Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Էնֆիաջյան, կարո՞ղ եք ասել Տաթեւի համալսարանի հիմնադրման օրը»

Սեպտեմբեր 09,2015 16:18

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր մեկ տարով հետաձգված մի օրենսդրական նախաձեռնություն, որը վերաբերվում է Հայաստանում ուսանողի օր ունենալուն: Կա երեք նախագիծ. ԲՀԿ խմբակցության պատգամավորներն առաջարկում են ուսանողի օրը, որպես տոն`ազգային օրացույցում ունենալ նոյեմբերի 15-ը: Նախագծի համահեղինակ Վահե Էնֆիաջյանը դժգոհեց. «Մեկ տարով հետաձգվել էր, բայց այդ ընթացքում որեւէ առաջարկություն չի ներկայացվել ինձ, իբրեւ հիմնական զեկուցողի»:

Համանման նախագիծ ՕԵԿ-ը դեռ 2009-ին էր ներկայացրել`մայիսի 7-երիտասարդության օր նշելու համար: Կառավարությունն էլ առաջարկում է ուսանողների եւ երիտասարդների օր սահմանել եւ նշել մայիսի 16, ԵՊՀ-ի հիմնադրման օրը:

Կառավարությունն առաջարկում է միանալ իր նախաձեռնությանը:

Վահե Էնֆիաջյանը նեղսրտեց`ժամանակային առումով ԲՀԿ-ի նախագիծն կառավարության նախագծից առաջ է: Նախագահող Արտակ Դավթյանն էլ հիշեցրեց, որ ՕԵԿ-ի առաջարկը 2009-ից է գալիս:

«Նոյեմբերի 17-ը, ուսանողների միջազգային օրը, նույն ՀՀԿ-ի կողմից տարիներ շարունակ տոնվում է`ամենաբարձր մակարդակով ուղերձներ են հղվում եւ այլն»,- ասաց Վահե Էնֆիաջյանը`տարակուսելով, թե ի՞նչն է պատճառը, որ կառավարությունն այլ օր է առաջարկել: Վահե Էնֆիաջյանը պատմեց, որ իրենց առաջարկը օդում չի ծնվել, ինքը Վեհափառի հետ է հանդիպել, խոսել, քանզի հայ առաքելական եկեղեցին էլ է երիտասարդության օր նշում`սբ. Սարգսի տոնը:

Արտակ Դավթյանն էլ նկատեց, որ սա մեր ազգային տոնացույցն է ու ավելի ընկալելի, ընդունելի է տարբերակը, որ մեր ազգային կրթության հետ առնչվող օր ընտրենք, այլապես, երիտասարդների միջազգային օրը օգոստոսի 12-ն է, ուսանողներինը`նոյեմբերի 17-ը:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ չհամաձայնեց, որ երիտասարդների ու ուսանողների օրերը մեկտեղվեն: Նա օրինակ բերեց կանանց միջազգային օրը`մարտի 8-ը դուրս եկավ, ապրիլի 7-ը չի արմատացել իբրեւ տոն: «Կոնկրետ օրը սկզբունք չէ, միայն լինի այդ օրը, բայց մեր երիտասարդության մեծ մասն ուսանողներ չեն, ուստի կառավարության առաջարկած օրը հարմար չէ: Ինչի՞ ենք ասոցացնում համալսարանի հիմնադրման օրը երիտասարդության հետ, մեր երիտասարդներից ոչ բոլորն են ուսանողներ»,- ասաց նա`առաջարկելով սեպտեմբերի մեկն ընդհանրապես սովորողի օր ունենալ:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նկատեց, որ «փաստարկները, երկուսն էլ ըստ ճաշակի համոզիչ էին, բայց հեղինակները թող միասին խոսեն ու գան կոնսենսուսի, սա այն հարցը չի, որ առճակատման տանեն»:

Կառավարության ներկայացուցիչ, կրթության նախարար Արմեն Աշոտյանը զարմացավ`շատ էական, վիճելի եւ սկզբունքային հարցեր ենք ունեցել, բայց ընդդիմության հետ համաձայնության ենք եկել:

«Պարոն Էնֆիաջյան, կարո՞ղ եք ասել Տաթեւի համալսարանի հիմնադրման օրը: Ասեք`դա ընդունենք, կամ գոնե Գլաձորի, Ամարասի»,- Վահե Էնֆիաջյանին հարցրեց Արտակ Դավթյանը`հիմնավորելով, որ ԵՊՀ-ի հիմնադրման օրն է ընտրվել, քանի որ կրթական օրենսդրությունում այն Մայր բուհ է ամրագրված: Վահե Էնֆիաջյանն ամեն կերպ դիմադրում էր ու չէր ցանկանում ընդունել`կառավարության տարբերակին միանալու առաջարկը:

Արդյունքում, երկարատեւ հակադարձում-հակափաստարկներից, պատմական ակնարկներից, գիտելիքների ցուցադրումներից հետո, հանձնաժողովը որոշեց`ԱԺ լիագումար նիստերի դահլիճում քննարկման ներկայացնել կառավարության նախագիծը, մյուս նախագծերի հեղինակների համահեղինակությամբ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930