Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյանն անհեթեթություն է համարում ՄԻԵԴ-ի որոշումը

Օգոստոս 05,2015 11:51

ՄԻԵԴ-ն իր որոշումը կայացրել է նաեւ Վազգեն Մանուկյանի հարցազրույցի հիման վրա

«Եվրադատարանի հանդեպ իմ ամբողջ հարգանքով հանդերձ՝ անհեթեթություն եմ համարում, որ որևէ դատարան, հիմնվելով մամուլի հրապարակումների վրա, վճիռ է կայացնում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց հայտնի քաղաքական գործիչ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Բանն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է իրավասու կողմ, որը պարտավոր է փոխհատուցում տրամադրել տեղահանության հետեւանքով տուժած Չիրագովին և մյուսներին: Չիրագովները դատարանից պահանջում են իրենց կորցրած ունեցվածքի համար Հայաստանից գանձել վնասների փոխհատուցում՝ 7,9 մլն եվրոյի չափով: ՄԻԵԴ-ն իր վճիռը կայացնելիս հիմվել է հրապարակային հայտարարությունների՝ այդ թվում նաև Վազգեն Մանուկյանի`հարցազրույցներից մեկում արված հայտարարության հիման վրա, որոնք հաստատում են, որ Հայաստանը, իր զինվորական ներկայությամբ, նշանակալի ներգրավվածություն ունի ԼՂ հակամարտության մեջ:

Ինչպե՞ս կմեկնաբանեք դատարանի որոշումը` հարցին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հասկանալի է` ինչ է տեղի ունեցել իրականում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնանման հարց քննարկելիս հայ տեղահանվածի՝ Սարգսյանի գործով փոխհատուցման մասին վճիռ է կայացրել հօգուտ Սարգսյանի: Ադրբեջանցի Չիրագովն ու մյուսները, որոնց գործի մասին մենք հիմա խոսում ենք, տեղահանվել են ոչ Հայաստանի տարածքից, սակայն դատարանի կողմից փոխհատուցումը չէր կարող դրվել Ղարաբաղի վրա, քանի որ Ղարաբաղը Եվրադատարանի սուբյեկտ չէ, ուստի դատարանը որոշել է փոխհատուցումը դնել Հայաստանի վրա` պնդելով, որ Հայաստանի մասնակցությունը Ղարաբաղյան ազատագրական պայքարում և Ղարաբաղի նկատմամբ ներկայիս մեծ ազդեցությունը թույլ են տալիս պատասխանատվությունը դնել Հայաստանի վրա: Իսկ այդ եզրակացությունը դատարանն արել է` հիմնվելով, իրենց ասելով, բազմաթիվ վկայությունների, ինչպես նաեւ Հայաստանի կառավարության անդամների հրապարակային հայտարարությունների վրա: Եվրադատարանի հանդեպ իմ ամբողջ հարգանքով հանդերձ՝ անհեթեթություն եմ համարում, որ որևէ դատարան, հիմնվելով մամուլի հրապարակումների վրա, վճիռ է կայացնում: Ի դեպ, որքանով ինձ հայտնի է, դատարանը չի սահմանել փոխհատուցման չափեր` նշելով, որ չափի վերաբերյալ կողմերը համաձայնության պիտի գան բանակցելու միջոցով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31