Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ պարոն Սահակյանը բառացի ասաց, որ ժամանակավոր հանձնաժողովը տանելու է փակուղի». Զոհված զինծառայողների ծնողներ

Սեպտեմբեր 11,2015 17:12

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում էին զոհված զինծառայողների ծնողները՝ մասնակցելու պետաիրավական հարցերի հանձնաժողովում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախագծի քննարկմանը, որն անմիջապես իրենց խնդրին էր առնչվում:

Նիստի ավարտից հետո մայրերից մեկը՝ Անահիտ Մկրտչյանը, լրագրողների հետ զրույցում պատմեց, որ մինչ նիստը իրենք հանդիպել են ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ. «Կարողացանք բացատրել ու հասկանալ ինչում է խնդիրը: Մեզ պարոն Սահակյանը բառացի ասաց, որ ժամանակավոր հանձնաժողովը տանելու է փակուղի, ինչը եղավ Մարտի 1-ի հանձնաժողովի դեպքում: Նա ասաց, որ ձեր տեղեկանքները ներկայացրեք ԱԺ նախագահին, իրենց իրավաբանական կազմը կքննարկի: Այ դա է տանելու փակուղի: Այս հանձնաժողովը միակ, վերջին հույսն է: Ի՞նչ են ուզում, տանջվենք, մեր ցավով տապակվենք: Թող մարդասպանը դատվի»:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ցավալին այն է, որ ՀՀ Զինված ուժերում այն մարդիկ, որոնք պատասխանատու են այդ սպանությունների համար, այսօր էլ են գտնվում ՀՀ ԶՈՒ-ում. «Մինչդեռ նրանց տեղը բազմաթիվ այլ անմեղ զինվորներ դատապարտվել են, երկար տարիներ պատիժ են կրել, հետագայում արդարացվել են: Պատկերացնո՞ւմ եք, քանի ճակատագիր է խեղվել: Այդ անձինք, որոնք սպանում են եւ մնում են ԶՈՒ-ում, նորից են կատարում այլ հանցագործություններ, սպանություններ, եւ անմեղ երիտասարդների ճակատագրեր են խեղվել տարիներ շարունակ»:

Ըստ նրա, ԱԺ-ն հարթակ է, որտեղ կարող են պաշտոնյաների հրավիրել եւ ստանալ իրենց հարցերի պատասխանը, ուստի հանձնաժողով ստեղծելը պետք է. «Մենք արդարադատության շատ դեպքերում չենք կարողանում հասնել, որովհետեւ փակ դռների հետեւում են որոշում, թե ինչպես պետք է այդ արդարադատությունը տեղի ունենա: Զինված ուժերը մեր պետբյուջեի հսկայական մասն են կազմում եւ այնտեղ տեղի ունեցող այդ ապօրինությունները ի ցույց դնելը հանրության առաջ եւս մեկ անգամ իրենց դարձնում է խոցելի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930