Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կապ ունի արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակումը համասեռամոլների ամուսնությունների հետ

Նոյեմբեր 05,2015 16:30

Սահմանադրության նախագծի 81-րդ հոդվածը կոչվում է. «Հիմնական իրավունքներն ու ազատությունները և միջազգային իրավական պրակտիկան»: Հոդվածն ընդամենն այսքանն է.

1. Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

2. Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները»:

Համանման դրույթ կա նաեւ գործող Սահմանադրության մեջ. «Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը»:

Սակայն փոփոխությունների նախագծի այս դրույթը բավարար է Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի համար պնդելու, թե համասեռամոլների ամուսնությունների հետ կապված դրույթը չի հանվել Սահմանադրության տեքստից: Նա մտահոգություններ ունի, որ այդպիսի ամուսնությունների օրինականացման երաշխիքներ են պարունակում նոր Սահմանադրության 81-րդ և 82-րդ հոդվածները, թեև Սահմանադրության 35-րդ հոդվածով սահմանված է, որ ամուսնությունը կնոջ և տղամարդու միջև է:

Առանց մեկնաբանության մեջբերենք նաեւ 82-րդ հոդվածը «Հոդված 82. Աշխատանքային պայմանները

Յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք»:

Պարոն Գիմիշյանը մանրամասնեց. «Օրինակ` ՀՀ-ն մասնակցում է միջազգային կառույցներից Եվրադատարանին, որը որոշում ունի, որ միասեռ ընտանիք կազմելու և երեխա որդեգրելու իրավունքը անխախտելի է: Այս նոր Սահմանադրության տեքստի 81-րդ և 82-րդ հոդվածներն այդ երաշխիքը տալիս են: Օրինակ, եթե երկու տղամարդ գնա ԶԱԳՍ, որ իրենց ամուսնացնեն, այդ կառույցի աշխատողը նրանց դուրս կհրավիրի` խուժաններ անվանելով: Բայց նրանք կհասնեն Եվրադատարան, այն կպարտադրի դա`հիմք ընդունելով մեր Սահմանադրության 81-րդ և 82-րդ հոդվածները: Եթե մեկը հանրության առաջ գա ասի`այլմոլորակային Նապոլեոնն եմ, նրանք կտանեն գժանոց, բայց եթե մի տղամարդ գա, ասի, որ կին է, նրան փոխանակ գժանոց տանեն, Եվրադատարանում նրա իրավունքները կպաշտպանեն: Այս խեղկատակությունն ենք այստեղ ամրագրում»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանն ամեն կերպ փորձում էր հակադարձել:

Ի պատասխան՝ պարոն Գիմիշյանն ասաց. «Եթե մի դեպք եղավ, որ երեխային ընտանիքից տանեն, հանձնեն համասեռամոլների ընտանիք կամ համասեռամոլ ընտանիք գրանցեն ՀՀ-ում, պատրա՞ստ եք ինձ հետ այս իշխանության հրաժարականը պահանջել»:

ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես Ձեզ հետ միասին պայքարելու եմ դրա դեմ, իսկ իշխանությունների հրաժարականն ի՞նչ կապ ունի»:

Գիմիշյանն էլ, թե ինձ հարազատ խորհրդարանի 104 պատգամավորներ «կողմ» են քվեարկել այդ փաստաթղթին: Վարդապետյանն էլ, թե «ուզում եք ասել` 104 պատգամավորներ սեռամոլներին կո՞ղմ է: Դուք սխալ եք մեկնաբանում այս փաստաթուղթը, 35-րդ հոդվածը հստակ ասում է այդ մասին: Ձեր ողջ ինտելեկտը մերժողական դիրքերից եք օգտագործում»:

Սոս Գիմիշյանն ի պատասխան՝ ասաց. «Ես ձեր իշխանության հետ ընդհանրապես թունավոր բան չունեմ»: Ի պատասխան ՀՀԿ-ականը նետեց. «Ախր էս իշխանության մեծ մասի հետ իշխանություն եք եղել, ձեր ընկերներն են եղել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30