Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում նկարահանում չէր, տաքսու վարորդի կողմից առեւանգումն իրական էր

Հուլիս 10,2015 14:00

Սիրահարված վարորդին Շիրակի մարզի
դատարանը դատապարտել է ազատազրկման

Արթուր Մանուկյանը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման:
Արթուր Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել «մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու միջոցով բացահայտ առեւանգելու համար»՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Մեկ տարի առաջ «ինքնությունը չպարզված անձանց» կողմից Մարիամ Պ.-ն առեւանգվել էր: Եղել էր բռնություն:

Հանցագործության կատարման համար կալանավորվել էր Արթուր Մանուկյանը, իսկ այս տարվա հունվարի 14-ին Գոչա Գոմելաուռիինի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Այս քրեական գործը դեռ գտնվում է դատական փուլում:
Ըստ գործի նյութերի՝ Արթուր Մանուկյանն անցյալ տարվա հունիսի 26-ին Գոչայի հետ «նախնական համաձայնությամբ» անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենայով, քննությանն անծանոթ վարորդի օժանդակությամբ, Գյումրիի Հաղթանակի պողոտայից բացահայտ առեւանգել է Գյումրիի բնակչուհի Մարիամ Պ.-ին: Ավտոմեքենայով մոտեցել էր Մարիամին, որը մենակ չէր, Մարիամ Պ.-ի հետ էր ընկերուհին՝ Սուսաննան:

Դատարանում, ըստ վկաների ցուցմունքների, Արթուրը թիկունքից մոտեցել է Մարիամին, «մի ձեռքով բռնել է ուսից, մյուս ձեռքով բռնել գոտկատեղից, մոտեցրել է մեքենայի հետեւի աջ դռանը»:

Գոչան գտնվել է ավտոմեքենայի հետեւի նստելատեղում, բռնել է Մարիամին եւ քաշել մեքենայի մեջ: Մեքենան շարժվել է անհայտ ուղղությամբ։
Ամբաստանյալ Արթուր Մանուկյանն իրեն մեղավոր չի ճանաչել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, իսկ պատժաչափի հետ կապված դիմել է վերաքննիչ քրեական դատարան՝ բողոքարկելով մարզի դատարանի դատավճիռը:
Ի դեպ, ամբաստանյալը հրաժարվել է ցուցմունք տալ, պնդել է նախաքննական ցուցմունքները: Նա վարել է տաքսի ավտոմեքենա։ Մի անգամ գարնանը թաղամասերից մեկում նկատել է Մարիամին, սիրահարվել է եւ որոշել է ծանոթանալ:
Վարորդը նախաքննության ժամանակ հայտնել էր իր առաջին ծանոթության մասին. մայիսին Գյումրու «Տարտու» առեւտրի սրահի դիմաց սպասել է Մարիամին, հանդիպել նրան, ապա առաջարկել է ծանոթանալ։ Մարիամը մերժել է նրան, պատճառաբանել, թե սովորում է եւ չի ցանկանում ամուսնանալ: Սիրահարված վարորդը հետեւել է նրան, երկու անգամ հանդիպել են, Մարիամին ծաղիկներ եւ փափուկ խաղալիք է նվիրել:
Իր զգացմունքների եւ մտադրությունների մասին Արթուրը հայտնել է նաեւ տատիկին, որն էլ զանգել է Վրաստանի Հանրապետությունում բնակվող իրենց բարեկամուհուն: Տատիկն առաջարկել է միասին գնալ Մարիամենց տուն՝ նրա ձեռքը խնդրելու։
Ըստ գործի նյութերի՝ բարեկամուհին որդու՝ Գոչայի հետ Վրաստանից եկել է Գյումրի։ Ինչպես որ «նախնական համաձայնվել են», նրանք գնացել են Մարիամենց տուն՝ նրա ձեռքը խնդրելու։

Մարիամի ծնողները մերժել են հնարավոր փեսային, ասել, թե իրենց դուստրը դեռ փոքր է, սովորում է։

