Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ պասիվ այլ պատգամավորները հանձնաժողովների նախագահներ չեն

Հոկտեմբեր 10,2015 11:24

Պարզաբանում է ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը

-Պարոն Բաբայան, այս օրերին տեսակետ է հնչում, որ եթե Էլինար Վարդանյանը հեռացվել է կուսակցությունից ԲՀԿ գործունեությանը, որպես կուսակցության եւ քաղաքական խորհրդի անդամ, պասիվ մասնակցություն ունենալու համար, ապա ԲՀԿ-ում բազմաթիվ շատ ավելի պասիվ պատգամավորներ կան։ Նրանց հանդեպ ինչո՞ւ սանկցիաներ չեք կիրառում։

-Նախ, ինձ համար հասկանալի չէ, թե ինչու է մի կուսակցության ընդամենը ներքին խնդիրը նման տեւական քննարկման արժանանում։ Գիտեք, այն մարդիկ, ովքեր նման մոտիվացիա են բերում, իրենք էլ հրաշալի հասկանում են, որ իրենց գրածը լուրջ չէ, պարզապես՝ այդպես է պետք ներկայացնել։ Խնդիրն իրենց առջեւ հստակ է ձեւակերպված՝ մեր երկու գործընկերների՝ սահմանադրական փոփոխությունների քվեարկությունից բացակայելը ներկայացնել որպես «դեմ»-ի դիրքորոշում եւ հերոսություն, ինչն էլ իրենք անում են, հրաշալի հասկանալով, որ դա այդպես չէ։ Ես էլ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ովքեր չեն եկել այդ օրը քվեարկությանը, իրենք «այո»-ի կողմնակիցն են, որովհետեւ որեւէ մեկը եւ որեւէ բան չէր խանգարում գալ ու քվեարակել «դեմ»։ Եվ ինչքան իրենք շարունակեն տարբեր հարթակներում պնդել հակառակը, մենք էլ ներկայացնելու ենք իրականությունը։

Իսկ իրականությունը շատ պարզ է, եւ ես չեմ զլանա, հույս ունեմ վերջին անգամ, կրկնել նորից. տիկին Վարդանյանն ու պարոն Մարգարյանը ամիսներ շարունակ որեւէ մասնակցություն չեն ունեցել ո՛չ կուսակցության, ո՛չ խմբակցության աշխատանքներին, հրաժարվել են մասնակցել կուսակցական մարզային, քաղաքային կառույցներ այցերին՝ մշտապես բերելով տարբեր պատճառաբանություններ։

Հաջորդը՝ եթե կհիշեցնեք, թե տիկին Վարդանյանը, լինելով առանցքային հանձնաժողովներից մեկի նախագահը, վերջին անգամ ե՞րբ է ԱԺ ամբիոնից, կամ, ընդհանրապես՝ որեւէ հարթակից ելույթ ունեցել, հարցազրույց տվել, բացի այս դեպքի հետ կապված իր մեկնաբանությունից, ես հենց հիմա ձեզանից ներողություն կխնդրեմ։

Ավելին, դուք նորմա՞լ եք համարում, որ ամիսներ շարունակ կուսակցության նախագահը իրենց մեկնած գործուղումների մասին տեղեկանում է ԱԺ արտաքին հարաբերությունների վարչությունից։ Եվ այնպես չէ, որ այս հարցերը Էլինար Վարդանյանի ու Ստեփան Մարգարյանի հետ մենք չենք քննարկել։ Քանիցս, այս ամիսների ընթացքում քննարկվել են, քանիցս ասվել է, որ կփորձենք միասին աշխատելու փոխադարձ ընդունելի տարբերակ գտնել եւ մշտապես խախտվել է։

Իսկ վերջերս արդեն ընդհանրապես չէին մասնակցում խմբակցության նիստերին եւ անգամ չէին պատասխանում խմբակցության քարտուղարի հեռախոսազանգերին։ Այնպես որ, ես հասկանում եմ այն լրատվամիջոցներին, ովքեր փորձում են նիստից բացակայելը ներկայացնել «դեմ» դիրքորոշում։ Բայց իրենք էլ գիտեն, որ դա առավել քան զվարճալի է։

