Լրահոս
Օրվա լրահոսը

Որդեկորույս մայրերին ԱԺ-ում էլ են մերժել

Սեպտեմբեր 09,2015 13:08

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը մեկ օր առաջ ՀՀ ԱԺ-ում հանդիպել են ՀՀ ԱԺ  պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին:

Նշենք, որ ամիսներ առաջ սևազգեստ մայրերը դիմում էին ուղարկել խորհրդարան, որպեսզի իրենց զոհված տղաների գործերը քննելու համար հանձնաժողով ստեղծվի, սակայն խորհրդարանից նրանց մերժել են` պատճառաբանությամբ, թե նման լիազորություն չունեն: Զոհված Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանը, Aravot.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց իրենց հանդիպումից. «Հովհաննես Սահակյանը մեզ հայտնեց, որ նման լիազորություն չունի, պարզ ասած` Կոստանյանի և մյուսների դեմ գնալու լիազորություն չունի: Մեզ ասաց, որ կարող են միջամտել այն հարցերով, որ օրինակ` դիմում ենք գրել, պատասխանը ուշացրել են և այլն»:

Տիկին Իրինան նշեց, որ ԱԺ-ում տեղի ունեցած հանդիպումից հետո հասկացել է, որ եթե ուզեին օգնել, կօգնեին: Նա մանրամասնեց. «Մի պատի դեմ են կանգնած, դրանից այն կողմ անցնել չեն կարող: Ստացվում է, որ անզոր են: Բայց ինչպես ամուսինս այնտեղ ասաց, մեր ձայնն իրենց ենք տվել, ուստի  մեզ պետք է օգտակար լինեն»:

Տիկին Իրինան հավաստիացրեց, որ չի հիասթափվում ու եթե անգամ միայնակ էլ լինի, պայքարելու է տղայի համար:

Ամառային արձակուրդների պատճառով սևազգեստ մայրերը ժամանակավորապես դադարեցրել էին իրենց ակցիաները նախագահի նստավայրի և այլ գերատեսչությունների առաջ: Սակայն Իրինա Ղազարյանը մեզ տեղեկացրեց, որ վերսկսում են: Ուրբաթ օրը հանդիպելու են ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:

Դառնալով Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին իր կողմից ուղղված դիմում-նամակի ճակատագրին` տիկին Իրինան ասաց, որ դեռ ոչ մի պատասխան չի ստացել ու վրդովված նշեց. «Կոստանյանը, եթե պատասխանի էլ, ես գիտեմ, որ կգրի` խնդրում եմ նույն բովանդակությամբ դիմումներ մի ներկայացրեք: Բայց եթե իմ տղային սպանել են 2010-ի դեկտեմբերին, ես պիտի գրեմ, որ 2015-ի՞ն են սպանել, նույն բովանդակությունը ո՞րն է: Չգիտեմ` ինչու ինքը չի ուզում բացահայտել, բայց պիտի բացահայտի, կապ չունի`ոնց է գրելու իմ դիմումների պատասխանը: Իսկ եթե գրի այնպես, ինչպես նկարագրեցի, ապա հաջորդ օրը ևեթ գնալու եմ Սեյրան Օհանյանի մոտ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930