Լրահոս
Օրվա լրահոսը

Կառուցել նորը, թե՞ վերականգնել հինը. ո՞ւմ է տրված եկեղեցաշինության մենաշնորհը

Հուլիս 13,2015 13:19

Եկեղեցաշինական զարթոնքը Հայ առաքելական եկեղեցու կողմից վերջին տարիներին արժանանում է միայն դրական գնահատականների, գովասանքի խոսքերի ու օրհնանքի, մինչդեռ Գյումրիում Հայ կաթողիկե եկեղեցու կառուցած եկեղեցին, որի բացումը նախատեսված է առաջիկայում, արժանացավ խիստ քննադատությունների ու բացասական վերաբերմունքի:

Վերջին մեկ ամսում Արտաշատում և Երևանում բացվեց նորակառույց երեք Հայ առաքելական եկեղեցի, այս ամսվա մեջ նախատեսվում է Նոր Հաճնում նոր եկեղեցու օծումը, սակայն երբ բարձրաձայնվեց Գյումրիի նորակառույց կաթողիկե եկեղեցու մասին, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը քննադատեց այն՝ կոչ անելով նորը կառուցելու փոխարեն վերանորոգել հինը:

Ստեղծված լարվածությունը Հայ առաքելական եկեղեցու և կաթոլիկների միջև, ըստ ոլորտի փորձագետների, պայքար է եկեղեցիների միջև համայնք ձևավորելու համար:

Ajapahyan

Շուրջ մեկ ամիս առաջ Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության եթերում «Եղիցի լույս» հաղորդման շրջանակներում Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հայտարարել էր, որ կաթոլիկ եկեղեցու մոլեռանդ հետեւորդների իրական թիվը Գյումրիում կազմում է ընդամենը 200 հոգի, իսկ առավելագույն թիվը՝ 2000:

«Իրենց պատմական եկեղեցին վերակառուցելու փոխարեն, կաթոլիկները Գյումրիի կենտրոնում նոր եկեղեցի են կառուցել, որի բացումը տեղի կունենա շուտով: Հակառակ մեր կամքին եւ նաեւ պետության թողտվությամբ կառուցեցին նոր եկեղեցին և հիմա կառուցելուց հետո խոսում են միության մասին: Ես հայտարարել եմ, որ այդ եկեղեցու բացմանը երբեք չեմ մասնակցի: Եթե իրենք 200 հոգու համար եկեղեցի են կառուցում, նույնքան մեծ, որքան Յոթվերքն է, պարզ չէ՞, որ 200 հոգու համար չեն կառուցում, այլ կառուցում են՝ ունենալու համար ավելին: Ոչ մի կաթոլիկ մեր եկեղեցում մերժված չի եղել, վռնդված չի եղել, որպեսզի գնա եւ ասի՝ քանի որ վռնդված եմ, ես իմ եկեղեցին պիտի ունենամ: Ոչ մեկը չի վռնդվել, ինչու՞ համար է կառուցվել այդ եկեղեցին: Նույնը մորմոնը չի՞ անում, նույնը Եհովայի վկան չի՞ անում»,- հայտարարել էր Շիրակի թեմի առաջնորդը հաղորդման ժամանակ:

Stepan-Danielyan

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ խնդիրը կայանում է Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշման մեջ, ըստ որի, այն մարդիկ ովքեր հայ են, Հայ առաքելական եկեղեցու սեփականությունն են:

«Հայ առաքելական եկեղեցին իր բացառիկ իրավունքն է համարում տնօրինել այդ տարածքը, որը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը և ընդհանրապես այնտեղ, որտեղ հայեր են բնակվում, ուրեմն մյուս եկեղեցիների կողմից իրականացվող քայլերը այդ սեփականության նկատմամբ ոտնձգություն են դիտարկում: Կաթոլիկները նաև Երևանի կենտրոնում են ցանկացել եկեղեցի կառուցել, բայց չեն թույլատրել: Նույն Եհովայի վկաներին չեն թույլատրել այսօր Երևանում պաշտամունքի 3 վայր կառուցել ու այդ գործերը այժմ գտնվում են դատարանում: Սրանք կոնֆլիկտներ են եկեղեցիների միջև, որը միշտ եղել է պատմության ընթացքում»,-ասում է Դանիելյանը:

Նա նշում է, որ ավանդական և ոչ ավանդական եկեղեցիները միմյանց հետ միշտ վեճի մեջ են մտել հավատացյալների համար:

