Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Շիրակի դատախազը՝ մարմաշենցի օլիգարխի որդու մասնակցությամբ վթարի մասին

Փետրվար 02,2016 13:12

Ինչպես հայտնի է, կիրակի օրը, ժամը 15.00-ի սահմաններում ավտովթար էր տեղի ունեցել Գյումրու Անի թաղամասի կենտրոնական հատվածներից մեկում՝ Սախարովի հրապարակում: Միմյանց էին բախվել «Մերսեդես G-500» մակնիշի 22 FR 222 պետհամարանիշի եւ «Օպել Աստրա» մակնիշի 34 VF 390 պետհամարանիշի մեքենաները՝ դառնալով հետիոտնի՝ 74-ամյա Սուսաննա Զաքարյանի մահվան պատճառ: Տիկինը, որը Գյումրիիի մոտակա գյուղերից է ու վարձով է բնակվում Անի թաղամասում, դարձել էր անմեղ զոհ: Ինչպես պատմում էին ականատեսները. Կնոջ դրամապանակն ու ձեռքի տոպրակը հարվածից մի կողմ էին ընկել, ու երեւում էր, որ տոպրակի մեջ հաց է:

«Մերսեդես» մակնիշի մեքենան պատկանում է մեծահարուստ գործարար Գյումրու կենտրոնական շուկայի որոշ հատվածի սեփականատեր, ռեստորանատեր, Յակուտիայում գործունություն ծավալած Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի բնակիչ՝ «մարմաշենցի Գարենի» որդուն՝ 40-ամյա Ֆրունզե Ասատրյանին: Իսկ «Օպել Աստրա» -ն, որի տակ է ընկել 74-ամյա կինը, վարել է 35-ամյա գյումրեցի Արարատ Ավետիսյանը: Վերջինս ի սկզբանե ոստիկաններին բացատրություն է տվել այն մասին, որ ինքը կանգնել է՝ փողոցն անցնող կնոջը ճանապարհը զիջելու, սակայն հետևից իր մեքենային է հարվածել «Մերսեդես» մակնիշի մեքենան, որի ղեկին եղել է գործարարի տղան: Իհարկե, ճշտվում են դեպքի հանգամանքները, շուտով կպարզեն իրականությանը համապատասխանո՞ւմ է վերջինիս ասածը, թե՞ոչ:

Raffi_Aslanyan

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը Aravot.am-ին փոխանցեց, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, հարցաքննվել են վարորդները, կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձերբակալված անձիք դեռ չկան:

Նշենք՝ Հոդված 242-ը, որը կոչվում է Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը , սահմանում է.

1. Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29