Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեն Անդրեասյանն այն տեսակն է, որ դժվար թե ճնշումների ենթարկվեր»

Հունվար 14,2016 15:00

Ինչու օմբուդսմենն ընդունեց Գագիկ Ջհանգիրյանի առաջարկը
եւ հրաժարական ներկայացրեց

ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման ժամկետի ավարտին դեռ 1 տարի 2 ամիս կար, բայց նա երեկ հրաժարականի դիմում ներկայացրեց:

Շատերն այդ հրաժարականը կապում են ԱԺ-ում Պաշտպանի վերջին զեկույցի ներկայացման ժամանակ նրա եւ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի միջեւ ծագած վիճաբանության հետ, երբ միմյանց անբարոյական, պատվեր կատարող, փնթի, copy-paste անող ու էլի շատ վիրավորական բառեր ասվեցին:

Բայց բացի Սամվել Ֆարմանյանից՝ Կարեն Անդրեասյանը քննադատության ենթարկվեց նաեւ ՀՀԿ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանի, Մարգարիտ Եսայանի, նաեւ ընդդիմադիրների կողմից: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը մեղադրեց, որ Կարեն Անդրեասյանը քաղաքավարի, «հուշիկ-մուշիկ» է, հարց լուծող չէ, պաշտպանություն է փնտրում ԱԺ-ում, Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ Կարեն Անդրեասյանը կոչեր է հղում, նրա կոչը լսողն ո՞վ է, Ալեքսանդր Արզումանյանն էլ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստից բացակայող օմբուդսմենին նկատողություն արեց՝ սա օրիորդաց վարժարան չի, որ ինչ-ինչ բաներից նեղացած՝ դեմարշներ հրավիրեն:

Մարգարիտ Եսայանը ԱԺ-ում դիտողություն էր արել Կարեն Անդրեասյանին՝ պատգամավորների հարցերին էմոցիոնալ պատասխանելու համար. «Որոշ արտահայտչաձեւեր համահունչ չեն ձեր պաշտոնին, եւ բոլորովին ճիշտ չէ այդպես պատասխանել պատգամավորների հարցերին: Խնդրում եմ այս տոնայնությունը հաջորդ տարվա զեկույցում չլինի, եթե դուք կլինեք մեր ՄԻՊ-ը»: Նա նաեւ հայտարարել էր, որ կցանկանար ՀՀ-ում օմբուդսմենը լիներ ավելի տարեց, ավելի փորձառու, ավելի հարուստ կենսագրություն ունեցող, կյանքի երկար ճանապարհ անցած մի կերպար: Իսկ երեկ «Առավոտի» հետ զրույցում Մարգարիտ Եսայանը մեր հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Կարեն Անդրեասյանի հրաժարականը, ափսոսանք հայտնեց. «Անկեղծ ասած, շատ ցավում եմ, պատճառների մասին ինքս որեւէ տեղեկություն չունեմ եւ չեմ կարող մեկնաբանել, թե ինչ գործընթացների հետեւանքով կամ արդյունքում է ինքը հրաժարական տվել: Ես Կարեն Անդրեասյանին շատ վաղուց եմ ճանաչում, իրեն համարում եմ շատ լավ իրավաբան, եւ իր մարդկային տեսակն է ինձ համար շատ ընդունելի՝ մեր հանրապետության եզակի գրագետ, ինֆորմացված եւ պրոֆեսիոնալ երիտասարդ գործիչներից է, որոնք շատ կարեւոր են ՀՀ առաջընթացի համար: Որեւէ մանրամասների չեմ տիրապետում, չեմ էլ պատկերացնում, թե ինչ պատճառով է նա տվել այս հրաժարականը: Կարեն Անդրեասյանը հետագայում ավելի լավ կներկայացնի, թե ինչու է այդ քայլին գնացել: Ինձ համար ցավալի է, բայց ուզում եմ հույս ունենալ, որ ինքը հրաժարական է տվել՝ ավելի լավ աշխատանքի անցնելու համար»:

Մեր հարցին՝ կարծում եք ճնշումներ չե՞ն եղել նրա վրա՝ հրաժարական տալու, Մարգարիտ Եսայանը պատասխանեց. «Որեւէ ճնշման մասին տեղեկություններ չունեմ, վստահ եմ, որ Կարեն Անդրեասյանն այն տեսակն է, որ դժվար թե ճնշումների ենթարկվեր: Եթե որեւէ որոշում ինքը կայացնում է, անում է ինքնուրույնաբար եւ սառնասրտորեն»:
ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը նույնպես քննադատել էր պաշտպանին՝ զեկույցում ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի հետ կապված սխալ ձեւակերպումների, նաեւ ուսուցիչներին վիրավորելու համար, թե գյուղական դպրոցներում կրթության որակը ցածր է, դիտավորյալ լավ չեն դասավանդում, որովհետեւ ցածր են վարձատրվում: Տիկին Մուրադյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ Կարեն Անդրեասյանի դեմ ոչինչ չունի, եւ օմբուդսմենը պետք է կարողանար ընդունել առողջ քննադատությունը: Ինչ վերաբերում է ճնշումներին, ՀՀԿ պատգամավորն ասաց, որ չի կիսում այդ տեսակետը, Կարեն Անդրեասյանի նկատմամբ ճնշում չի եղել, ընդամենը քննադատել են իր զեկույցը:

Ի դեպ, ընդամենը 2 ամիս առաջ, երբ ԱԺ-ում Գագիկ Ջհանգիրյանն առաջարկեց օմբուդսմենին հրաժարական տալ, որովհետեւ հաճույք չի ստանում իր աշխատանքից, վերջինս անակնկալի եկավ եւ բացառեց դա՝ հայտարարելով, թե չի ճանաչում որեւէ մեկի, ով կկարողանա իր գործն անել նույնքան արդյունավետ, ինչքան ինքը: Նա ասաց, որ երբ կլինի նման մեկը, ով կունենա կոնկրետ ծրագրեր, թե ինչ անել այս իրավիճակում, նոր կսկսի մտածել հրաժարականի մասին:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Միակ կարգին մարդն էր ամբողջ համակարգում: Ափսո՜ս:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031