Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արտակ Կիրակոսյանը արձագանքել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որը ՖԲ էջում տեղադրել էր Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանի երկու գրառումների տեսապատկերը եւ հարցրել. «Խոսքի ազատությո՞ւն է սա, թե՞ խուլիգանություն, կարո՞ղ է սպառնալիք է»։
Արտակ Կիրակոսյանը գրել է. «Պատասխանեմ.
Կարդացեք նաև
Սպառնալիքը դա մի գործողության մասին հայտարարություն է, որը ենթադրում է պատիժ երկրորդ կողմին։ Կամ ավելի իրավական լեզվով. սպառնալիքը անձի կամքին ներգործելու միջոց է, որն արտահայտվում է ապագայում վնաս պատճառելու վերաբերյալ կամքի դրսևորմամբ և ուղղված է հասցեատիրոջ մոտ վախ, անհանգստություն կամ հարկադրանքի զգացում առաջացնելուն։
Այսինքն` պետք է լինի իրատեսական պատժի արտահայտում և այդ պատիժը իրականացնելու պոտենցիալ։
Մի իրական դեպք կար սրանից մի 15 տարի առաջ, որին Քաղաքացիական հասարակության ինստիտուտը դատարանին կարծիք էր տվել` մեկը քահանային վեճի մեջ ասել էր . «Կոկորդդ կկրծեմ»։ Դատարանը, մեր կարծիքով, հիմնավորված, արդարացրեց ամբաստանյալին, քանի որ հնչեցրածը իրատեսական չէր։ Նույն կերպ Արթուր Օսիպյանի անունից գրառումները չի կարելի կոչել սպառնալիք, քանի որ ողջամիտ չէ պատկերացնել, որ Օսիպյանը պատրաստվում էր անել գրառման գործողությունները։
Եթե համաձայն չեք՝ խնդրեմ եկեք ու Օսիպյանի ասածով «բմբլահան» արեք ինձ։
Ուրեմն պնդում եմ` ստորև բերված գրառումներում սպառնալիք, որպես քրեական արարք չկա։
Հիմա խուլիգանության մասով։
Պիտի տարբերակենք իրավական բնույթի խուլիգանությունը և հանրային ընկալման եզրույթը։ Օրինակ` մարդու վրա թքելը հանրային տեսանկյունից խուլիգանություն է, այդպես չէ՞։ Որևէ մեկին համբալ ասելը, կամ կզ*նել խոստանալը, նույնպես քաղաքակիրթ հանրային խոսույթում դատապարտելի է։ Քաղաքական խոսույթում ցավոք ընդունված է։ Հիշում եմ, 2016֊17 թթ. հասարակական դաշտում քֆուրը նորաձև էր, լավ է այդ մոդան անցավ։
Մի խոսքով, եթե Օսիպյանի բառապաշարը խուլիգանական է, ապա այն էականորեն չի տարբերվում այսօրվա քաղաքական խոսույթից։ Հիմա ցավալի հարց, ինչո՞վ են Օսիպյանի գրածները էականորեն տարբերվում մյուսների խոսքից ու տարածված քաղաքական խոսույթից, որ առաջացրել է իրավական հետևանքներ։
Եվ վերջապես.
Ի՞նչ հիմքով է Օսիպյանը կալանավորվել, ո՞րն է նրա հանրային վտանգավորությունը, ի՞նչ կարող էր նա անել ազատության մեջ գտնվելիս, որ այժմ չի անի։ Սա էլ խոսքի ազատության մասով»։




















