Ի պատասխան Հայ առաքելական եկեղեցու՝ Հայ կաթողիկե եկեղեցին պաշտոնապես հայտարարել էր, որ իրենց եկեղեցու և ժողովրդի հանդեպ անհիմն մեղադրանքներ են հնչել, ինչից իրենք խիստ վիրավորվել են:

«Մենք Շիրակի մարզում 13 կաթոլիկ գյուղ ունենք և այդ գյուղերի մեջ նվազագույնը 10 հազարից ավելի մարդ կա, ուստի այդ գյուղերից Գյումրի եկած մարդիկ կլինեն նվազագույնը 10 հազար, ոչ թե 2000: Ազգությունը խառնելով կրոնի հետ ու ասելով, որ հայ ես այն պայմանով, եթե առաքելական ես, շատ սխալ է: Նշանակում է այս շրջանում մեր 13 գյուղերի բնակչությունը թերի՞ հայեր են, կամ ընդհանրապես հա՞յ չեն: Շատ վիրավորական էր մեզ աղանդավորների շարքին դասելը, քանի որ կաթոլիկ նշանակում է ընդհանրական: Հիսուս Քրիստոսը ստեղծել է մեկ ընդհանրական եկեղեցի Պետրոս առաքյալի հիման վրա, որը չի ճանաչում ազգության բաժանությունները»,-ասել է Գյումրու Հայ կաթողիկե եկեղեցու ժողովրդապետ Հայր Պետրոս Վարդապետ Եսայանը:

Նա հավելում է, որ կաթոլիկ լինելով, իրենք չունեն նվազ հայկական ինքնություն և հայ հասարակության, ազգի ու երկրի համար այնքան ներդրում են անում, որքան Հայ Առաքելական եկեղեցին:

«Մենք երբեք հավատացյալ փախցնող չենք եղել: Մենք չենք մտնում ոչ կաթողիկե գյուղեր ու արարողություն անում, մեր սրբազանը չի մտնում ոչ կաթողիկե գյուղեր ու ասում՝ ես ձեր առաջնորդն եմ: Մենք զբաղվում ենք մեր զավակներով և դա մեր իրավունք է, որը ստիպված ենք այսօր պաշտպանվելու, հակառակ դեպքում մենք մեղադրվում ենք և աղանդավորներից էլ ավելի վատ կարգավիճակում հայտնվում»,-նշել է Հայր Պետրոս Վարդապետ Եսայանը:

Ինչ վերաբերում է Գյումրու պատմական կաթողիկե եկեղեցու վերանորոգմանը, ապա կաթոլիկները պարզաբանել են, որ պատմական եկեղեցին վերանորոգելու համար ստիպված պետք է լինեին 26 ընտանիքի այդ տարածքից հեռացնել:

Քանի որ բնակիչները չեն ուզում Գյումրու կենտրոնական թաղամասից տեղափոխվել Մուշ թաղամաս, ապա կաթողիկե եկեղեցին չի կարող նրանց համար տուն ապահովել հենց Գյումրու կենտրոնում:

«Դրա համար կառուցվեց այս նոր եկեղեցին վեհափառ տիրոջ օրհնությամբ, և ես չեմ տեսնում որևէ խնդիր: Կաթողիկե եկեղեցու վարդապետությամբ մենք չենք կարող այլ եկեղեցիներում, այդ թվում Հայ առաքելական եկեղեցում ընդունել սուրբ խորհուրդները, եթե ունենք կաթողիկե եկեղեցու սպասավոր և եկեղեցի: Դրա համար մենք ազատ ենք և կարիք ունենք եկեղեցաշինության: Իսկ այս եկեղեցին կառուցվում է այստեղ, քանի որ կաթողիկե եկեղեցու առաջանորդարանն էլ հիմնված է այստեղ: Եկեղեցին միշտ կառուցվում է առաջնորդարանին կից»,-հայտարարել է Հայր Պետրոս Վարդապետ Եսայանը:

Անդրադառնալով պատմական եկեղեցիները վերականգնելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հորդորին՝ մասնագետները հիշեցնում են Հայ առաքելական եկեղեցիների և պատմական վանքերի կարգավիճակը, որոնց շուրջ պարբերաբար ծագում են քննարկումներ ու նույն հարցը բարձրացվում, թե ինչո՞ւ է տարեկան մի քանի նոր եկեղեցի կառուցվում, եթե պատկական մշակութային արժեք հանդիսացող եկեղեցիները անմխիթար վիճակում են:

