Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգամ նման դեպքով հետաքրքրվել են ՀՀ պաշտպանության նախարարությունից և այլ պետական ծառայություններից». լրատվամիջոցների դեմ գործով հայցվորը զինվորական է

Հուլիս 10,2026 12:30 Share

Հունիսի 11-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա.Հարությունյանին զեկուցագրով դիմում է Բազումի բաժնի համայնքային ոստիկան, լեյտենանտ Դ.Մկրտչյանը, հայտնելով, որ հունիսի 7-ին «Իշխանություն» լրատվական կայքում հրապարակվել է, որ 23/11, 23/12  ընտրատեղամասերում նույն անձը զինվորական համազգեստով քվեարկել է երկու անգամ: Պարզվել է՝ Սևադա Սարգսյանն այցելել է Վանաձորի 24 դպրոցի տարածքում գտնվող 23/11 տեղամաս, մոտեցել հանձնաժողովին, սակայն այնտեղ հայտնել են, որ կարող է քվեարկել 23/12 -ում, քանի որ նրա անձնական տվալները  ներկայացված են այդ ընտրատեղամասում, որից հետո Սևադա Սարգսյանը գնացել է նշված տեղամաս, կատարել քվեարկելություն: Համայնքային ոստիկանը «Կատարված ստուգումներով հանցանքի կամ վարչական իրավախախտման առերևույթ հատկանիշներ մատնանշող փաստական տվյալներ չէր ստացել», նա խնդրել էր բաժնի պետի կարգադրությունը:

Մեկ այլ զեկուցող՝ կապիտան Ա. Վիրաբյանի զեկուցագիրն էլ, որն ուղարկվել էր ջնջումներով «Առավոտ», 23/12   ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը` Ջուլետտա Սարգսյանը հայտնել էր, որ կրկնակի քվեարկող զինվորական չի եղել իրենց ընտրատեղամասում, ընտրախախտում չի արձանագրվել նշյալ ժամին:

Սևադա Սարգսյանը դիմել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան`«Պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին»  հայցով:

Պատասխանողներ են ճանաչվել «Իշխանություն.ամ», «Երկիր. ամ», «Առավոտ.ամ», «Հրապարակ.ամ», «Շամշյան.ամ» կայքերը:

Հայցվորը նշել է, որ ՊՆ զորամասի զինծառայող է, խմբի հրամանատար է, ունի ավագ լեյտենանտի կոչում:

Նա նշել էր, որ ընտրության օրը մեկ անգամ է քվեարկել, սակայն «Իշխանություն.ամ»-ում տպագրվել է, թե քվեարկել է երկու անգամ: Այդ տեղեկությունները տարածել են այլ լրատվական կայքեր. «Տեղեկատվությունն ուղեկցվել է լուսանկարներով, ձայնագրություններով, որտեղ հայցվորս հստակ տեսանելի եմ և ճանաչելի: Արդյունքում հիշյալ, իրականությանը չհամապատասխանող, հայցվորիս ճանաչելի դարձնող լուսանկարներով ուղեկցվող տեղեկատվությունը ստացել է շատ մեծ տարածում: Բազմաթիվ օգտատերեր/ընթերցողներ/ կատարել են բազմաթիվ վիրավորական մեկնաբանություններ  և արտահայտություններ, ստացել եմ բազմաթիվ հեռախոսազանգեր  բարեկամ-ծանոթներիցս, անգամ նման դեպքով հետաքրքրվել են ՀՀ պաշտպանության նախարարությունից և այլ պետական ծառայություններից»:

ՀՀ ոստիկանությունից նույնպես հետաքրքրվել են, նա զրուցել է Բազումի բաժնի ոստիկանների հետ, կազմվել են համապատասխան նյութեր, քրեական վարույթ չի հարուցվել:

Հայցվորը նշել է, որ ակնհայտ սխալ տեղեկատվությունը տարածվելուց հետո ինտերնետային կայքերը չեն հերքել, արդյունքում, ինքը ընկալվում է մինչ օրս որպես ընտրական կեղծիք կատարած անձ:

Հայցվորը պահանջում է համապատասխան, պատշաճ հերքում, կրկնակի ընտրություն արարքը կատարած չլինելու վերաբերյալ, այն հրապարակելով այնպես, որ սկզբնական տեղեկատվության հետ միաժամանակ արտացոլվի հերքում:

Հայցվորը պատասխանողներից պահանջում է վեց միլիոն դրամ փոխհատուցման գումար, ինչպես նաև պետական տուրքի գումարը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել