Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. «Էշի» եւ «փալանի» բարդույթը

Հունիս 22,2015 14:30

Ինչո՞ւ են մարդիկ չարորակ ագրեսիա դրսեւորում

Ամենուր՝ առօրյա կյանքում, համացանցում եւ համացանցից դուրս կարելի է նկատել ագրեսիվ վարքի դրսեւորումներ` երբեմն սադիզմի հասնող: Դա երեւի համընդհանուր երեւույթ է, եւ ես չեմ կարող վստահաբար պնդել, թե այն ավելի ինտենսիվ է դարձել վերջին տասնամյակում, պարզապես համացանցն այդ գործընթացին ավելի մոտիկից հետեւելու հնարավորություն է տալիս: Հայաստանում ագրեսիան դրսեւորվում է քաղաքական ընդդիմախոսների, թուրքերի, ռուսների, ամերիկացիների, եվրոպացիների եւ զանազան փոքրամասնությունների դեմ: Հավանաբար, այդ ցանկն էլ տարբեր երկրներում առանձնապես չի տարբերվում:

Ագրեսիան, ըստ հոգեբանների, լինում է բարորակ եւ չարորակ: Առաջինը հատուկ է բոլոր կենդանի արարածներին եւ, եթե կարճ ձեւակերպենք, իրենից ներկայացնում է պաշտպանական ռեակցիա` իրական մարտահրավերների դեպքում: Բայց ոչ մի կենդանու մտքով չի անցնի ֆիզիկական կամ հոգեկան տառապանք պատճառել դիմացինին առանց որեւէ ռացիոնալ հիմքի, պարզապես հաճույք ստանալու համար: Ահա սա է չարորակ ագրեսիան, որը մենք հանդիպում ենք համաշխարհային մասշտաբով, ինչպես նաեւ ազգային-պետական շրջանակներում՝ ընդհուպ մինչեւ աշխատավայրն ու ընտանիքը:

Գերմանացի հոգեբան Էրիխ Ֆրոմը ագրեսիայի արմատները տեսնում է այն երկընտրանքի մեջ, որի առաջ կանգնում է ցանկացած մարդ՝ մոր արգանդից դուրս գալուց հետո: Նա ունի երկու ճանապարհ՝ կամ ընտրել ազատ, ստեղծագործ անհատի ուղին, որի ընթացքում զարգանում է նրա բանականությունը եւ սիրելու ունակությունը, կամ հակառակը՝ փորձել վերադառնալ հարմարավետ մի վայր, ինչ-որ մի բանի կամ մեկի հետ սիմբիոզի, սերտաճման մեջ մտնել: Իսկ սիմբիոզի դեպքում ընտրությունն այնքան էլ մեծ չէ՝ կամ իշխել, կամ ենթարկվել: Կամ էլ շնչավոր առարկաների մի մասի նկատմամբ իշխել, իսկ մյուսին՝ ենթարկվել: «Իշխել-ենթարկվելու» այդ մոդելի ծայրահեղացված դրսեւորումներն են սադիզմն ու մազոխիզմը:

Իրականում մերձավորներիդ եւ, առավել եւս, հեռավորներիդ սիրելը «ռիսկային է»՝ կարող է դիտվել որպես թուլության նշան, կարող ես հասկացված չլինել, քո զգացմունքները կարող են փոխադարձ չլինել եւ այլն: Ագրեսիա դրսեւորելն ավելի անվտանգ է. ինձ «ապահովագրելու» համար՝ արի ես վատ խոսեմ, վատ մտածեմ այս կամ այն մարդու մասին, փնտրեմ նրա թերությունները, դատապարտեմ, խարազանեմ եւ այլն: Ես լինեմ, ժողովրդական լեզվով ասած՝ կամ էշ, կամ փալան: Իշխելու դեպքում արհամարհեմ, իմ հայեցողությամբ պատժեմ՝ ում որ ցանկանում եմ, ենթարկվելու դեպքում՝ տանջվեմ ու բողոքեմ: Երկրորդ պարագայում էլ «մուռը հանելու» բազմաթիվ տարբերակներ կան՝ շներ, կատուներ, երեխաներ, ծնողներ, ամուսիններ՝ նրանք, ովքեր «իմ ձեռքի տակ» են: Համացանցն այդ առումով իդեալական վայր է՝ պատասխանատվությունը՝ զրո, խարազանելու, դատափետելու, վիրավորելու հնարավորությունները՝ անսահմանափակ: Մարդկանց հոգեկան արատները, թերարժեքության բարդույթներն այստեղ լավագույնս են դրսեւորվում: Ահա թե ինչու է ինձ թվում, որ համացանցի միջոցով կարելի է չափել հասարակության ագրեսիայի մակարդակը:

Սադիզմի եւ, համապատասխանաբար, մազոխիզմի համար լայն հնարավորություն է ստեղծում բյուրոկրատական համակարգը: Եթե պաշտոնյան նույնիսկ կաշառակեր չի (ինչը, համաձայնեք, Հայաստանում հաճախ չի պատահում), նա, ամենայն հավանականությամբ, հակված է քաղաքացուն «ոչ» ասելու, 20 անգամ տանել-բերելու՝ պարզապես այն պատճառով, որ նա փոքր կամ մեծ իշխանություն ունի եւ ինքնահաստատվում է դրա միջոցով: Նույն ծուղակն են ստեղծում այն «գաղափարախոսությունները», որոնք տալիս են բոլոր հարցերի վերջնական պատասխանները: Եթե, օրինակ, մեկընդմիշտ որոշված է, որ այս կամ այն ազգի կամ կրոնի ներկայացուցիչ քո «դարավոր ոսոխն է», ուրեմն այս կողմից դու «պաշտպանված ես» մտավոր ճիգեր գործադրելուց, կարող ես հանգիստ քո ագրեսիան դրսեւորել այդ «անցանկալի» խմբի նկատմամբ:

Ելքը շատ պարզ է՝ հրաժարվել այն պատրանքից, որ քեզ անընդհատ ինչ-որ բան է սպառնում, հրաժարվել որեւէ բան՝ իշխանություն, փող, ճորտեր, հպատակներ ունենալու մոլուցքից եւ կենտրոնանալ որեւէ բան լինելու, այսինքն՝ քեզնից ինչ-որ բան ներկայացնելու վրա: Իհարկե, այդ ելքը միայն առաջին հայացքից է պարզ թվում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930