Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանի ելույթը` Ռոուզ-Ռոթ սեմինարում

Հունիս 18,2015 18:40

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի զեկույցը` Երևանում անցկացվող «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տևական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով Ռոուզ-Ռոթ սեմինարի ընթացքում

Թեմա: «Հայաստանի համագործակցությունը եվրատլանտյան համայնքի հետ անվտանգության և պաշտպանության շրջանակներում»

Հարգելի պարոն Ազգային Ժողովի Նախագահ,

Պարոն նախագահող,

Տիկնայք և պարոնայք

Ողջունում եմ Ռոուզ-Ռոթ սեմինարի բոլոր մասնակիցներին և շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Ազգային Ժողովին այս միջոցառումը հյուրընկալելու համար:

Հարավային Կովկասում և նրա հարևանությամբ ձևավորված անկայուն և անկանխատեսելի անվտանգային սպառնալիքներով լի ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում մեծապես կարևորում եմ ինչպես համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, տարբեր ձևաչափերով և մակարդակներում, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների շուրջ բաց և թափանցիկ մթնոլորտում մտքերի փոխանակման, դիրքորոշումների և մոտեցումների ներկայացման հնարավորությունը, որն ընձեռում է Ռոուզ-Ռոթ սեմինարի ձևաչափը: Կարծում եմ` այս սեմինարի ընթացքում ի հայտ կգան տարածաշրջանի խնդիրների կարգավորմանը միտված նոր մտքեր և գաղափարներ՝ հանուն Հարավային Կովկասում անշրջելի խաղաղության, անվտանգության և կայունության հաստատման:

Իմ զեկույցի ընթացքում նախ կներկայացնեմ Հարավային Կովկասում և նրա շուրջ տիրող անվտանգային վիճակը` պաշտպանական գերատեսչության տեսակետից, Եվրատլանտյան համայնքի, մասնավորապես ՆԱՏՕ-ի հետ համագործակցության դերը մեր անվտանգության համակարգում, համագործակցության նպատակները, փոքր անդրադարձ կատարելով համագործակցության գործնական ընթացքին և ակնկալիքները` թե ինչ դեր կարող է խաղալ Եվրատլանտյան համայնքը տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում:

Նախ և առաջ պետք է նշել, որ Հարավային Կովկասում անվտանգությունը չի կարելի դիտարկել միջազգային զարգացումներից  մեկուսացված կերպով: Ընդհակառակը, մեր տարածաշրջանը, որը գտնվում է համաշխարհային ուժային կենտրոնների շահերի եթե ոչ բախման, ապա առնվազն բեկման տիրույթում, այդ շահերի հակասություններից բխող սպառնալիքների ու մարտահրավերների ներգործության անմիջական կրողն է:

Աշխարհագրական տեսանկյունից այս փոքր տարածաշրջանը արևմուտքից փաստացի սահմանակցում է ՆԱՏՕ-ին, որի սահմանը ներկայացնող Թուրքիան ծայրահեղ տարբեր հարաբերություններ ունի Հարավային Կովկասը ներկայացնող երկրների հետ, իսկ վերջին ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Թուրքիայում ստեղծվում է նոր իրողություն, պարտադիր չէ տարածաշրջանային անվտանգության համար բացասական միտումներով, թեև ցանկացած փոփոխություն կարող է հանգեցնել որոշակի անկայունությանը, ինչը վտանգավոր է, հարավից` Իրանին, որի շուրջ տեղի ունեցող զարգացումները մեկ սպառնում են սրել անվտանգային վիճակը, մեկ հանդարտվում են, Արևելքում Կասպից ծովի ավազանն է` դեռևս չկարգավորված կարգավիճակով, իսկ հյուսիսում Ռուսաստանն է, որը Հարավային Կովկասի սահմանին ունի իր սեփական խնդիրները:

Եթե մինչև վերջին ժամանակներս Հարավային Կովկասի անվտանգության հիմնական սպառնալիք էին հանդիսանում ժառանգություն մնացած չլուծված համակարտությունները, ապա այժմ տարածաշրջանի անվտանգությանը առավել իրատեսական սպառնում են թեկուզ միայն տարածաշրջանում անվտանգության համակարգի ստեղծման շուրջ տարածաշրջանի երկրների տարակարծիք մոտեցումները: Տարածաշրջանի երկրները տարբեր մոտեցումներ ունեն հավաքական անվտանգության համակարգերի, էներգետիկ և տնտեսական անվտանգության հարցերի շուրջ: Եվ ամենավտանգավորն այն է, որ այդ մոտեցումները հաճախ փոխլրացնող լինելու փոխարեն միմյանց դեմ են ուղղված: Անվտանգային համակարգերի շուրջ մոտեցումների ներդաշնակումը չի հաջողվում,  քանի որ որոշ առումներով չեն համընկնում նաև համաշխարհային ուժային կենտրոնների և տարածաշրջանում շահեր ունեցող մյուս երկրների շահերը:

