Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայկական եւ Ֆրանսիական արխիվը զետեղվել է armeniens-14-18.fr կայքում

Հունիս 29,2015 14:11

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, այսօր՝ հունիսի 29-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացավ «Հայաստանը և հայերը Առաջին համաշխարհային պատերազմում» վիրտուալ թանգարանի  շնորհանդեսը: Մասնավորապես, ներկայացվեցին Ցեղասպանությանը նվիրված ցուցասրահները:

 

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպատիեն նշեց, որ շատ ուրախ է վիրտուալ ցուցահանդեսի շնորհանդեսի առիթով. «Կայքը հայ-ֆրանսիական համատեղ ավանդի ներդրում է՝ այս տարին նշանավորած պատմական իրադարձության՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում»: Դեսպանը հայտնեց, որ կայքը այն ծրագրերից մեկն է, որ ծնվել է հայ-ֆրանսիական համաձայնագրի շրջանակներում, որ ստորագրվել է Ֆրանսիայի նախագահի Հայաստան այցելության ժամանակ: Նրա ձեւակերպմամբ, վիրտուալ թանգարանը Ֆրանսիայի ԱԳՆ պետական պահոցների ու արխիվների եւ ՀՀ պետական արխիվի համագործակցության արդյունք է: Ծրագրի ֆրանսիական կողմի ղեկավարն է Ֆրանսիայում ճանաչված պատմաբան Կլեր Մուրադյանը:

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ անցյալ տարի սկսել են մի ծրագիր, որի նպատակն էր ներկայացնել հայ-ֆրանսիական կապերը քսաներորդ դարասկզբին: Օգտագործվել են բացառիկ փաստաթղթեր: Բացի ցեղասպանությանը վերաբերող նյութերից, կայքում փաստաթղթեր կան Առաջին համաշխարհային պարտերազմի տարիներին Ֆրանսիական բանակի կազմում կռվող հայկական լեգեոնի՝ Արեւելյան լեգիոնի մասին, որը, Ամատունի Վիրաբյանի ձեւակերպմամբ, աչքի ընկավ Միջին Արեւելքում, մասնավորապես Պաղեստինի մարտական գործողությունների ժամանակ: Հավելենք, որ 1918թ. Պաղեստինում՝ Արարատ լեռան շուրջ, տեղի ունեցավ Առաջին Աշխարհամարտի եզրափակիչ և վճռորոշ ճակատամարտերից մեկը՝ Արարայի  ճակատամարտը, որտեղ դաշնակից ուժերի կողքին կռվում էին նաև հայ լեգեոներները: Կայքում զետեղված է 50-ից ավելի փաստաթուղթ, քարտեզներ:

Ամատունի Վիրաբյանը փաստեց, որ 1915-ին Անգլիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը առաջին անգամ հանդես եկան հայտարարությամբ՝ նշելով, որ գործվել է մարդկության դեմ հանցագործություն: ՀՀ ազգային արխիվի տնօրենը հիշեցրեց, որ Ֆրանսիան մեծաթիվ հայերի է ապաստան տվել Եղեռնից հետո:

Ծրագրի Ֆրանսիական կողմը ներկայացնող Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի տնօրեն Կլեր Մուրադյանը հավելեց, որ ամեն տարի ցուցահանդեսի բաժինները կհամալրվեն, արխիվային նյութերի թիվը կաճի, արդյունքում 2018-ին կայքը կամբողջանա: Կայքը եռալեզու կլինի՝ ֆրանսերեն, անգլերեն եւ հայերեն: Տիկին Մուրադյանը ի թիվս այլ նյութերի, խոսեց նաեւ Պողոս Նուբար փաշայի դիվանագիտական փորձերի, Հայաստանի խնդիրը ֆրանսիացի եւ անգլիացի դիվանագետներին ներկայացնող փաստաթղթերի. Փարիզի Խաղաղության վեհաժողովի ժամանակ Ադրբեջանի պահանջների եւ այլնի մասին՚:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930