«Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե իշխանական եւ ոչ իշխանական դաշտի ներկայացուցիչներն ինչպես են պատրաստվում դիմավորել Ամանորը։
ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Արձակուրդ գնալու ենք Ամանորի նախաշեմին, այսինքն՝ մինչեւ դեկտեմբերի 28, 29 աշխատելու ենք եւ կվերադառնանք, երբ որ սկսվեն աշխատանքային օրերը։ Այսինքն՝ 10 օր արձակուրդում կլինենք»։ Միսակյանը նաեւ փոխանցեց, որ տոն օրերին քաղաքական որեւէ գործունեությամբ չեն զբաղվելու։ «Ամանոր է, տոն է, ամեն մեկն իր ընտանիքում, իր ընտանիքի հետ։ Այդ ընթացքում քաղաքական իրադարձություն կամ քաղաքական որեւէ գործընթաց երկրում տեղի չի ունենալու, պայմանավորված այն հանգամանքով որ Ամանորը մեզանում ընկալվում է որպես կարեւոր իրադարձություն, եւ կփորձենք տոնը՝ որպես այդպիսին, լիարժեք օգտագործել»,- ասաց Միսակյանը։
Իսկ, ահա, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը Գագիկ Ծառուկյանից հետո շարունակում է կայանալու փորձեր անել, արձակուրդ գնալու անհրաժեշտություն չի տեսնում։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Չեմ կարծում, որ կուսակցությունը պետք է գնա արձակուրդ։ Կուսակցությունն աշխատելու է բնականոն հունով, միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը մեզ թույլ կտանք նման շռայլություն՝ չգնալ կուսակցության գրասենյակ, որից հետո մենք կշարունակենք մեր բնականոն աշխատանքը»:
Արձակուրդ գնալու միտք չունի նաեւ ՀԱԿ խմբակցությունը, որը շարունակում է հանրաքվեի կեղծման դեմ պայքարը։ «Մենք արձակուրդ չգիտենք՝ ինչ է, արձակուրդ մեզ համար չկա, ժամանակ էլ չունենք գնալու արձակուրդ։ Ազատ մարդկանց խումբ է, ազատ մարդկանց ռեժիմով էլ աշխատելու ենք։ Նոր տարվա գիշերը միասին ենք անցկացնելու, ընդհանրապես տոները միասին ենք անցկացնում»,- ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Կարդացեք նաև
Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում