Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալված անձանց պահելու վայրերից հեռացվել են դիտորդական խմբի պաստառները

Սեպտեմբեր 09,2015 14:49

Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը սեպտեմբերի 9-ին կազմակերպել էր բաց քննարկում ՀՀ ոստիկանության կողմից արհեստականորեն ստեղծված խոչընդոտների վերաբերյալ:

Դիտորդական խմբի անդամ, «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի անդամ Հերմինե Հովհաննիսյանը քննարկման ընթացքում ասաց, որ դեռ 2009 թվականին դիտորդական խումբը սահմանել էր ի գիտություն ձերբակալվածների եւ նրանց հարազատների պաստառները, որոնք նախկին ոստիկանապետը իր համաձայնությունն էր տվել, որպեսզի ՁՊՎ-ների նախասրահներում եւ խցերում պաստառները փակցվեն. «Պաստառները ինքնանպատակ չեն եղել, նշված են եղել մարդու իրավունքները, ե՛ւ ձերբակալվածները, ե՛ւ հարազատները կարողանում էին ընթերցել եւ իմանալ: Սակայն դիտորդական խումբը վերջերս իր այցելության ընթացքում արձանագրել է, որ հեռացվել են պաստառները ՁՊՎ-ներից: Գրություն ուղարկվեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, եւ ոստիկանությունից պատասխանել էին, որ անիրատեսական է, հետ չեն փակցնի եւ փակցրել էին ոստիկանության զինանշանով նույնաբովանդակ պաստառը, պաստառի ներքեւում շատ փոքր տառաչափով նշվել էր դիտորդական խմբի անվանումը եւ մարդու իրավունքների պաշտպանի անունը, նաեւ թեժ գծի հեռախոսահամարները»:

Հերմինե Հովհաննիսյանը նշեց, որ դիտորդական խումբը կրկին դիմել է ոստիկանությանը, որպեսզի այդ պաստառները անհապաղ հեռացվեն, քանի որ կարծիք է ստեղծվում, որ դիտորդական խումբը ոստիկանության մասն է կազմում: Նա ընդգծեց, որ դրանից հետո դադարել են դիտորդական խմբի թեժ գծին զանգերը: Խումբը նաեւ գրություն է ուղարկել, որ առանձին պաստառների վրա նշվի թեժ գիծը եւ փակցվի ՁՊՎ-ներում եւ հերթապահ մասում, ոստիկանությունը պատասխանել է, որ համաձայն է: Սակայն հերթական այցելության ժամանակ փոխանցել են, որ հերթապահ ոստիկանը փակցնի, զանգ կատարելուց հետո նրանք հրաժարվել են դա փակցնել: Դիտորդական խումբը կրկին գրություն ուղարկել է հասկանալու համար, թե ինչն է խնդիրը, ոստիկանությունը պատասխանել էր, որ կարող են գրավոր ներկայացնել իրենց դիրքորոշումը, եւ եթե դրական լինի պատասխանը, ապա կթույլատրեն, որ դիտորդական խումբը պաստառները փակցնի:

«Ոստիկանությունը իր այս քայլերով անպատասխանատու է գտնվում, չի կատարում իր խոստումները, անհասկանալի են որոշումները եւ հետագայում դրանք չպահպանելու շարժառիթները: Դիտորդական խումբը ուզում է հասնել նրան, որ քաղաքացիները, ձերբակալվածները իրենց իրավունքների մասին իրազեկված լինեն եւ կարողանան իրենց իրավունքները պաշտպանել»,- ասաց նա:

Քննարկմանը ներկա էր ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, փոխգնդապետ Վահրամ Աբրահամյանը: Նա ասաց, որ դիտորդական խմբի պաստառների փոխարեն ոստիկանությունը պատրաստել է պաստառներ, որոնք փակցվել են ՁՊՎ խցերում եւ նախասրահներում. «Պաստառներն իրենց մեջ բովանդակում են կոնկրետ իրավական նորմերից վերցրած հոդվածներ, այնտեղ որեւէ պատրաստելու խնդիր չկա: Բացի այդ մենք այլընտրանք ենք ներկայացրել ձերբակալվածներին եւ այլ քաղաքացիներին՝ նշելով նաեւ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարը: Եթե ոստիկանությունը ուզենար խոչընդոտել դիտորդական խմբի աշխատանքը, ապա չէր ներառի իրենց հեռախոսահամարը եւ չէր ավելացնի մարդու իրավունքների պաշտպանի հեռախոսահամարը, որը մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի կողմից դրական գնահատվեց»:

Անդրադառնալով թեժ գծի համարով պաստառի խնդրին՝ նա հայտարարեց, որ անիմաստ է համարում նույն բովանդակությամբ պաստառի առկայությունը. «Մենք գրեցինք՝ եթե դուք մեր առաջարկությանը դրական պատասխան տալիս եք, խնդրեմ ուղարկեք նմուշի ձեւը, համապատասխան քանակի թեժ գծի հեռախոսահամար, մենք տրամադրենք տարածքային ստորաբաժանում, որպեսզի նրանք փակցնեն: Սակայն դիտորդական խումբն ասաց, որ մենք գրավոր չենք ուղարկի, բանավոր կերպով, իսկ մենք գիտենք, մեր բոլոր գործառույթներն իրականացնում ենք գրավոր ձեւով: Եթե դուք համաձայնություն տայիք, խնդրեմ, այնուհետեւ որ մեղադրանքներ չլինեին: Այդ պատճառով ոստիկանությունը խնդրեց, որպեսզի ներկայացնեք թեժ գծի հեռախոսահամարը, հիմա էլ մենք պատրաստ ենք, ուղարկեք, մենք տրամադրենք տարածքային ստորաբաժանում, որեւէ խնդիր չեմ տեսնում այստեղ ես: Եվ ձեր թեժ գծի հեռախոսները կսկսեն աշխատել, եթե դա է խնդիր եղել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930