Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Կիրակոսյան. «Ամեն ինչ ափաշկարա էր արվում»

Դեկտեմբեր 06,2015 18:35

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը դեկտեմբերի 6-ին  «Մեդիա» կենտրոնում խոսելով  խախտումների վերաբերյալ ահազանգերից, ասաց, որ դիտարկումն անցկացրել են 1-ին ընտրատարածքում, որն ընդգրկում է Ավանը եւ Նորքի Զանգվածի մի մասը:

Նա նշեց, որ օպերատիվ  են աշխատել, օգտագործել են նոր տեխնոլոգիաներ, բայց դա էլ առանձնապես չի  «փրկել», ասում է. «Այս անգամ մի տեսակ ափաշկարա ձեւով են շատ բաներ արվում, հիմնականում մասսայաբար ուղղորդում են, մարդկանց բերում-տանում են…. Այսպես ասած «թաղի տղերքի» պայքարը կրկնվում է, նրանցից շատերը իրենց կոչում են ՀՀԿ-ական, բայց հույս ունեմ, որ ՀՀԿ-ից չեն, իրենք  ոչ թե քաղաքական, այլ քրեական խնդիր են լուծում»:

Արտակ Կիրակոսյանը փաստեց, որ ՀՀԿ-ի շտաբերը մոտիկ են ընտրատեղամասերին, պարզ երեւում է, ինչպես են մարդկանց տանում այնտեղ ու ուղղորդում: Նա մի բան էլ փաստեց. « Կասկած կա, որ քվեարկողների մեջ մարդիկ են, որոնք լրացուցիչ ցուցակներում են ընդգրկված, գյուղերից եւ Երեւանի հարակից շրջաններից են»:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահը մտահոգ է, ասում է, լավ է, որ դիտորդը ակտիվ է,  բայց ի վերջո ինքը դիտորդ է, եւ չի կարող ամեն ինչի պատասխանատուն լինել, երբ կան վստահված անձինք, հանձնաժողովի անդամներ. «Ստացվում է, որ ամենաքիչ լիազորություններով մարդիկ են վերահսկողություն անում, փոխանակ վստահված անձինք ու հանձնաժողովի անդամներն ավելի ուշադիր լինեն: Խրթին իրավիճակներ են լինում, երբ դիտորդն ուզում է տեսնել՝ ով է ցուցակում ստորագրում, բայց այն մարդիկ, ովքեր ՀՀԿ-ի կամ Այո-ի ներկայացուցիչներ են, հենց իրենք մուտք ունեն ցուցակներին, մարդկանց անձնագրերին: Իմիջիայլոց, մեծ մասամբ ՀՀԿ վստահված անձինքն են փորձում վերահսկել իրավիճակը, որոնք բեյջը չեն էլ կրում, երեւի «պալոժ» չի իրենց»

Դիտորդ Շողինե Սողոմոնյանը եւս  փաստում է, որ ոչ բոլորի մոտ են առկա կրծքանշանները, ինչի արդյունքում խառնաշփոթ է սկսվում: Ըստ նրա՝ կա գաղտնիության խնդիր, շատ հաճախ խցերի հետեւում դռներ են, եւ կարող են տեսնել, թե ով ինչպես  է քվեարկում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031