Բացի ավանդական կամ այսպես կոչված համաչափ սպառնալիքներից կայծակնային արագությամբ ավելի սուր բնույթ են ստանում այնպիսի անհամաչափ սպառնալիքներ, ինչպիսիք են անդրազգային ահաբեկչությունը և ծայրահեղականությունը, ինչն արդեն «թակում է Հարավային Կովկասի դուռը»:

Այսպես կոչված «Իսլամական Պետությանը» հաջողվեց կարճ ժամանակում ընդլայնել իր վերահսկողության գոտին և շարունակում է տարածվել բոլոր ուղղություններով` ակամայից թիրախի տակ վերցնելով նաև Հարավային Կովկասը, որի հարևաններից առնվազն երկուսը` Թուրքիան և Իրանը այս կամ այն կերպ անմիջականորեն ներքաշված են ԻՊ շուրջ զարգացումներում: Հյուսիսային Իրաքում քրդական ինքնավարության և ԻՊ դեմ համախմբված մյուս քրդական համայնքների ԻՊ դեմ պայքարում ձախողումը այդ սպառնալիքն էլ ավելի կմոտեցնի Հարավային Կովկասի սահմաններին:

Կան հաստատված տվյալներ, որ ԻՊ շարքերում կռվում են մեծ թվով ադրբեջանցի, որոշ քանակությամբ նաև կովկասցի այլ ազգային պատկանելությամբ գրոհայիններ: Ահաբեկչական ուղի անցած այս մարտիկների վերադարձը առաջինը սպառնալու է հենց իրենց երկրներին և հետո ուղղակիորեն Հայաստանին:

Այս իրավիճակում Հայաստանն իր անվտանգային համակարգը կառուցում է բազմավեկտոր ձևաչափով: Հանդիսանալով Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության լիարժեք անդամ` Հայաստանը ակտիվորեն համագործակցում է ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ երկկողմ ձևաչափով և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դիտարկում է իր անվտանգության ապահովման համակարգի անբաժանելի մասը:

Դա վկայում է այն մասին, որ պաշտպանական ոլորտում մեր որդեգրած քաղաքականությունը կառուցվում է համադրությունների հիման վրա` առավելագույնս ապահովելու համար Հայաստանի միջազգային ինտեգրումն ու անվտանգության ապահովումը: Ուստի Հայաստանում և Հայաստանի շահերի տեսանկյունից ՌԴ-ի և ԱՄՆ-ի, ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի, Իրանի և Արևմուտքի շահերը չեն հակադրվում, այլ ընդհակառակը` փոխլրացվում և ամբողջացվում են:

Այդ համագործակցությունը հետապնդում է մի քանի հիմնական նպատակներ, որոնցից կառանձնացնեմ միջազգային անվտանգության ապահովման համայնքի լիարժեք անդամ լինելը, Հայաստանի անվտանգության բնագավառում վարվող քաղաքականության բոլորի համար թափանցիկության ապահովելը, և արտատարածաշրջանային որևէ կողմի դեմ ուղղված լինելու մտավախության բացառումը, արևմտյան առաջավոր փորձի կիրառումը Հայաստանի պաշտպանական համակարգի բարեփոխման գործընթացում:

ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը հիմնականում ծառայեցվում է հենց այդ բարեփոխումների իրականացման և ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցելիության բարձրացման գործողություններին: Վերոնշյալի առարկայնականությունը ընդգծելու նպատակով ցանկանում եմ բերել մի քանի օրինակներ` 2008 թվականից կանոնավոր անցկացվող Հայաստանի Պաշտպանության ռազմավարական գործընթացն անցկացվել է և ներկայումս իրականացվում է ՆԱՏՕ-ի և դրա անդամ հանդիսացող երկրների, մասնավորապես ԱՄՆ և Միացյալ Թագավորության խորհրդատվական աջակցությամբ, ՀՀ ռազմական կրթության ոլորտի բարեփոխումները, ԶՈՒ սերժանտական համակարգի պորֆեսիոնալացումը, բարեվարքության ամրապնդման գործընթացները, ԶՈՒ-ում մարդու իրավունքների  մասին իրազեկումը և կանանց դերի բարձրացումը, նույնպես իրականացվում է ՆԱՏՕ-ի փորձագետների անմիջական մասնակցությամբ:

