Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռվում է նաեւ Հայաստանի եւ ԼՂՀ-ի հարցը

Հունվար 15,2016 12:23

Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը չի կիսում այն կարծիքը, որ միջազգային տեռորիզմը` Դայեշ, ԻԼԻՊ-ը, ԻՍԻՍ-ը, ԻԳԻԼ-ը (անունները շատ են, էությունը` նույնը), չի սպառնում Հայաստանին: «Վրիպում է այն տեսակետը, որ ԻԼԻՊ-ը Հայաստանին չի սպառնում: Երկրորդ սխալը` որ նրան կարելի է ճնշել»,- այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում իր կարծիքը հայտնեց նա` հիշեցնելով, որ այն տրանսնացիոնալ կամ ինտերնացիոնալ բնույթ ունի, եւ տարածքային առումով նրան հնարավոր է ճնշել, ասենք, ոչնչացնել Սիրիայում, բայց չինելով Սիրիայում, այն կարող է աշխատել:

«Հայաստանը վտանգված է միանշանակ. եթե ՌԴ-ն վտանգված է, իսկ ՌԴ-ն վտանգված է: Մեր կողքին է Ադրբեջանը, որն ամեն վայրկյան կարող է իսլամացվել: Այստեղ Հայաստանը բուտերբրոդային վիճակում կհայտնվի: Ոչ մի երկիր, ոչ մի պետական կառուցվածք ապահովագրված չէ այդ «վարակից»: Նույնիսկ Թուրքիան ապահովագրված չէ, ինչպես կյանքը ցույց տվեց»,- ասաց բանախոսը:

Նա գտնում է, որ Սաուդյան Արաբիան կարող է Իրանի, Իրաքի քրդերին ակտիվացնել, Բոլուջիստանի խնդիրը վեր հանել, իսկ այնտեղ լուրջ ուժեր կան, որոնց Սաուդյան Արաբիան կարող է շարժել: Այդ դեպքում Իրանի վիճակը կարող է ծանրանալ, իսկ դրա արդյունքում Հայաստանն անպայման կտուժի: Ընդհանրապես, Արման Նավասարդյանը կարծում է, որ շատ բան սարքված է, որպեսզի էքստրեմիզմի քողի տակ հարվածն ուղղվի դեպի Իրան:

Ինչ վերաբերվում է ահաբեկչական կազմակերպությանը, դեսպանը կարծում է, որ այն ժամանակակից ռազմական արվեստին եւ տեխնիկային համահունչ կազմակերպություն է, որի սպայական կազմը կրթություն է ստացել եվրոպական, նաեւ ռուսական հաստատություններում: Վերջին հետազոտությունների համաձայն, նրանք նաեւ քիմիական զենք ունեն: Կասկած կա, որ նաեւ միջուկային զենք ունեն. «Բանդիտիզմի ձեռքին հայտնվել է մասսայական ոչնչացման զենք ու այստեղ կարծես տեղին է հիշել Չերչիլին` կգա ժամանակը, որ մարդկությունը փայլող հրթիռի վրա կգնա քարանձավ»:

Արման Նավասարդյանը կարծում է, որ ֆինանսական առումով էլ նրանք փայլուն վիճակում են, նաեւ ուժեղ գաղափարական եւ գաղափարախոսական հենք ունեն: Դա է հիմնական պատճառը, որ կարողանում են գրավել ամբողջ աշխարհը: Նրանց թիկունքում կանգնած են լուրջ տեխնոլոգներ, քաղաքական գործիչներ:

«ՌԴ-ի գործողությունները կոտրեց այն կարծրատիպը, որ ԻԼԻՊ-ն անպարտելի է: Նաեւ իր հետ բերեց որոշակի համագործակցություն այս հարցում: Այնտեղ վճռվում է Հայաստանի եւ ԼՂՀ-ի հարցը: Ինչո՞վ կավարտվի` դժվար է ասել: Պուտինը սկսեց, մեծ վարկանիշ ձեռք բերեց իր եւ ՌԴ-ի համար, ՌԴ-ին վերադարձրեց Մերձավոր Արեւելք, Միջերկրական ծովի ավազան: Մնացածը` ժամանակը ցույց կտա»:

Ի՞նչ կարող է անել Հայաստանը հարցին, Արման Նավասարդյանը պատասխանում է. «Պետք է չեզոք դիրքորոշում ունենալ: Եթե ՀԱՊԿ-ը չի միացել Սաուդյան Արաբիայի կոալիցիային, Հայաստանն ինչո՞ւ միանա: Մեր վիճակը շատ փափուկ է, բացի այդ՝ նաեւ գաղութներ ունենք արաբական երկրներում: Հակառակը, եթե կարողանանք Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ միջնորդ լինել, դա կլինի մեր դիվանագիտության հաղթանակը: Բայց դա ես քիչ հավանական եմ համարում»:

Ամեն քաոսային վիճակում կա մի բան, որից հնարավոր է օգուտ քաղել եւ հիմա այդ վիճակում ենք`վստահ է դեսպանը: Օրինակ, իր համոզմամբ, դիվանագիտական խաղերով, մենք կարող են Իրանին լարել Ադրբեջանի դեմ, որովհետեւ Ադրբեջանն ու Տաջիկստանը մտան Սաուդյան Արաբիայի հետ կոալիցիայի մեջ, նրանց հոգեւոր առաջնորդը խիստ քննադատում է Իրանին եւ հակառակը` հնարավորություններ կան Սաուդյան Արաբիային լարել Ադրբեջանի դեմ` մեր երկրի համար օգուտներ քաղելով. «Հայաստանն ունի Սփյուռք, որի ներուժը պիտի կարողանանք օգտագործել»:

Աշխարհի այս նոր քարտեզագծման արդյունքում, իր կարծիքով, Թուրքիան իբրեւ կայսրություն վերանալու է, բայց դժվարանում է ասել ներկայիս Թուրքիա՞ն է մեզ ավելի ձեռնտու, թե՞ ապագա Քրդստանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031