«Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության սեղանի թենիսի «Սպարտակ» մարզադահլիճում անցկացվեց Հայաստանի բազմակի եւ ԽՍՀՄ «Սպարտակ» մարզական ընկերության չեմպիոն, վաստակաշատ մարզիչ Համլետ Հակոբյանի երկրորդ հուշամրցաշարը, որը նախաձեռնել եւ կազմակերպել է Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան:
Երկու տարիքային խմբով անցկացված մրցաշարին մասնակցեցին Երեւանի, Գյումրիի, Վանաձորի եւ Սեւան քաղաքի մինչեւ 12 եւ մինչեւ 15 տարեկան շուրջ 100 պատանիներ: Երկու օր տեւած պայքարի արդյունքում լավագույն եռյակները կազմեցին. տղաներ՝ Մելքոն Հովհաննիսյան, Դավիթ Մանուկյան, Ազատ Գալստյան, աղջիկներ. Էլեն Բախչաջյան, Անահիտ Սարգսյան, Մարինե Գալստյան: Նրանք բոլորն էլ ներկայացնում են Երեւանը:
Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, միջազգային կարգի սպորտի վարպետ Ֆելիքս Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ընդամենը մեկուկես տարի է, ինչ ընտրվել եմ ֆեդերացիայի նախագահ եւ այս ընթացքում հիմնական ուշադրություն մենք դարձնում ենք պատանիների վրա՝ նրանց համար հանրապետության ներսում կազմակերպելով տարբեր մրցումներ: Քանի որ ֆեդերացիայի բյուջեն սուղ է եւ երեխաները Հայաստանից դուրս մրցումների պարբերաբար մասնակցելու հնարավորություն, որպես կանոն, չեն ունենում, վստահ եմ, որ այսպիսի միջոցառումների հաճախակի անցկացումը որոշակի մրցափորձ ձեռք բերելու համար անհրաժեշտություն է: Ի դեպ, հնարավորություն ունենալու դեպքում դրանց մասնակցում են նաեւ Արցախի պատանիները: Ասեմ, որ մենք բավականին սերտ համագործակցություն ունենք Արցախի մեր գործընկերների հետ եւ հաճախակի ենք փոխայցելություններ կատարում:

Ֆելիքս Սարգսյանի խոսքերով, Հայաստանում բավականին լավ մեծահասակ սեղանի թենիսիստներ կան: Սակայն աշխարհի, Եվրոպայի առաջնություններում եւ միջազգային մրցաշարերում բարձր տեղեր գրավելու նրանց հեռանկարները գրեթե զրոյական են: Դրա համար էլ ֆեդերացիան աշխատում է նրանց օգտակար դարձնել մարզչական ոլորտում ու միասին զբաղվել մանկապատանեկան թենիսի զարգացումով:
Կարդացեք նաև
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.11..2015


















