Հատկանշական է, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ միակ անդամը և ՌԴ ռազմավարական դաշնակիցը, որը 2004 թվականից ակտիվորեն ընդգրկված է ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղության և կայունության ապահովման բոլոր գործողություններին: Այս պահին, երբ շատ երկրներ դուրս են բերում իրենց զորքերը Աֆղանստանից և ՆԱՏՕ-ն պայքարում է նվազագույն անհրաժեշտ զորքերի քանակը ապահովելու համար, Հայաստանը հայտարարում է, իր կողմից որդեգրած «Օլլ ին, ոլ աութ» (բոլորով ներս, բոլորով դուրս) սկզբունքին հավատարիմ մնալու մասին, ինչպես Աֆղանստանում, այնպես էլ Կոսովոյում:

Այս տարիների ընթացքում վստահելի և հավատարիմ գործընկերոջ համբավ ձեռք բերելու և կոալիցիոն միջավայրում գործընկերների լավագույն փորձն ընդօրինակելու ու արդյունավետ կիրառելու արդյունքն է, որ Հայաստանին դարձրել է միջազգային խաղաղության և կայունության ապահովման գործում պահանջված ներդրող: Գիտակցելով, որ միջազգային անվտանգության սպառնալիքները շատ են և չեն սահմանափակվում ՆԱՏՕ-ի գործողություններով` Հայաստանն ակտիվորեն ներգրավվում է նաև ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում` 2014թ. նոյեմբերից Լիբանանում ՅՈՒՆԻՖԻԼ-ի մաս ենք կազմում, պատրաստվում ենք տեղակայվել նաև Աֆրիկյան մայրցամաքում: Ստորաբաժանման կազմով Մալիում հայ խաղաղապահներին տեղակայելու շուրջ բանակցություններին զուգահեռ մեկ ամսվա ընթացքում ՄԱԿ-ի ՄԻՆՈՒՍՄԱ առաքելության շտաբում իր ծառայությունը կսկսի փոխգնդապետ կոչումով մեկ հայ սպա:

Անդրադառնալով տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում, ՆԱՏՕ-ի ակնկալիքներին, պետք է նշեմ, որ ՆԱՏՕ-ն, հանդիսանալով եվրատլանտյան տարածաշրջանում անվտանգության ապահովման երաշխավորը, պետք է հստակ դերակատարում ունենա Հարավային Կովկասը արտատարածաշրջանային սպառնալիքներից զերծ պահելու գործում, ինչպես նաև տարբեր ձևաչափերում  հակամարտությունների լուծման բանակցային գործընթացին աջակցմանը:

Տարածաշրջանի երկրների հանդեպ ՆԱՏՕ-ից ակնկալվում է հավասարակշռված մոտեցում, նամանավանդ հակամարտող կողմերի հանդեպ: Այս խնդիրը առավել արդիական է` հաշվի առնելով ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի կողմնակալ մոտեցումները: ՆԱՏՕ-ն պետք է հավասարաչափ բաց լինի բոլոր գործընկերների համար` հավասարաչափ հնարավորություններ ընձեռելով տարածաշրջանի բոլոր երկրներին, միաժամանակ իրականացնելով այնպիսի նախագծեր, որոնցում երեք երկրները կկարողանան ներգրավվել բազմակող տարածաշրջանային ձևաչափով:

Անկախ Հարավային Կովկասի երկրների հավաքական անվտանգության համակարգերի ընտրություն տարբերություններից` ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում պետք է ուղղված լինի այնպիսի մարտահրավերների դեմ, որոնք ընդհանուր են բոլորի համար: Ավելին, ընդհանուր մարտահրավերների դեմ ՆԱՏՕ-ի հովանու ներքո համախմբումը կարող է մեծ դեր խաղալ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի ամրապնդման գործում:

Հարգելի պատվիրակներ, եզրափակելով զեկուցումս, կրկին հույս եմ տածում, որ առաջիկա օրերին այս ձևաչափով կայանալիք քննարկումները կնպաստեն հարավկովկասյան տարածաշրջանի կայունության և անվտանգության ամրապնդմանը` նոր մոտեցումներ / գաղափարներ ի հայտ բերելով, և տարածաշրջանում կայունության հաստատման հարցում մասնակիցների ավելի իրազեկված պատկերացումների ձևավորմանը: Մաղթում եմ ձեզ արգասաբեր և կառուցողական աշխատանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930