Ինչ վերաբերում է հարցին, որ ԲՀԿ-ում Էլինար Վարդանյանից պասիվ պատգամավորներ կան, այո, կան շատ ավելի պասիվ պատգամավորներ, բայց ի տարբերություն տիկին Վարդանյանի, այդ պատգամավորները ԲՀԿ քվոտայով ներկայացված չէին միջազգային լրջագույն պատվիրակություններում եւ ԲՀԿ-ի քվոտայով չեն զբաղեցնում շատ կարեւոր մի հանձնաժողովի՝ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Կրկնում եմ, մենք հակված չենք այս խնդիրն անընդհատ արծարծելու։ Բայց եթե իրենք տարբեր հարթակներում շարունակ փորձում են նիստից իրենց բացակայությունը հերոսություն ներկայացնել, մենք էլ պարտավոր ենք հակադարձել ճշմարտությամբ։ Այդ նիստին, կրկնում եմ, ներկա չի եղել նաեւ կուսակցության նախագահը, մեր մի քանի գործընկերներ եւս, եւ խմբակցությունը բոլորի բացակայությունը համարել է հարգելի։ Այդ թվում՝ Էլինար Վարդանյանի եւ Ստեփան Մարգարյանի բացակայությունները։

Եվ մի խնդրանք ունեմ հարգարժան լրատվամիջոցներին՝ թույլ տալ մեր ներկուսակցական խնդիրներն ինքներս կարգավորենք։ Մեր երկրում այնքան լրջագույն հարցեր ու պրոբլեմներ կան, որ չեմ կարծում, թե ԲՀԿ-ի ներքին հարցն այսօր ամենահրատապ թեման է։

– Ի դեպ, տեսակետ է հնչում նաեւ, որ եթե ԲՀԿ-ն որոշի հանձնաժողովների նախագահների պաշտոնից եւս հետ է կանչել  Էլինար Վարդանյանին ու Ստեփան Մարգարյանին, ապա ինչո՞ւ հետ չի կանչում Մարտուն Գրիգորյանին, ով չլինելով ԲՀԿ անդամ՝ գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահն է։

– Նախ, հանձնաժողովների նախագահների պաշտոնից հետկանչի վերաբերյալ մենք դեռ վերջնական որոշում չունենք, չնայած, լինեմ անկեղծ, խմբակցության նիստում մեր որոշ գործընկերներ առաջարկում էին խնդիրը կարգավորել մեկ փաթեթով։ Ինչ վերաբերում է Մարտուն Գրիգորյանին, ապա Մարտունը ԲՀԿ խմբակցության անդամ է, մեզ գոհացնում է Մարտուն Գրիգորյանի բավականին ակտիվ աշխատանքը գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահի պաշտոնում եւ այդ ոլորտին առնչվող բազմաթիվ խնդիրներ Մարտունը քննարկում է կուսակցության նախագահի, մեզ հետ։ Բացի դա, եղել են նաեւ ներկուսակցական բազմաթիվ հարցեր, մամուլի համար հրապարակման ոչ ենթակա, եւ Մարտուն Գրիգորյանն իրեն պահել է արժանապատիվ։

– Կարո՞ղ է հաջորդ քայլը լինի Էլինար Վարդանյանին եւ Ստեփան Մարգարյանին հանձնաժողովների նախագահների պաշտոնից հետ կանչելը։

-Գիտեք, մենք որեւէ մեկին պատժելու խնդիր չունենք։ Բայց, էլի եմ կրկնում, կուսակցությունն ազատ ստեղծագործողների միություն չէ, որ ով ինչ ուզենա՝ անի, ուր ուզենա՝ գնա եւ այդ մասին որեւէ մեկին տեղյակ չպահի, երբ ուզենա՝ նիստին մասնակցի, երբ հավես չունենա՝ չգա։ Ամեն ինչ կախված է իրենց հետագա քայլերից։ Եթե իրենք կընդունեն, որ կա ներֆրակցիոն կարգապահություն եւ իրենք անկախ կառույցներ չեն, որ ինչ ուզենան՝ անեն, մենք պատրաստ ենք գտնել կոմպրոմիս։ Կշարունակե՞ն իրենց այսօրինակ վարքագիծը, բնականաբար, կդրվի նաեւ հանձնաժողովի նախագահից հետ կանչելու հարցը, եթե, իհարկե, իրենք կամավոր վայր չդնեն այդ լիազորությունը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031