Դեռ 2011-ին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ 2006-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն իր և ճարտարապետ Արմեն Հախնազարյանի հետ զրույցում անդրադառնալով Սանահինի վանական համալիրը նորոգելու հորդորին, ասել էր, որ. «Ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գործ չունեմ»:

Մինչդեռ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի մամլո դիվանի պատասխանատու տեր Վահրամ Մելիքյանը նշում է, որ 1999-ից մինչ օրս Հայաստանում կառուցվել, վերականգնվել ու նորոգվել է 250 նոր եկեղեցի ու պատմական վանք:

Այս պատմությունից հետո, իհարկե Սանահինի վանական համալիրը պետական բյուջեի միջոցներով վերանորոգվում է, սակայն դեռ շատ «հին ու սարերում կորած» եկեղեցիներ սպասում են ուշադրության:

Samvel-Karapetyan

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն, որ Հայ առաքելական և Հայ կաթողիկե եկեղեցիների միջև հակասությունները պատմության խորքերից են գալիս:

«Դեռ 17-րդ դարում էջմիածնի վարդապետները պարսից զորաբանակով պաշարել էին Նախիջևանում մոտ մեկ տասնյակ կաթոլիկ գյուղեր և թալանում, հրկիզում էին Հայ կաթողիկե եկեղեցիները: Կաթոլիկները մեր եղբայր դավանակիցներն են, որովհետև քրիստոնյա են, բայց միևնույն է հայոց վարդապետները չէին խորշում հրկիզել կաթողիկե եկեղեցիները Նախիջևանում: Հիմա այդ սրությամբ հակակրանք չկա, բայց ատամները կրճտացնելու վիճակում են, ինչը նկատելի է տարբեր դրվագներից»,-ասում է Կարապետյանը:

Հուշարձանագետը նշում է, որ կաթողիկե եկեղեցին մեծ ներդրում է ունեցել հայ ազգի պատմության մեջ՝ ստեղծելով հայագետների, գրողների ու պատմիչների մի հսկայական բանակ. Միքայել Չամչյան, Ներսես Հակոբի Ակինյան, Ղևոնդ Ալիշան և այլոք:

«Եվ մենք պետք է պարզապես խոնարհվենք կաթողիկե եկեղեցու առջև, նրա ունեցած այդ մեծ ավանդի համար: Ամենակարևորը կաթողիկե եկեղեցին իր փառաբանությամբ տարված չէ, ինչը Հայ առաքելական եկեղեցին է անում «ես»-ի փառաբանությամբ: Կաթողիկե եկեղեցու գաղափարախոսության մեջ ամեն ինչը նպատակամղված է եղել «մենք»-ի հզորացմանը, «միասին»-ի: Ես սա տեսել եմ Ջավախքի Հայ կաթողիկե գյուղերի բնակչության վարքագծի մեջ և հենց նույն տարածքում Հայ առաքելական եկեղեցու հետնորդ գյուղերի բնակչության մեջ: Մի գյուղը ջուր չունի, իսկ մյուսի բնակիչները միասնական ջանքերի շնորհիվ լուծել են ջրի հարցը: Այս իմաստով կաթողիկե եկեղեցին ավելի ապրեցնող է և իր ժողովրդին ուղղորդում է տարբեր աշխատանքների մեջ «միասին» գնալուն»,-նշում է Կարապետյանը:

Կաթոլիկների և Հայ առաքելական եկեղեցու միջև ծագած վեճին անդրադառնալով իրավական տեսանկյունից՝ Ստեփան Դանիելյանը ընդգծում է, որ այս պարագայում պետությունը կաթողիկե եկեղեցու նկատմամբ խտրական վերաբերմունք չի ցուցաբերել և թույլատրել է Գյումրիում կառուցել նոր եկեղեցի:

«Խախտում կլիներ այն դեպքում, եթե պետությունը միջամտեր և արգելեր եկեղեցու կառուցումը, մինչդեռ այս պարագայում իրավունքի խախտում պետության կողմից չկա: Իսկ եթե Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը այդ քայլը քննադատում է, ապա դա իր ազատ խոսքի իրավունքն է և խտրականության, կամ իրավունքի խախտում այստեղ գոյություն չունի»,-նշում է Դանիելյանը:

Լիլիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031