«Շատ շնորհակալ եմ ջերմ հյուրընկալության համար, որ ստացանք գեղեցիկ Երևանում, և մեր կառուցողական հանդիպման համար։ Նիդերլանդները մեծապես արժևորում է մեր ընկերությունը Հայաստանի հետ, մի սերտ համագործակցություն, որը բազմաթիվ տասնամյակներ շարունակվում է։ Անշուշտ, մեր երկու երկրները ռազմավարական գործընկերության նոր փուլ մտան, և էլ ավելի են ամրապնդվելու մեր տնտեսական, քաղաքական և սոցիալական կապերը։ Ես մեծապես գնահատում եմ, որ կարողացել ենք խորքային քննարկումներ ունենալ։ Այսօր խոսել ենք այս բոլոր կետերի, ոլորտների և թեմաների մասին, որոնց շրջանակում էին նաև ներմուծումների սահմանափակումները, որոնք Ռուսաստանն է առաջ բերել և որոնք դժվարություններ են ստեղծում բիզնեսների համար»,- ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում կայացած համատեղ ասուլիսում նշեց Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը՝ ընդգծելով, որ հոլանդական կառավարությունը շարունակելու է սատարել Հայաստանին այս դիվերսիֆիկացման փուլում։
Նա հավելեց, որ ի թիվս այլնի, քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. «Նիդերլանդները ողջունում է այն զգալի քայլերը, որ երկու երկրները կատարել են անցյալ տարվանից ի վեր։ Աջակցում եմ այն քայլերին, որ Հայաստանն արել է այս գործընթացն առաջ տանելու ու այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Շատ կարևոր է, որ գործընթացն ամփոփվի խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ։ Այս հարցում մենք աջակցում ենք ձեզ մինչև վերջ։ Այս առումով հայտարարում եմ նոր ֆինանսական աջակցություն՝ անհետ կորած անձանց մարմինները գտնելու ուղղությամբ»։
Նախարար Բերենդսենը, մանրամասնելով ֆինանսական աջակցության նպատակը, կարևորեց, իր ձևակերպմամբ, վստահության կամուրջների կառուցումը՝ միաժամանակ նշելով, որ ծրագիրը վերաբերում է նաև Ադրբեջանին։ Նա նաև հույս հայտնեց, որ այն խաղաղության գործընթացի մի մասը կկազմի. «Սա հույժ կարևոր ծրագիր է, որովհետև Նիդերլանդներն ուզում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել և, եթե հնարավոր լինի, նաև այլ եղանակներով»։
Կարդացեք նաև
Ասուլիսն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































