Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Չատինյան. Ոստիկանությունն արդեն 1 տարի է՝ խոչընդոտում է դիտորդական խմբի աշխատանքներին

Սեպտեմբեր 09,2015 14:13

Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը սեպտեմբերի 9-ին կազմակերպել էր բաց քննարկում՝ ՀՀ ոստիկանության կողմից արհեստականորեն ստեղծված խոչընդոտների վերաբերյալ:

Քննարկման ընթացքում դիտորդական խմբի անդամ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Անի Չատինյանն ասաց, որ արդեն մեկ տարի է՝ դիտորդական խումբը չի կարողանում իրականացնել իր առջեւ դրված խնդիրները, քանի որ կան բազմաթիվ խոչընդոտներ:

«Դիտորդական խումբը այցելություններ է կատարում ձերբակալվածներին պահելու վայրեր, որտեղ ուսումնասիրում է ձերբակալվածների պահման պայմանները, խնդիրներից մեկն է նաեւ իրավունքների խախտման դեպքերի հայտնաբերումը, սակայն մոտ մեկ տարի է՝ խումբը չի կարողանում իրականացնել իր առջեւ դրված խնդիրները, քանի որ ոստիկանության կոնկրետ տեղամասային բաժիններում, այնուհետեւ նաեւ ոստիկանության շտաբից խմբին պատասխանելով ներկայացնում են, որ խումբը չի կարող ծանոթանալ ձերբակալման վայրերում պահվող անձանց անձնական գործերին»,- ասաց նա:

Նա նշեց, որ անձի ազատությունից զրկելու վերաբերյալ հիմքերը չտրամադրելու մասին դիտորդական խումբը բազմիցս դիմումներ, հարցումներ է ներկայացրել ոստիկանություն, որոնց վերաբերյալ ստացել է ոչ դրական պատասխաններ: Նա նկատեց, որ ըստ կառավարության որոշման՝ ձերբակալվածը ինքը պետք է թույլտվություն տա դիտորդական խմբի անձնական գործերին, սակայն խումբը անակնկալ այցեր է կատարում եւ հաճախ ՁՊՎ-ները դատարկ են լինում, եւ իրենք հնարավորություն չեն ունենում ծանոթանալ գործերին. «Խումբը 2006 թվականից գործում է եւ որեւէ անգամ նման խնդրի առջեւ չի կանգնել, միայն 2014 թվականին, իմ տեղեկություններով՝ ամեն դեպքում: Որեւէ իրավական ակտում, որեւէ փաստաթղթում մինչեւ այսօր փոփոխություն չի իրականացվել եւ սահմանափակում չի դրվել, որ հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամները չեն կարող ծանոթանալ տվյալներին: Դիտորդական խումբը որեւէ անգամ որեւէ փաստաթուղթ չի տրամադրել եւ նախաքննության գաղտնիքը կամ որեւէ այլ փաստաթղթեր երբեւէ չի հրապարակել, նման խնդիր չենք ունեցել, ուղղակի մեր խնդիրը անձի իրավունքների պաշտպանությունն է, իսկ անձի ազատության իրավունքը թերեւս ամենակարեւոր իրավունքներից մեկն է, ուղղակի ժամային անհամապատասխանությունը պարզելու համար անհրաժեշտություն է առաջանում անձնական գործից ուղղակի նայել թիվ, թե որ պահին է ազատությունից զրկվել: Իսկ այս խոչընդոտը ոստիկանությունը արդեն մեկ տարի է՝ դիտորդական խմբի առջեւ դրել է եւ չենք կարողանում որեւէ դիտարկում իրականացնել, բացի պահման պայմաններից: Պահման պայմաններն էլ են կարեւոր, բայց կարեւոր եւ առաջնային է նաեւ ազատությունից զրկելու իրավունքի վերաբերյալ հարցը: Եվ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ որեւէ փոփոխություն չի իրականացվել, կարող ենք նշել, որ ուղղակի ոստիկանության գործողություններն անօրինական են, չեն բխում որեւէ իրավական ակտից եւ դրանով եւս մեկ անգամ խախտում են մարդու իրավունքները»:

Vahram AbrahamyanՔննարկմանը ներկա էր ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, փոխգնդապետ Վահրամ Աբրահամյանը: Նա ասաց. «Եթե ոստիկանությունը պահպանում է օրենքների պահանջները, սա դիտվո՞ւմ է որպես խոչընդոտ: Ես շատ խիստ զարմացած եմ: Մենք պահպանում ենք իրավական նորմերի պահանջները: Եթե նման դեպքեր եղել են, որ պահանջել են, անձը համաձայնվել է, չի տրամադրվել, մենք խստագույնս կպատժենք այդ անձանց՝ իրավական նորմերի պահանջները չկատարելու համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930