Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. Մինսկի խմբի շնորհիվ ենք պահպանում հարաբերական խաղաղության վիճակը

Հունիս 18,2015 17:05 Share

«Որքան էլ մենք խոսենք Մինսկի խմբի գործունեության մասին, պետք է փաստենք, որ այս տարիների ընթացքում՝ հրադադարի պայմանագիրը կնքելուց հետո, Մինսկի խմբի շնորհիվ է, որ պահպանում ենք հարաբերական խաղաղության վիճակը»,-հունիսի 18-ին 89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում ասաց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա հավելեց, որ Ադրբեջան-ԼՂՀ շփման գծում մերթընդմերթ լինում են հրադադարի խախտումներ, որոնք լինում են ե՛ւ դիպուկահարների, ե՛ւ անկանոն կրակոցների տեսքով: Սեյրան Օհանյանը նկատեց, որ հրադադարի խախտումը պարբերական բնույթ է կրել 2014-2015 թվականների ընթացքում: Նախարարը հավելեց, որ վերջին շրջանում լարվածությունը պակասել է, դա նախարարը կապում է Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերի հետ. «Գործընթացը Մինսկի խմբի ձեւաչափով պետք է շարունակվի եւ կառուցողական ընթացք ստանա խաղաղ երկխոսության վստահության մթնոլորտի ձեւավորման համար նոր մեխանիզմների ընդունման շրջանակներում՝ հաշվի առնելով միջազգային նորմերը: Ակնհայտ է, որ միջազգային նորմերը գերակայում են»:

ՊՆ նախարարը համարում է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների գործունեությունն է, որ հնարավորություն է տվել ստեղծել Արցախի ժողովրդի խաղաղ արարմանը, հակառակ դեպքում՝ Նախիջեւանի նման Արցախը եւս հայաթափված կլիներ:

«Այսօրվա ձեւաչափի մասնակից համանախագահ երկրները համաչափ հարաբերություններ ունեն թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ: Պետք չէ, որ համանախագահներ լինեն երկրներից, որոնք կողմնակալ մոտեցումներ կցուցաբերեն»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել