Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի ուժեղագույն ուսանող շախմատիստները Երեւանում որոշում են առաջին չեմպիոններին

Հոկտեմբեր 10,2015 12:30

Երեւանի «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» դահլիճում մեկնարկել է շախմատի Եվրոպայի ուսանողական 1-ին առաջնությունը, որն անցկացվում է Եվրոպայի ուսանողական սպորտի ասոցիացիայի եւ Հայաստանի ուսանողական սպորտի ֆեդերացիայի միջոցառումների շրջանակներում:

Մինչեւ այժմ EUSA-ն ուսանողների շրջանում մրցումներ անցկացնում էր 18 մարզաձեւից, որի ծրագրում շախմատի ընդգրկումից հետո դրանց թիվը դարձավ 19:
Շախմատի Եվրոպայի ուսանողական առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար, Երեւանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Հաշվի առնելով Հայաստանի դերակատարությունը համաշխարհային շախմատի զարգացման գործում՝ EUSA-ն ուսանող շախմատիստների անդրանիկ առաջնության անցկացումը վստահել է Երեւանին: Բավականին ուժեղ կազմ է հավաքվել: Մասնակցում են եվրոպական ինը երկրների տղամարդկանց՝ 15 եւ կանանց՝ 10 թիմեր, որոնց կազմերում հանդես են գալիս բավականին ուժեղ ինը գրոսմայստերներ եւ մոտ երկու տասնյակ միջազգային կարգի վարպետներ: Քիչ չեն նաեւ այնպիսիք, որոնք մոտ են գրոսմայստերի կոչմանը կամ տարբեր տարիքային խմբերում դարձել են Եվրոպայի չեմպիոններ եւ մրցանակակիրներ: Նկատի ունենալով, որ սա, այնուամենայնիվ, ուսանողական մրցաշար է, մասնակիցների կազմը բավականին պատկառելի է»:

7-1-2

Հարցին, թե սա թիմայի՞ն առաջնություն է, թե՞ անհատական եւ ի՞նչ ժամանակակարգով է անցկացվում մրցաշարը, պարոն Քալանթարյանը պատասխանեց. «Սա եւ թիմային, եւ անհատական մրցաշար է եւ անցկացվում են տղամարդկանց եւ կանանց միջեւ առանձին-առանձին: Տղաների անհատական մրցաշարին մասնակցում է 43, աղջիկների՝ 24 շախմատիստ: Իսկ թիմայինում, արդեն ասացի, համապատասխանաբար, 15 եւ 10: Տղաների թիմերը բաղկացած են 4 անդամից, աղջիկներինը՝ 3: Սակայն թիմային հաշվարկում հաշվի է առնվում երկու լավագույնների արդյունքների հանրագումարը: Կոնոնակարգով միմյանց չեն հանդիպում միեւնույն թիմի խաղացողները, որպեսզի իրար ոչ օգնեն եւ ոչ էլ խանգարեն: Խաղում են արագ շախմատի կանոններով. 25 րոպե, գումարած 10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար:

Ընդհանուր առմամբ անցկացվելու է ինը տուր, որի արդյունքներով էլ կորոշվեն թե անհատական, թե թիմային առաջնությունների հաղթողները: Հայաստանն այս մրցաշարում ներկայացված է տղաների եւ աղջիկների երեքական թիմերով, որոնք ընտրվել են Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի եւ մեր կազմակերպած ներքին առաջնության արդյունքներով:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031