Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխիայի արտգործնախարարը` Հայոց ցեղասպանության մասին. «Պատմության ուսուցման մաս պիտի կազմի այդ պատմական իրողությունը»

Հունիս 25,2015 14:11

Լյուբոմիր Զաորալեկը Չեխիայի արտգործնախարարի պաշտոնում առաջին անգամն է լինում Հայաստանում: Բայց մինչ այդ նա քանիցս առիթներ ունեցել է մեր երկրում լինել եւ, ինչպես ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց, նա հասցրել է արդյունավետ ներդրում ունենալ հայ-չեխական կապերի ամրապնդման գործում: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկն այսօր ԱԳՆ-ում համատեղ մամուլի ասուլիսով հանդես եկան: Ավելի ուշ, նրանք կմասնակցեն նաեւ ՀՀ-ում Չեխիայի դեսպանատան պաշտոնական բացման արարողությանը: Մինչ ասուլիսը պաշտոնյաները քննարկել էին երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերվող հարցեր`քաղաքական երկխոսությանը, տնտեսական համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի էլ ավելի սերտացմանը վերաբերվող: Պաշտոնյաները երկկողմ հարաբերությունների շուրջ քննարկումը կշարունակեն համատեղ ճաշի ընթացքում եւս:

Բանախոսները հայ-չեխական կապերի ամրապնդման հարցում կարեւորեցին դեռ անցած տարի ՀՀ նախագահի առաջին պետական այցը Պրագա, ապա, վերջերս ՀՀ վարչապետի այցը: «Հայաստանը շատ լավ բարեկամ է եւ լավ գործընկեր: Ուրախ եմ, որ մեր հարաբերությունները վերջին տարիներին ինտենսիվորեն զարգանում են: Ուրախ եմ, որ հիմա շփումներ են ընթանում շատ բարձր մակարդակով: Չեխիայի նախագահի եւ վարչապետի ակնկալվող այցերը Հայաստան լրացուցիչ խթան կհանդիսանան մեր կապերի ամրապնդման համար»,- ասաց չեխ պաշտոնյան`հավելելով, որ մեծ ներուժ է տեսնում ճանապարհաշինության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության առումով, տեղյակ է, որ Չեխիայում շատ գործարարներ կան, որ պատրաստ են ինչ- որ գործ սկսել Հայաստանում:

«Մեր հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում»,- սա էլ Էդվարդ Նալբանդյանի գնահատականն է:

Չեխ պաշտոնյան ասաց նաեւ. «Ուրախ ենք, որ պաշտոնական Երեւանը կողմ է ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը`չնայած ԵԱՏՄ-ին անդամակցությունը»: Նա ողջունում է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը, հույս ունի, որ դա մեծ հեռանկարներ կբացի երկկողմ հարաբերությունների առումով:

«Ռիգայի գագաթաժողովի արդյունքները շատ դրական տեղաշարժ ապահովեցին նոր մոտեցման շնորհիվ»,- ասաց Չեխիայի արտգործնախարարը`նկատելով, որ գագաթաժողովի փաստաթուղթը հնարավորություններ է ստեղծում Չեխիային եւ Հայաստանին երկարաժամկետ համագործակցության առումով: Նա ուրախ է, որ Հայաստանում էլ համանման մոտեցում կա:

Խոսելով արդեն Հայոց ցեղասպանության մասին, չեխ պաշտոնյան ասաց. «Պատմության ուսուցման մաս պիտի կազմի այդ պատմական իրողությունը, այն չպետք է մեր մտքում պահենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930