Լրահոս
Օրվա լրահոսը

Սաուդցիները նավթի շուկայում պոկեր են խաղում և տարվում. WSJ

Փետրվար 01,2016 13:14

Նավթի համաշխարհային շուկայում տարվող խաղը նման է պոկերի. խոշոր նավթարտադրողները վնասներ են կրում, բայց ոչ ոք չի ընդունում իր պարտությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ամերիկյան The Wall Street Journal պարբերականը:

Նավթի գների վրա ազդող գլխավոր խաղացողներից մեկը շարունակում է մնալ Սաուդյան Արաբիան: Վերջինս միայնակ էլ կարող է նպաստել շուկայի թեկուզ մասնակի կայունացմանը: Դրա վառ ապացույցն է անցյալ շաբաթվա նավթի գների աճը հնչեցված այն հայտարարությունից հետո, որ Էռ-Ռիյադը կարող է կրճատել նավթարտադրության ծավալները: Վերջին շրջանում Սաուդյան Արաբիան կորցրել է ոչ միայն «մի քանի հարյուր միլիարդ դոլար», այլև շուկայի մի մասը, բայց մինչ այժմ ակտիվ քայլեր չի ձեռնարկում և ուսումնասիրում է մյուս խաղացողների, մասնավորապես ԱՄՆ-ի, Իրանի և Ռուսաստանի քաղաքական և տնտեսական խաղաքարտերը, գրում է թերթը:

Այսօր առանց բացառության բոլոր խոշոր նավթարտադրողները տուժում են նավթի ցածր գներից: 2016թ. հունվարին նավթի գինը 7 տոկոսով ավելի ցածր է, քան 2015թ., իսկ 2014թ. համեմատ այն ընկել է 70 տոկոսով: 2015թ. Սաուդյան Արաբիան շուկայի մի մասը կորցրեց «համեմատաբար նորեկի»՝ ԱՄՆ-ի պատճառով, որը հանեց նավթի արտահանման էմբարգոն, իսկ այժմ սաուդցիների դիրքերին սպառնում է Իրանը: Սիրիայում և Եմենում «միջնորդավորված պատերազմի» ֆոնին Սաուդյան Արաբիայի համար կարող է ծայրահեղ դժվար լինել դառնալ առաջինը, որը կիջեցնի նավթի վերամշակման ծավալները, նշում է պարբերականը:

Սաուդյան Արաբիային նավթի արտահանումը կրճատելուն դրդելու հարցում կարևոր դեր է կատարում Ռուսաստանը, որը սիրիական հակամարտությունում պաշտպանում է Իրանին: Ռուսաստանի «առաջարկները, որոնք ներառում են քաղաքական և տնտեսական փոխզիջումներ, կարող են իրավիճակը դուրս բերել մեռյալ կետից և համոզել սաուդցիներին առաջինը նվազեցնել վերամշակման ծավալները», գրում է պարբերականը:

Մյուս կողմից՝ Սաուդյան Արաբիայում տնտեսության վիճակը իսկապես վատ է: Ըստ CNBC-ի վերլուծաբանների գնահատականների՝ Էռ-Ռիյադը կարող է սնանկանալ արդեն 2018թ.: Առայժմ Սաուդյան Արաբիան ունի զգալի պահուստային ակտիվներ, սակայն նավթի շուկայում նման իրավիճակի պահպանման դեպքում այդ պահուստները կարող են արագ սպառվել, եզրափակում է WSJ-ն:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29