Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Թուրքիան իր հանգստավայրերը գովազդում Խոր վիրապի պատկերով

Օգոստոս 05,2015 13:28

Մինչ մեր երկրի տուրիզմի պատասխանատուները մեր ունեցած հարուստ պատմամշակութային ժառանգությամբ անգամ չեն կարողանում աշխարհին ինչպես հարկն է ներկայանալ եւ զբոսաշրջիկներ ներգրավել, հարեւան Թուրքիան ոչ մի րոպե չի կորցնում եւ անգամ հայկական արժեքների հաշվին է իր երկրի տեսարժան վայրերը գովազդում:

ulisee«Ալ Իտալիա» ավիաընկերության, մասնավորապես՝ Թբիլիսի-Հռոմ-Մադրիդ եւ հետադարձ ուղղությամբ ինքնաթիռներում ուղեւորների համար նախատեսված «Ulisse» ամսագրերի մի քանի էջ, նվիրված է Թուրքիայի տեսարժան վայրերին, հանգստավայրերին: Ամսագրի էջերին ծովափնյա տեսարաններ են, ճարտարապետական նմուշների լուսանկարներ ու բնության պատկերներ: Սակայն որքան էլ զարմանալի է, ամսագրի էջերից մեկին, որը կրում է «Ինքնատիպ Թուրքիա» խորագիրը, Խոր վիրապն է՝ Մեծ Մասիսի ֆոնին: Որ Արարատ լեռը տեղ է գտել լուսանկարում՝ հասկանալի է. լեռը Թուրքիայի տարածքում է՝ անկախ այն բանից, որ Արարատն իր ուղնուծուծով խորհրդանշում է Նոյ Նահապետին, Հայաստանը, հայ ժողովրդին, սակայն լուսանկարում Խոր վիրապ վանքի առկայությունը՝ ոչ մի կերպ բացատրելի չէ: Ընդ որում, ամսագիրն օգտագործել է ոչ թե մի օտարազգի լուսանկարչի գործը, այլ Հարութ Տանիելյան անունով մի հայազգի լուսանկարչի արած լուսանկարը: Այդ մասին տեղեկանում ենք հենց ամսագրի առաջին էջից, որտեղ՝ ներքեւում, ոչ այնքան ընթեռնելի տառատեսակով ու գույնով հեղինակի անվան հղումն է:

Ararat 4 Ararat  4-2 Ararat  4-1Թե Խոր վիրապի լուսանկարն ինչպես է հայտնվել Թուրքիան գովազդող ամսագրի Էջերում կամ ում նախաձեռնությամբ՝ թուրքական կողմի, թե ամսագիրն ինքն է տվյալ երկրի համար կոմերցիոն գովազդ պատրաստել եւ տեղադրել՝ դեռեւս ուսումնասիրության առարկա է: Եթե անգամ ամսագրի նախաձեռնությամբ է գովազդը պատրաստվել եւ տեղադրվել, ապա անհասկանալի է, թե ինչպես է թուրքական կողմի համար այն ընդունելի եղել: Չի բացառվում նաեւ, որ Խոր վիրապի պատկերը հենց կոմերցիոն նպատակով էլ օգտագործվել է. Խոր վիրապը Մասիսի ֆոնին, կարելի է ասել, միջազգայնորեն հայտնի է, ինքը վանքն էլ սովորական եկեղեցի կամ ճարտարապետական հուշարձան չէ, այլ հայոց հանրահայտ ուխտատեղիներից է, որը կապված է Գրիգոր Լուսավորչի անվան եւ քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրի հետ։ Ուստի կարելի է ենթադրել, որ լեռան պատկերը Խոր վիրապով լրացնելու մտահղացումը պատահական չէ, եւ զբոսաշրջիկներին մանիպուլյացիայի ենթարկելու հնարք է: Միայն Արարատ լեռան պատկերը շապիկին դնելով, այն էլ հակառակ կողմից՝ զբոսաշրջիկներին հաստատ չէր գայթակղի, քանի որ Լեռը Թուրքիայի կողմից միանգամայն անհրապույր է, եւ այն տեսարժան վայրը չէ: Ամսագրում Թուրքիայի տեսարժան վայրերի մասին պատմող հոդվածում խոսք է գնում նաեւ Արարատ լեռան մասին, եւ մանիպուլյատորը թեեւ շեշտը դրել է լեռան վրա, որը լուսանկարում էլ խոշոր պլանում է, սակայն Մեծ Մասիսի ֆոնին օգտագործել է նաեւ Խոր վիրապ վանքը:

