Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր Հայաստանը» միացավ «Ոչ»-ի ճակատի հավաքին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2015 18:50

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ «երեկ, ինչ տեղի ունեցավ հակառակորդի կողմից, զարմանալի չէր»:

Ժիրայր Սեֆիլյանը կատարվածին այսպիսի ձևակերպում տվեց. «Հերթական անգամ ապացուցվեց, որ մեր երկրում ընտրություններ տեղի չեն ունենում, այլ ընդամենը օպերացիա»:

Այնուհետև երեկ պայքարի դուրս եկած ժողովրդի մասին ասաց. «Եթե մենք երեկ չերևայինք արենայում, աշխարհն ասելու էր, որ ժողովուրդն արժանի է այդ իշխանություններին: Երեկ մենք թեկուզ փոքրաթիվ, բայց փրկել ենք ամբողջ ժողովրդի պատիվը: Երեկ փողոցում էին մեր ժողովրդի պատիվը փրկողները»: Ժիրայր Սեֆիլյանի համոզմամբ՝ «ընդդիմադիր բևեռն այստեղ է ձևավորվում»: Այնուհետև վստահեցրեց, որ ԿԸՀ-ին հանգիստ չեն թողնելու:

Ինչպես տեղեկացրել ենք ընթանում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անհնազանդության երթը, որի ընթացքում հնչում են «Դուրս եկեք փողոց, հեղափոխությունը սկսել է», «Սա ձեր երկիրն էր, լիսկաների երկիրը չէ», «քաղաքացիական անհնազանդությունը ձեր սահմանադրական իրավունքն է» կոչերը:

ԿԸՀ-ի դիմաց երթի առաջնորդները հանդես եկան ելույթներով: Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց՝ դեկտեմբերի 6-ը հստակեցրեց, թե ովքեր են այն մարդիկ, որոնք Հայաստանում երբևէ չպետք է առնչություն ունենան իշխանության հետ»:

Երթի մասնակիցները ԿԸՀ-ի դիմաց գոչեցին «անվավեր, անվավեր» ու հայտարարեցին, որ եկել ենք այստեղ ասելու, որ չենք ընդունում ու չենք հավատում այդ արդյունքներին:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Պետրոս Մակեյանը հիշեց ցախավելների հեղափոխությունը, որն իրականացվում էր տասը տարի առաջ ու նշեց. «Ցախավելը գործիք է անասնագոմեր մաքրելու համար: Հիմա անասունները դարձել են բորենիներ, հիմա ցախավելը չի օգնի. երկու ճանապարհ կա: Մեկը մեր ինտելեկտուալ, մտածող, մտահոգ հասարակության մասնակցությունն է, մյուսը սելավը: Եթե մեր մտահոգ քաղաքացիներն իրենց մասնակցությունը բերեն պասիվությամբ, ապա մի օր սելավը մեր գլխին փորձանք կբերի: Հայաստանը վերածել են սոդոմ-գոմորի, սրանից հետո փողոց դուրս չգալը մեղք է»:

Պետրոս Մակեյանն անդրադարձավ նաև «իրենց միշտ կույսի ձևով պահող Դաշնակցությանը». «Երեկվա հանրահավաքի հետ կապված լռում եք, որ շարունակեք օգտվել իշխանության սեղանի հաճույքներից»:

Հանդես եկավ նաև ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը՝ մտահոգություն հայտնելով, որ «հայ զինվորին սարքել են կուռկուռի ճուտ, վաղը մյուս օր ինչպե՞ս են նրանք ճախրելու»: Դառնալով իշխանություններին ասաց. «Սրանք տարերային աղետ են դարձել հայ ժողովրդի գլխին»:

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն էլ հայտարարեց, թե «սահմանադրություն կեղծելու համար իշխանությունները պետք է իշխանությունները պատասխան տան», Ժիրայր Սեֆիլյանն էլ հավաստիացրեց, որ «այս սահմանադրությունը մնալու է թղթի վրա»:

ԿԸՀ-ի առջևից «Նոր Հայաստան»-ի անհնազանդության երթի մասնակիցները շարժվեցին դեպի Ազատության հրապարակ՝ միանալու «ոչ»-ի ճակատի հանրահավաքին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031