Արթուրը հետագայում Գյումրու կենտրոնական շուկայի տարածքում հանդիպել է Գոչային։ Նա Գոչային հայտնել է, ցանկանում է Մարիամին ինչ-որ տեղ տանել, որպեսզի զրուցեն ամուսնության հարցերով։ Գոչան ցանկություն է հայտնել մասնակցել այդ ամենին։ Գոչայի հետ միասին գնացել են քոլեջ, սպասել են Մարիամին։ Ըստ Արթուրի՝ երբ Մարիամը դուրս է եկել, նա հետապնդել է աղջկան, զանգել է Գոչային եւ «խնդրել պատահական տաքսիով մոտենալ իրեն»։ «Մեքենան կանգնեցրել է Մարիամի կողքին, իջել է աջ հետեւի դռնից, մոտեցել նրան եւ առաջարկել իր հետ ինչ-որ տեղ գնալ՝ զրուցելու։ Մարիամը մերժել է իր առաջարկը՝ պատճառաբանելով, որ ոչ մի տեղ չի գա։ Ինքը համոզել է Մարիամին, նստեցրել նրան մեքենան, եւ միասին գնացել են Երազգաորս, որտեղ Մարիամին առաջարկել է մեքենայից իջնել եւ շփվել իր հետ, սակայն վերջինս կրկին մերժել է։
Արթուրը զանգել է տատին, ասել կատարվածի մասին: Ահա թե ինչու նա չէր ընդունում առեւանգում մեղադրանքը: Արթուրն ասել է, թե սիրելիի նկատմամբ որեւէ բռնի գործողություն չի կատարել։

Իրավաբանական ձեւակերպմամբ, սակայն, «Ամբաստանյալ՝ Արթուր Մանուկյանի պատճառաբանություններն անհիմն են, նպատակ են հետապնդում քրեական պատժից եւ պատասխանատվությունից խուսափելու, նրան առաջադրված մեղադրանքը հաստատված է համարվում»:

Իսկ տուժող ճանաչված Մարիամ Պ.-ի ցուցմունքով՝ «նշված երիտասարդը» շարունակել է հետապնդել իրեն, եւ ինքը ծնողներից թաքուն հանդիպել է նրա հետ։ Արթուրն իրեն ծաղիկներ եւ փափուկ խաղալիք է նվիրել:

«Դեպքի օրվա» նկարագրությունն ավելի ուշագրավ է:

Ըստ տուժողի՝ «ճանապարհին Արթուրը եւ մի տղա հետեւել են իրենց։ Քայլելով հասել են մինչ Հաղթանակի պողոտայի տարադրամի փոխանակման կետերից մեկը, որտեղ Սուսաննան գումար է փոխանակել։ Այդ պահին սպիտակ գույնի՝ չի հիշում, թե ինչ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենա է կանգնել իր կողքին, հետեւի աջ դռնից իջել է Արթուրը, մոտեցել իրեն։ Առաջարկել է նստել ավտոմեքենան: Ինքը հրաժարվել է: Այդ պահին վերջինս մի ձեռքով բռնել է իր ուսից, մյուս ձեռքով գոտկատեղից եւ իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, տարել մինչեւ մեքենան։

Այդ ընթացքում Սուսաննան քաշել է Արթուրի վերնաշապիկից, որպեսզի վերջինս իրեն բաց թողնի, սակայն ապարդյուն։ Իսկ մեքենայի հետեւի նստելատեղին նստած տղան օգնել է Արթուրին մեքենայի մեջ։ Մեքենան շարժվել է Գյումրու ավտոկայարանի ուղղությամբ։ Մեքենայի շարժման ընթացքում այդ տղան հետեւի նստելատեղից տեղափոխվել, նստել է վարորդի կողքին։ Ճանապարհին անծանոթ վարորդին խնդրել է կանգնեցնել մեքենան, իրեն տուն տանել, սակայն վերջինս ոչինչ չի խոսել եւ շարունակել է վարել մեքենան։ Գնացել են իրեն անծանոթ գյուղ, իրեն անծանոթ տան մոտ կանգ են առել, որտեղ եւ Արթուրը կրկին փորձել է համոզել շփվել, ամուսնանալ իր հետ, սակայն ինքը կրկին մերժել է Արթուրի առաջարկը»։

Տուժողը ոչ մեկի նկատմամբ բողոք, պահանջ չուներ: Սակայն տարօրինակ է, որ սիրահարված վարորդին Շիրակի մարզի դատարանը դատապարտել է ազատազրկման. գուցե հումոր է, ինչ ասես:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031