Եթե ընդունենք, որ գովազդը Թուրքիայի պետական մարմինները կամ մասնավոր ընկերություն է պատրաստել եւ պատրաստի տրամադրել «Ulisse» ամսագրին, ապա, մասնագետների վկայմամբ, ավիաընկերությունը կոպիտ սխալ է թույլ տվել՝ մանիպուլյացիայի միջոցով զբոսաշրջիկներ ներգրավեու գովազդը զետեղելով իր ամսագրի էջերում: «Ulisse»-ն  ավիաընկերության ամսագիրն է, որն արտահայտում է ընկերության քաղաքականությունը, ուստի ավիաընկերությունն էլ պատասխանատու է իր քաղաքականության համար՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է մի ամբողջ երկրի վարկանիշին:

Թե այս պատմությանը ծանոթանալով՝ մեր ո՞ր պետական մարմինն իրեն վիրավորված կզգա եւ հանձն կառնի երկրի հեղինակության համար «կռիվ տալ» եւ «Ulisse»-ից հերքում պահանջել՝ դժվար է ասել, սակայն որ լուսանկարի հեղինակ Հարութ Տանիելյանը, որին գտանք երկար փնտրտուքների արդյունքում, խիստ վիրավորվեց լուրը լսելուն պես՝ ակնհայտ էր: Պարոն Տանիելյանը բժիշկ-մաշկաբան է, բեյրութահայ է, որն արդեն քանի տարի է՝ Հայաստանում է ապրում: Նա նաեւ զբաղվում է լուսանկարչությամբ: «Ulisse»-ում զետեղված լուսանկարը հենց Հարութ Տանիելյանի ձեռքի գործն է, լուսանկարն ուսումնասիրելուց հետո հեղինակը հաստատեց, որ իր արխիվից է: Մեզ հետ զրույցում պարոն Տանիելյանն ասաց, որ այն տեղադրված է եղել www.flickr.com կայքում, եւ որ լուսանկարը վերցնելու եւ օգտագործելու համար պետք է ստանային իր, այսինքն՝ հեղինակի թույլտվությունը, սակայն որեւէ մեկն այդ հարցով նրան չի դիմել:

Հարութ Տանիելյանի խոսքերով՝ հաճախ է պատահել, որ իր արխիվից լուսանկար են խնդրել, սակայն պարոն Տանիելյանը տրամադրելուց առաջ մանրամասն հետաքրքրվել է, թե ինչ նպատակով պետք է օգտագործեն, եւ համաձայնվել է, եթե այն ոչ կոմերցիոն նպատակով են օգտագործել եւ նպաստել են մեր երկրի իմիջին:

«Ես բացարձակ տեղյակ չեմ, որ իմ արած լուսանկարը օգտագործել են, ես թույլտվություն չեմ տվել, բացի այդ՝ իմ թույլտվությունը հարցնող էլ չի եղել»-«Առավոտի» հետ զրույցում ասաց Հարութ Տանիելյանը, որը պատրաստվում է ուսումնասիրել, թե իր հեղինակային լուսանկարն ինչպես է հայտնվել մի ամսագրի շապիկին, որով գովազդվում է Թուրքիայի տեսարժան վայրերը:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

04.08.2015 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31