Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Վարդան Այվազյանի՝ ՌԴ-ից էժան գազ ոչ ոք չի առաջարկել (Տեսանյութ)

Փետրվար 02,2016 12:32

Այսօր «Հայելի» ակումբում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը եւ հանրապետական պատգամավոր, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն անդրադառնալով Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը, ասացին, որ Հայաստանը կարող է Իրանի համար ճանապարհ լինել Եվրասիական տնտեսական միության շուկայի համար:

Վարդան Այվազյանը նկատեց, որ Իրանի նավթային պաշարները մի քանի անգամ գերազանցում են Ռուսաստանի պաշարներին: Վարդան Այվազյանի ներկայացմամբ՝ Իրանը կարող է Հայաստանում արտադրություն ծավալել եւ արտահանել Ռուսաստան:

Այվազյանի խոսքերով՝ Ռուսաստանի հետ գազային պայմանագիրը չի սահմանափակում Իրանից գազ ներկրելը: Նա ասաց, որ եթե կա մեկը, որ Ռուսաստանից ավելի էժան գազ կառաջարկի՝ մենք պատրաստ ենք: Վարդան Այվազյանը վստահեցրեց, որ երբեւէ չի եղել ասեն՝ 160 դոլարից էժան գազ ենք տալիս, եկեք գնեք:

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ իրանական կողմը դեսպանի մակարդակով հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանին գազ մատակարարել, Այվազյանն ասաց՝ մի անգամ առաջարկ եղել է: Aravot.am-ի հարցին՝ այդ մի անգամը բավարար չէ՞ր, որպեսզի ՀՀ կառավարությունը բանակցի Իրանի հետ, Այվազյանը վրդովվեց. «Նորից եմ կրկնում՝ ոչ մեկ չի ասել, հայտարարություն չի եղել՝ եկեք, մենք ձեզ էժան գազ ենք առաջարկում»:

Ապա պրն Այվազյանը դիմելով Բոստանջյանին, ասաց՝ «խի,կասկածո՞ւմ ես, որ ասեն 160 դոլարից էժան գազ ենք տալիս, մենք չընդունենք: Ինքը միշտ հայտարարում է՝ պատրաստ ենք գազ մատակարարել»: Ի պատասխան Այվազյանի՝ Բոստանջյանն ասաց. «Մի կռուշկա նավթի, գազի համար գալու ա ընկնի մեր ոտե՞րը»:

Ապա Այվազյանն անդրադառնալով Aravot.am-ի այն դիտարկմանը, որ ինչո՞ւ է Հայաստանը միայն Ռուսաստանից բենզին ներկրում, Այվազյանն ասաց. «Էդ հարցը գնացեք գործադիրին տվեք, թե ինչու են շաքարավազը, բանանը, բենզինը մի հոգի ներկրում»: Aravot.am-ին հարցին՝ Դուք իշխանության ներկայացուցիչ եք, հանրապետական պատգամավոր, ինչո՞ւ ձեզ չդիմեմ, պատգամավոր լինելը ազատո՞ւմ է այդ կարգի պատասխանատվությունից, Այվազյանն ասաց. «Գնացեք, հարցրեք նրանց, ովքեր դրանք ներկրում են: Էներգետիկայի նախարարին էլ կանչեք, հարցրեք գազի մասին»:

Մանրամասն՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29