Լրահոս
Օրվա լրահոսը

«Կենդանիները սովածությունից պատերն են ճանկռում». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 06,2015 12:21

Պարզվում է, որ ոչ միայն Հրազդանի, այլեւ Գյումրու կենդանաբանական այգին է գտնվում անմխիթար, իսկ կենդանիները՝ սովահար վիճակում։

Նշենք, որ Գյումրու կենդանաբանական այգին մոտ 7 տարի առաջ է ստեղծվել։ «Պանտերա» ընկերությունը, որը հիմնել է այգին, այժմ գումար չունի կենդանիներին կերակրելու եւ պահելու համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ այգին պատկանում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Սակայն վերջինս հրաժարվել է այգու նկատմամբ ունեցած պատասխանատվությունից՝ պատճառաբանելով, որ բավարար գումար չունի՝ կենդանիներին պահելու համար։

Իսկ ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանը ամենեւին էլ հետաքրքրված չէ քաղաքի մինի կենդանաբանական այգու ճակատագրով։ Մինչ նշված անձինք իրար վրա են գցում այգում ստեղծված խնդիրների լուծումը, այս ընթացքում բնապահպան Սիլվա Ադամյանը բարձրաձայնում է՝ Գյումրու կենդանաբանական այգու կենդանիները «սովամահ են լինում, սովածությունից պատերն են ճանկռում եւ գետինն են փորում»։

«Գյումրու կենդանաբանական այգու կենդանիների վիճակը առավել վատ է։ Եվ շատ հնարավոր է, որ իրենք դուրս գան այդ վանդակներից։ Ո՛չ կեր ունեն եւ ո՛չ էլ խնամվում են։ Շուտով ձմեռն է մոտենում, իսկ նրանք տաք տեղ չունեն»,- ցավով նկատեց տիկին Ադամյանը։

Բնապահպանն ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը նույնպես անտարբեր է այս խնդրի նկատմամբ։ Փոխարենը Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին կերով ապահովելու խնդրով սկսել են մտահոգվել այլ երկրներում բնակվող հայ բնապահպանները։ Օրինակ՝ Գյումրու կենդանաբանական այգու ահազանգին արձագանքել է Համահայկական բնապահպանական ճակատի Իսպանիայում բնակվող անդամներից ֊մեկը։ «Վրաստանում գտնվող մեր բնապահպան ընկերները նույնպես արձագանքել են. նրանք կփորձեն բանակցել Թիֆլիսի կենդանաբանական այգու տնօրինության հետ՝ կենդանիներին տեղափոխելու համար»,- հայտնեց բնապահպան Ադամյանը։

Ի դեպ, նա Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին Երեւանի կենդանաբանական այգում պահելու խնդրանքով դիմել է նաեւ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին, սակայն վերջինս հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ հնարավորություն եւ պայմաններ չունի լրացուցիչ կենդանիներ պահելու համար։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30