Լրահոս
Օրվա լրահոսը

«Պերմյակովի փոխարեն թուղթ են հանձնելու հայկական կողմին»

Հուլիս 03,2015 12:19

Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը պնդում է՝ ռուսական կողմը թուղթ է հանձնում հայկական կողմին, ոչ թե սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին:

«Հանձնում են ենթադրյալ հանցագործության նյութերը, այսինքն, թուղթ են տալիս, փոխանակ տան իրական մարդուն, որի հետ հայկական կողմը կարող է կատարել քննչական աշխատանքներ»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ նախօրեին պաշտոնական հայտարարություն էր տարածվել, ըստ որի Ավետիսյանների սպանության գործը հանձնվել է հայկական կողմին: Սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշումը և Հայաստանի համապատասխան ատյանի կողմից հետագա դատաքննությունը, ըստ Հանրապետության նախագահի, անկասկած, արտացոլում է գործընկերության և եղբայրության ոգին և լիովին համապատասխանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի մասին հայ-ռուսական համաձայնագրի դրույթներին:

Արթուր Սաքունցը Պերմյակովի գործը հայկական կողմին հանձնելու մեջ բազմաթիվ անհասկանալի ու մութ հարցեր է տեսնում. «Ենթադրենք այդ քրեական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում քննչական կոմիտեն հարց ձեւակերպեց, որ անհրաժեշտ է հարցաքննել ռուսական ռազմաբազայի նախկին հրամանատարին, որը այլեւս Հայաստանում չէ: Իսկ եթե հարց առաջացավ՝ անհրաժեշտություն կա զինակիցների ու Պերմյակովի հետ առերեսում անցկացնել, հայկական կողմն ունենալո՞ւ է հնարավորություն այդ առերեսումներն անել: Քննչական մարմինը, տուժողի իրավահաջորդները լիարժեք չեն կարող քննչական գործողություններին մասնակցել, եթե հնարավորություն չունեն իրենց օրենսգրքով բոլոր լիազորությունները կատարել»:

Ըստ իրավապաշտպանի, շատ հարցեր կան, որոնց պատասխանը չկա, որովհետեւ այս գործում իրավական ընթացակարգը խախտվել է:

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը հարց ունի՝ ինչու հիմա քրեական գործի հանձնման լուրը տարածվեց. «Երբ մեր երիտասարդները ոտքի են դուրս եկել, սա չկայացած շախմատիստի մանյո՞վր էր, թե տեսեք այս գործը մենք ենք քննելու: Շքանշա՞ն է Պերմյակովի գործը, որ հանձնում են, բա թող մի սինի էլ կապեն, պարեցնելով բերեն Բաղրամյան փողոց: Թե գլխավոր դատախազ Կոստանյանն է ուզում ցույց տալ, որ լավ տղա է՝ իր խոսքի տերը: Տղամարդու խոսքը վաղեմության ժամկետ ունի»:

Արթուր Սաքունցն էլ այն կարծիքին է, Բաղրամյան 26-ից Գեւորգ Կոստանյանի «գլուխը կթռցնեին», եթե ինքնագլուխ համարձակվեր Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու պահանջով դիմել ռուս գործընկերոջը. «Ո՞վ է ՀՀ գլխավոր դատախազը, որ համարձակվի ՌԴ դատախազին գրավոր պահանջ ուղարկել, ոգեւորվել էր այդ հանրահավաքի ժամանակ, լուրջ հավատացել, որ անկախ երկրի դատախազ է: Միաժամանակ՝ դա օրենքով նախատեսված էր, եւ ինքը պետք է աներ, ոչ թե քաղաքացիների առջեւ խոստանար, այլ պետք է ասեր՝ չե՞ք ամաչում, դա ես պետք է անեմ, բայց նման ոճով ներկայացնել, թե տղամարդու խոսք եմ տալիս… Չգրված կանոններով անթույլատրելի է ՀՀ օրենսդրությունը կիրառել, եթե դա ՌԴ հարցերի հետ կապված է»:

Մարինա Պողոսյանն էլ անդրադարձավ ոստիկանապետ Վովա Գասպարյանի՝ սթափվելու կոչերին ու ասաց. «Պետք է ոստիկանները սթափվեին ու Գյումրիում կարողանային Պերմյակովին իրենք գտնել, ոչ թե ցույցերի ժամանակ գժուկներին հորդորել սթափվել»:

Թե Պերմյակովի քրեական գործի հանձնումը ինչ է ենթադրում, պարոն Սաքունցն ասաց՝ կարող է ենթադրել, որ պետք է ՀՀ դատարանում գործը քննվի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031