Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ անձնագրով ՀՀ սահմանը թույլ չէին տվել հատել

Սեպտեմբեր 18,2015 15:30

Քաղաքացին դատի է տվել զբոսաշրջության ընկերությանը

Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացի Դավիթ Մարտիրոսյանն իր ընտանիքի 8 անդամների հետ միասին դիմել էր «Բիզնես Վեյ» տուրիստական գործակալությանը՝ ամանօրյա տոները Եգիպտոսում անցկացնելու նպատակով ուղեգրեր եւ ինքնաթիռի տոմսեր ձեռք բերելու համար։

«Բիզնես Վեյ» ՍՊ ընկերության եւ Դ. Մարտիրոսյանի ու նրա ընտանիքի անդամների հետ զբոսաշրջային փաթեթի եւ դրանից բխող համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագիր չի կնքվել: Սակայն «Բիզնես Վեյը» «Վրացական ավիաուղիներ» ընկերության միջոցով Մարտիրոսյանի եւ նրա ընտանիքի անդամների համար պատվիրել է ավիատոմսեր՝ 30.12.2014թ. Թբիլիսի-Շարմ Էլ Շեյխ եւ 08.01.2015թ՝. Շարմ Էլ Շեյխ–Թբիլիսի ուղերթի համար, առցանց եղանակով: Ընկերությունը «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության միջոցով հայցվորի եւ նրա ընտանիքի անդամների համար անցյալ տարվա նոյեմբերի 1-ի համար լրացրել էր աջակցության ապահովագրության վկայագրեր: Դրա դիմաց յուրաքանչյուր ուղեգրի եւ ինքնաթիռի տոմսի համար Մարտիրոսյանից ու նրա ընտանիքի անդամներից ստացել էր 500.000-ական ՀՀ դրամ: Դ. Մարտիրոսյանն իր ընտանիքի անդամների հետ միասին անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին ավտոմեքենայով Հայաստանից ուղեւորվել է Վրաստան՝ Թբիլիսի: Ըստ դատարանում ներկայացված փաստարկների, ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցակետում հայ սահմանապահները Մարտիրոսյանին արգելել էին հատել ՀՀ սահմանը, քանի որ նա պատրաստվել է ՀՀ պետական սահմանը հատել ՌԴ քաղաքացու անձնագրով, իսկ ավիատոմսերը ձեռք էին բերվել հենց այդ անձնագրով: Մարտիրոսյանը ՀՀ սահմանապահներին ներկայացրել է ՌԴ քաղաքացու անձնագիրը, քանի որ ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը լրացած է եղել: Արդյունքում՝ Դ. Մարտիրոսյանն իր ութ հոգանոց ընտանիքով չի կարողացել մեկնել Եգիպտոս, հետեւաբար, չի կարողացել օգտվել տուրիստական ընկերության կողմից մատուցվող ծառայություններից:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դ. Մարտիրոսյանը հաղթել էր, նրա հայցը բավարարվել էր, իսկ վերաքննիչ դատարանը օրեր առաջ բեկանեց առաջին ատյանի դատարանի վճիռը:

Դավիթ Մարտիրոսյանը դիմելով դատարան՝ խնդրել էր «Բիզնես Վեյ» ՍՊ ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 500 000 դրամ՝ որպես մատուցվելիք ծառայությունների դիմաց վճարված գումար, 150 000 դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար եւ 10 000 դրամ` որպես վճարված պետական տուրք:

Իսկ վերաքննիչ բողոք բերած «Բիզնես Վեյ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Հ. Սաֆարյանը խնդրել էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 19-ի վճիռը բեկանել եւ փոփոխել՝ հայցը մերժել, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

Դ. Մարտիրոսյանը գտել էր, որ «Բիզնես Վեյ» ՍՊ ընկերությունը չի կատարել «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջները, իրեն չի տրամադրել անձնագրային, մուտքի եւ ելքի պահանջների վերաբերյալ տեղեկատվություն, ինչի արդյունքում ինքն, ըստ էության, չի օգտվել զբոսաշրջային ծառայություններից:

Առաջին ատյանի դատարանը հանգել էր հետեւյալին. տվյալ դեպքում Մարտիրոսյանն իրավունք ունի պահանջել վերադարձնելու ընկերության կողմից չմատուցված ծառայությունների համար վճարված 500 000 ՀՀ դրամ գումարը: Իսկ պատասխանող ընկերությունը գտնում էր, որ դատարանը վճիռ կայացնելիս հաշվի չի առել այն հանգամանքը, որ հայցվոր Դավիթ Մարտիրոսյանի՝ զբոսաշրջության չմեկնելու հանգամանքը պայմանավորված չի եղել իրենց կողմից ծառայություններ չմատուցելու կամ ոչ պատշաճ մատուցելու հետ: «Դավիթ Մարտիրոսյանի՝ ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի լրացած լինելու հետ կապված խնդիրներն առաջացել են Հայաստանի Հանրապետությունից Վրաստանի Հանրապետություն մեկնելու ժամանակ` սահմանին, մինչդեռ, «Բիզնես Վեյ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված զբոսաշրջության փաթեթն իր մեջ չի ներառել հայցվորի եւ նրա ընտանիքի անդամների տեղափոխումը ՀՀ-ից Վրաստանի Հանրապետություն եւ այդ ուղղությամբ վերջիններիս տեղաշարժի ապահովումը: Նշված փաստը հիմնավորվում է հենց հայցվորի կողմից դատարանում հայտնած տեղեկություններով»,-վերաքննիչ դատարանում ներկայացրել էր կողմը:
Ի դեպ, դատարանի հարցին, թե ինչու Մարտիրոսյանն ու նրա ընտանիքի անդամները «Բիզնես Վեյ» ՍՊԸ-ի միջոցներով չեն մեկնել Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաք, Մարտիրոսյանը պատասխանել է, որ. «նման ծառայություն ընկերության կողմից առաջարկվել է հավելյալ գումար վճարելու պայմանով, որը, սակայն, իրենց ձեռնտու չի եղել, եւ իրենք որոշել են սեփական միջոցներով հասնել Վրաստան»:
Դատարանի դիտարկմամբ, հայցվորը եւ նրա ընտանիքի անդամներն այդ մասով հրաժարվել են ընկերության կողմից մատուցվող ծառայություններից, իսկ տուրիստական ընկերությունը ընտանիքը տեղափոխելու եւ նրանց ազատ տեղաշարժն ապահովելու որեւէ պարտավորություն չի ունեցել:

Ընկերությունը տեղյակ չի եղել ՀՀ քաղաքացու անձնագրի գոյության եւ դրա վավերականության ժամկետը լրացած լինելու մասին եւ հետեւաբար, ըստ նրա ներկայացուցչի, չէր կարող զգուշացնել հայցվորին այդ մասին:

Վերաքննիչ դատարանն իր գնահատականներում հանգել էր հետեւյալ հետեւությանը եւս. «Բիզնես Վեյ» ՍՊ ընկերությունը պատշաճ մատուցել է զբոսաշրջության ծառայությունները, որից օգտվել են հայցվորի ընտանիքի մյուս 8 չափահաս եւ 1 անչափահաս անդամները, իսկ զբոսաշրջության ծառայությունները նախատեսված չեն եղել կոնկրետ մեկ անձի՝ հայցվորի համար: Նշված փաստը հաստատվում է նաեւ «Արմենիա Ինշուրանս» ՍՊԸ-ի կողմից 01.11.2014թ. տրված աջակցության ապահովության վկայագրով:

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով առաջին ատյանի դատարանին, «մեղադրել» էր, որ դատարանը հիմք է ընդունել այն, որ պատասխանող ընկերությունը հայցվորին վաճառելով զբոսաշրջային փաթեթ, վերջինիս չի տեղեկացրել այն մասին, որ ՀՀ քաղաքացու անվավեր անձնագրի առկայության պայմաններում հայցվորը չի կարող հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագրով, հայցվորի հետ «Ծառայությունների մատուցման պայմանագիր» չի կնքել, այդպիսով չկատարելով «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթներով նախատեսված պարտավորությունները եւ պատշաճ կարգով չմատուցելով զբոսաշրջային ծառայությունները:

Վերաքննիչ դատարանը արձանագրել էր, որ զբոսաշրջային գործակալի գործունեություն իրականացնող անձը չնայած պարտավոր է օրենքով սահմանված կարգով սպառողի հետ կնքել «Զբոսաշրջային ծառայությունների մատուցման պայմանագիր», ինչպես նաեւ մինչեւ պայմանագիր կնքելը զբոսաշրջիկին տրամադրել տեղեկատվություն ժամանման կամ տարանցիկ երկրների անձնագրային, մուտքի եւ ելքի պահանջների վերաբերյալ, այդուհանդերձ, նշված տեղեկատվությունը տրամադրվում է միայն զբոսաշրջային փաթեթում ընդգրկված ժամանման կամ տարանցիկ երկրների վերաբերյալ:
Գործի նյութերով հիմնավորվել էր, որ Դ. Մարտիրոսյանի կողմից զբոսաշրջային փաթեթի տրամադրման համար ներկայացվել եւ ուղեգրի ձեւակերպումը կատարվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագրով, հետեւաբար, վերաքննիչ դատարանին համոզեցուցիչ էր այն փաստարկը, որ ընկերությունն օբյեկտիվորեն չէր կարող տեղյակ լինել ՀՀ քաղաքացու անձնագրի գոյության եւ դրա վավերականության ժամկետը լրացած լինելու մասին եւ այդ մասին զգուշացնել հայցվորին:

Վճիռը բեկանելով՝ գործն ուղարկվեց Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930