Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական տարվա մեկնարկին ռիսկերն ավելանում են. «Հայոց աշխարհ»

Հունվար 14,2016 12:50

Հերթական տնտեսական տարին Հայաստանում մեկնարկում է բավական լարված իրավիճակում։

Արդեն 2015 թվականի վերջին ամիսների զարգացումները ցույց տվեցին, որ տնտեսական աճին նպաստող գործոնները գնալով վատանում են։ Մի բան, որ ստիպեց կառավարությանն ավելի զգուշավոր լինել տնտեսական ցուցանիշները պլանավորելիս։ Պատահական չէ, որ 2016 թվականի համար ակնկալվում է ավելի ցածր տնտեսական աճ, քան նախորդ տարվա փաստացի ցուցանիշներն էին։

Թեպետ դրանք վերջնականապես չեն ամփոփվել, այնուհանդերձ ենթադրվում է, որ համախառն ներքին արդյունքի աճը կտատանվի 2,8-3 տոկոսի միջակայքում։ Այդ պայմաններում ընթացիկ տարվա սպասումները 2,2 տոկոսի սահմաններում են։ Հատկանշական է, որ դրա վերաբերյալ կառավարության եւ Համաշխարհային բանկի փորձագետների կարծիքներն այս անգամ համընկնում են։ Չնայած կյանքը վկայում է, որ այդ կանխատեսումները ոչ միշտ են արդարանում։

Ինչպես հայտնի է, անցած տարեսկզբին միջազգային գրեթե բոլոր կազմակերպությունները Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալը զրոյին մոտ կամ նույնիսկ դրանից ցածր էին գնահատում։ Սակայն այդպես չեղավ, որն էլ ստիպեց տարվա երկրորդ կեսից աստիճանաբար վերանայել գնահատականները։

Ամեն դեպքում նախորդ տարվա վերջին դրսեւորված տնտեսական ակտիվության վրա ազդող բացասական գործոնները պահպանվում են նաեւ այս տարեսկզբին։ Ավելին՝ դրանք նոր որակ են ստանում։

Մեծացել են հատկապես արտաքին շուկաներում հայաստանյան ապրանքների իրացման ռիսկերը։ Այդ միտումը նկատվում է ինչպես համաշխարհային, այնպես էլ ԵԱՏՄ եւ առաջին հերթին ռուսական շուկայում։

Տարին մեկնարկեց ռուսական ռուբլու հերթական կտրուկ էժանացմամբ։ Նավթի համաշխարհային գների նվազումը հանգեցրեց ռուսական շուկայում դոլարի գնի ռեկորդային բարձր մակարդակի ձեւավորման։ Հունվարի սկզբին ամերիկյան արժույթի փոխարժեքը գերազանցեց 75 ռուբլու սահմանագիծը։ Անկումը շարունակեց խորանալ նաեւ հետագայում (այժմ դոլարի գինը հասնում է 77 ռուբլու)։

Ռուսական արժույթի թուլացումը Հայաստանի տնտեսության վրա եւ ֆինանսական համակարգում առաջիկայում կմեծացնի ճնշումը։ Մի բան, որ կարտահայտվի արտահանման եւ հայաստանյան ապրանքների իրացման համար լրացուցիչ դժվարությունների ստեղծման, ինչպես նաեւ այս երկրից ակնկալվող ֆինանսական հոսքերի կրճատման տեսքով։

 

Հ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031