանսական տարվա ավարտի՞ն:

«Տարեկան 4-5 անգամ մամուլի ասուլիս եմ տալիս, տարվա վերջում էլ հաշվետվություն, բայց եթե կարեւոր միջոցառում է եղել, արդյունքներ են գրանցվել, անպայման ասուլիս ենք հրավիրում: Օրինակ, ԱՐԵԱԼ-ի (AREAL-Advanced Research Electron Accelerator Laboratory) գործարկումը իրադարձություն է, դրա մասին պետք է ասել, կա՛մ հունիսի 21-ին Աստանայում միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ նոր համաձայնագիր է ստորագրվելու, կա՛մ, օրինակ, համագործակցելու ենք Աբդուս Սալամի անվան Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի հետ: Դա հզոր կոնսորցիում է, որի կազմում են 40-ից ավելի երկրներ: Այդ մասին, իհարկե, արժի իրազեկել մամուլին»,- համոզված է մեր զրուցակիցը: Սամվել Հարությունյանը փաստում է, որ գիտության վրա ծախսվող գումարների ծավալները բավարար չեն, որովհետեւ պետությունը չունի մեծ գումարներ, բայց միեւնույն ժամանակ մեր երկրում գիտությունը այն եզակի ոլորտներից է, որի բյուջեի չափաբաժինները օրենքով են ամրագրված եւ այն ենթակա չէ կամայական մեկնաբանությունների: Գիտպետկոմի նախագահը հավելում է, որ ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ Տիգրան Սարգսյանի, ե՛ւ Հովիկ Աբրահամյանի կառավարությունների օրոք գիտության հետ կապված բոլոր հարցերում կառավարության կողմից եղել է հստակ ըմբռնում եւ սատարում: Հարությունյանը նշում է, որ Խորհրդային միության ժամանակ Հայաստանում տարեկան միայն գիտության վրա շուրջ 400-600 մլն դոլար գումար էր ծախսվում, այսօր այդ թիվը դրամաշնորհներով հանդերձ կազմում է ավելի պակաս, քան 40 մլն դոլարը:

Պատահական չէ, որ գումարների կրճատումն ու մասնագետների արտահոսքը իրենց բացասական հետեւանքները թողել են գիտական ուսումնասիրությունների եւ քանակական, եւ որակական բնութագրիչների վրա: Գիտպետկոմի նախագահի խոսքով, ըստ համեմատական վերլուծությունների, այնուամենայնիվ, Պոլիտեխնիկը իր գիտական արդյունքներով ՀՀ բուհերի մեջ ԵՊՀ-ից հետո շարունակում է լինել երկրորդը: Սամվել Հարությունյանը մաղթում է, որ Պոլիտեխնիկում հաղթի այն թեկնածուն, ում հենց Պոլիտեխնիկը կընտրի ու կնախընտրի:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930