Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը և կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը տարածել են խնդրագիր՝ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով

Փետրվար 02,2016 17:23

Մեկ ամսից լրանում է նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության ամոթալի եւ ողբերգական իրադարձության՝ Մարտիմեկյան ջարդի ութերորդ տարելիցը: Այդ օրը իշխանությունները առաջին անգամ կրակեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա, որի հետևանքով սպանվեցին տասը քաղաքացիներ և հարյուրավորները ստացան տարբեր աստիճանի ֆիզիկական վնասվածքներ և տասնյակ քաղաքացիներ ազատազրկվեցին իրենց քաղաքական հայացքների համար։ Դա անթույլատրելի հարված էր Հայաստանի Հանրապետության՝ որպես Եվրոպայի Խորհրդի անդամ երկրի ժողովրդավարությանը։ Այս ողբերգությունը դեռևս չի ստացել իր համարժեք իրավական և քաղաքական գնահատականը։ Անպատժելիությունը ծնեց նորանոր հանցանքներ պետության եւ նրա քաղաքացիների դեմ, հանգեցնելով խորն անջրպետի հասարակության եւ իշխանություններին միջեւ:

Անկախ Հայաստանում այսօր կրկին քաղաքական բանտարկյալներ կան, որոնք անազատության մեջ են ոչ թե հանցագործության կատարման մեղադրանքով, այլ իրենց ազատատենչության եւ այլախոհության պատճառով: Հայաստանի քաղաքացիական հասարակության անունից դիմում ենք Ձեզ առաջարկով մինչեւ ս.թ. մարտի 1-ը ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին՝ կիրառելով ՀՀ նախագահին տրված սահմանադրական իրավունքը:

Մեր պետության եւ նրա քաղաքացիների առջեւ խոյացող մարտահրավերների օրոք նման որոշումը կարող է լինել ժողովրդավարության և իրավական պետության սահմանադրական արժեքների նկատմամբ համազգային համերաշխության, վստահության և հավատի վերականգնման ճանապարհին կարեւոր, գիտակցված և անհրաժեշտ քայլ: Մենք դիմում ենք Հայաստանի քաղաքացիներին եւ աշխարհասփյուռ հայությանը, միջազգային հանրությանը եւ իրավապաշտպան կազմակերպություններին, խնդրանքով առցանց ստորագրել այս նամակը եւ այդպիսով սատարել Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բանտարկյալներին ազատելու մարդասիրական պահանջը:

Արթուր Սաքունց, իրավապաշտպան,

Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29