Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյանը կընդունի ոստիկանության հրավերը, եթե ազատ ժամանակ ունենա

Նոյեմբեր 05,2015 14:05

Ինչպես հայտնի Է՝ ՀՀ ոստիկանությունը ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների շուրջ հաճախակի հանդես եկող ԱԺ պատգամավորներ Արամ Մանուկյանին, Հովհաննես Մարգարյանին և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին վաղը ժամը 14.00-ին հրավիրել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ առարկայական քննարկման:

Ըստ ոստիկանության տարածած հայտարարության  «Ոստիկանությունը, նպատակ ունենալով նվազագույնի հասցնել ընտրացուցակների հնարավոր անճշտությունները, անհրաժեշտ պարզաբանումներով ու բացատրություններով հրատապ արձագանքում է այդ հայտարարություններին: Չնայած այդ ծավալուն աշխատանքին՝ արդյունքները բավարար չհամարելով և շարունակելով այս բնագավառում հանրության հետ լայն համագործակցության քաղաքականությունը՝ ոստիկանությունն առաջարկում է քննարկումը ԶԼՄ-ների հարթությունից տեղափոխել առավել գործնական դաշտ»:

Արամ Մանուկյանն ու Արթուր Սաքունցը չեն  ընդունել հրավերը:

Aravot.am-ը ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեց, թե ընդունո՞ւմ է հրավերը, պատրա՞ստ է հանդիպել ոստիկանության հետ: «Եթե հրավիրում են, եթե կարողանանք մեր ներկայությամբ օգտակար լինել, անպայման օգտակար կլինենք: Ես պատրաստ եմ համագործակցել ոստիկանության հետ, եթե ազատ լինեմ, դեռ առիթներ կունենանք պետաիրավական հանձնաժողովում եւս քննարկել այդ հարցը՝ իհարկե կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասնակցությամբ, քանի որ ցուցակներին է վերաբերում»:

Հարցին, թե կարծում եք ուռճացվա՞ծ է ընտրողների թիվը, թե՞ ուսումնասիրել ու անճշտություններ եք հայտնաբերել, Հովհաննես Մարգարյանն ասաց. «Երբ Արամ Մանուկյանը հրապարակեց այդ թվերը Շիրակի, Լոռու մարզի, այսինքն՝ ողջ հանրապետության մասշտաբով ընտրողների ընտրացուցակային թիվը եւ բնակչության թիվը, իրոք մտահոգիչ էր: Բնակչության թվի 67-70%-ը պետք է լինեն ընտրող, հիմա մեր հանրապետությունում 82 է՝ ըստ Արամ Մանուկյանի տված տեղեկատվության: Սա իրոք մտահոգության տեղիք է տալիս, օրինակ՝ Լոռու մարզում 100 տոկոսից ավելի է ՝110 տոկոս է: Ես չեմ կարող չանդրադառնալ այդ հարցին, մեր հիմնական նպատակն է կրկնաքվեարկություններից խուսափելու համար ե՛ւ ցուցակները վերջնականապես ճշգրտվեն, ե՛ւ կարողանանք բացառենք առանց անձնագրերի քվեարկությունը: Ես դեմ եմ, որ նույնականացման քարտով մարդիկ մասնակցեն ընտրության. առաջինը հնարավոր չէ նույնականացման քարտի վրա ստուգել բնակչի հաշվառումը, այդ հասցեո՞ւմ է հաշվառված, թե՞ ոչ, այդ սարքավորումը չկա:

Երկրորդ՝ չես կարող կնիք խփել, իսկ եթե կնիք չես խփում, գործող օրենսդրությամբ տալիս է, որ ընդհանուր առմամբ ընտրությունների ժամանակ անձը հաստատող փաստաթուղթ լիարժեք չի համարվում նույնականացման քարտը, դա անձնագրի հետ է համարվում, անձնագիրն է լիարժեք փաստաթուղթ անձը հաստատող, դա օրենք է: Ի վերջո, եթե անձնագրի մեջ կնիք է հայտնաբերում հանձնաժողովի անդամը, դա դիտվում է հանցագործության փորձ եւ միանգամից գործ է հարուցվում: Բացահայտող հանձնաժողովի անդամը հանձնաժողովի նախագահի միջոցով միանգամից դիմում է տվյալ տեղամասի հերթապահող ոստիկանին, հնարավոր է էդ մարդուն միանգամից ձերբակալեն, էդ դեպքում վախ կլինի չէ՞ մարդու մեջ, կմտածի՝ բա որ գնամ բռնվե՞մ:

Հիմա ասում են կնիք պետք չէ, նույնականացման քարտով թող քվեարկեն, համ հաշվառում չես կարող ստուգել, համ էդ կնիքը, միանգամից երկու խախտում: Հիմա ես հեշտ ճանապարհ եմ ասում, առաջարկում եմ՝ պարզ լուծում, նոր հեծանիվ չպիտի հորինենք, եթե մեր Հայաստանի Հանրապետությունում կա 182 հազար անձնագիր չունեցող քաղաքացի, սա պետք է մտահոգի մեր երկրին, մեր պետությանը, մեր իշխանություններին, հո Չինաստան չե՞նք. միլիարդների չի հասնում մեր բնակչության թիվը:

182 հազարը զրկված են Հայաստանի սահմաններից դուրս գալու, ազատ տեղաշարժվելու իրավունքից, որովհետեւ չունեն անձնագիր, նույնականացման քարտով չեն կարող դուրս գալ, այդ թվում հարեւան Վրաստան չեն կարող գնալ մարդիկ: Հիմա դրա համար ամենակարճ ճանապարհը, պետությունը պարտավոր է ապահովել անձնագրերով այդ քաղաքացիներին: Խոսքը կապույտ, սովորական անձնագրերի մասին է, ոչ թե կենսաչափական, դրանք օգտագործվում են հիմա, եւ գործում է Հայաստանի սահմաններից դուրս, ինչքան գիտեմ դրա համար մենք 1000 դրամ ենք վճարել: Հիմա 182 միլիոն դրամ է անում, թող պետությունը իր բյուջեից տա, համ քվեարկության փաստաթուղթ կունենան ձեռքերը մեր քաղաքացիները, համ նվեր կլինի քաղաքացիներին, որ այդ անձնագիրը օգտագործեն, այ էս հարցն է, որ ես բարձրացրել եմ: Պարզ բան եմ ասում, ինչի՞ ենք ընկել տեղեկանք տանք, չգիտես ոնց կնիքենք նույնականացման քարտը, ո՞նց նշում կատարենք»:

Հովհաննես Մարգարյանի ասելով, եթե Գյումրու նորակառույց Մուշ թաղամասի բնակիչներին կարող են հաշված օրերի ընթացքում սեփականաշնորհման վկայական տալ, բայց անձնագիր չունեցող քաղաքացիներին չե՞ն կարող արագացված տեմպերով անձնագիր տալ: «Ոնց որ այդ մեկը հնարավոր է, սա հնարավոր չէ՞: Հիմա ձգձգում են իմ առաջարկը, որ մոտենա օրերը, ասեն ժամանակ չկա, բայց դեռ մի ամիս ժամանակ կա»,- ասում է պատգամավորը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30