Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորի գիշերը եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանք եւ նռան օրհնության կարգ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 30,2015 14:15

Դեկտեմբերի 31-ի գիշերը Հայ առաքելական եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևորականների առաջնորդությամբ հավատացյալները կաղոթեն երկրի խաղաղության համար: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում լրագրողներին ասաց Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանը:

«Տարեմուտի գիշերն արդեն երկրորդ անգամ Հայրապետական կոնդակով կկատարվի նռան օրհնության կարգ, որը խորհրդանշում է եկեղեցին եւ Քրիստոսի արյամբ փրկված հավատացյալներին: Եկեղեցին Քրիստոսին հավատացողների մեծ միությունն է: Տարին պետք է աղոթքով սկսել»,-ասաց բանախոսը: Նա տեղեկացրեց, որ այսօրվանից սկսվում է Սուրբ Ծննդյան պահքը եւ տեւում մինչեւ հունվարի 5-ի երեկոն. «Մեր եկեղեցու հայրերն այս շրջանը նշում էին Սուրբ ծննդյանը պատրաստվելով: Այս շրջանի անդրադարձն է նաեւ այն, որ մինչ օրս պահպանվել են պահոց կերակրատեսակները՝ պասուց տոլմա, չրեր եւ այլն: Պահեցողության նպատակը մեկն է՝ միտքը բեւեռել Սուրբ ծննդի վրա, ապրել նորոգման ընկալումով»:

Տեր Նշանը նկատեց, որ սովետական մշակույթի ուժով՝ շատերի համար հրաշագործ է համարվում տարեմուտի գիշերը, այնինչ հրաշքներով լի գիշերը Սուրբ ծննդի գիշերն է. «Հայաստանում կան խմբեր եւ կազմակերպություններ, որոնք դեկտեմբերի 25-ին են փորձում Սուրբ Ծնունդը նշել, այնինչ հայտնի է, որ մինչեւ 4-րդ դարը այն նշվել է հունվարի 6-ին: Իսկ 5-րդ դարում Հռոմում ներդրվեց արեւի աստծո տոնը՝ ստվերելու համար իրական արեգակի՝ Քրիստոսի ծնունդը: Սուրբ Ծննդյան ավետիսը տրվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո»: Հոգեւորականը նաեւ նշեց, որ տարեցտարի ավելանում է Նոր տարին եկեղեցում դիմավորողների թիվը:

Հավելենք, որ Ամանորի գիշերը Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիները բաց են լինելու: Հունվարի 1-ին` ժամը 10:30-ին, կմատուցվի Ս. Պատարագ: Հունվարի 5-ին` ժամը 17:00-ին, կմատուցվի Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս.Պատարագ, իսկ հաջորդ օրը՝ ժամը 11:00-ին Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ: Հունվարի 7-ը Մեռելոց է: ժամը 10:30-ին կմատուցվի Ս. Պատարագ` ի հիշատակ ննջեցյալների:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031