Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագետները նշեցին, որ զիկա տենդը փոխանցող «Aedes aegypti» ցեղի մոծակներ Հայաստանում չեն հայտնաբերվել

Փետրվար 03,2016 16:59

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն առաջատար և գլխավոր համաճարակաբանների, վարակաբանների, իմունոլոգների հետ քննարկեց աշխարհում և հանրապետությունում վարակների հետ կապված մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և առաջիկա անելիքները։
Մասնագետները շեշտեցին, որ նախարարությունը լուրջ աշխատանքներ է կատարել գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի վերահսկման և կառավարման ուղղությամբ։ Ներկայացվեց, որ դեռևս 2015թ. սեպտեմբերին հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքների բժիշկներն Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետի մասնակցությամբ հատուկ վերապատրաստվել են գրիպի ու դրա բարդությունների բուժման ուղղությամբ։ Ընդ որում, առաջին անգամ կրթական գործընթացը եղել է ոչ միայն թեմատիկ, այլև գործնական։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ անցած տարվա դեկտեմբերին կազմակերպվել է նաև գրիպի տարեկան աշխատաժողով` Երևանի և մարզերի վարակաբանների ու համաճարակաբանների մասնակցությամբ։ 2015թ. դեկտեմբերի 30-ին ձևավորված արագ արձագանքման աշխատանքային խմբի կողմից ձեռնարկված կանխարգելիչ, կազմակերպական և բուժական աշխատանքների արդյունքում բարձրացվել է բնակչության զգոնությունը։ Մարդկանց` բժշկական հաստատություններ շուտ դիմելու շնորհիվ հնարավորինս քիչ թվով ծանր դեպքեր են արձանագրվել, հարյուրավոր մարդկանց կյանք փրկվել է մասնագետների բարձր պատրաստվածության շնորհիվ։

Արմեն Մուրադյանը գիտնական-մասնագետների հետ քննարկեց ինչպես գրիպի, մասնավորապես` H1N1-ի բուժման արդյունավետությանն, այնպես էլ` աշխարհի մի շարք երկրներում արձանագրված զիկա տենդի և այլ վարակների ներթափանցման հնարավորությունները։ Մասնագետները նշեցին, որ զիկա տենդը փոխանցող «Aedes aegypti» ցեղի մոծակներ Հայաստանում չեն հայտնաբերվել։ Սակայն Կենտրոնական կամ Հարավային Ամերիկա մեկնողներին անհրաժեշտ է իրազեկել։ Չեն բացառվում ներկրվող դեպքերը։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում տենդի հետ կապված ուղեցույցների պատրաստման ուղղությամբ:

«Գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելման և բուժական ծառայություններն, անկախ ունեցած ներուժից, իրենց պարտականությունները կատարում են մասնագիտական և մարդկային բարձր պատասխանատվությամբ։ Ամփոփելով անցած ճանապարհը` մենք պետք է հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկենք նոր մարտահրավերները հաղթահարելու համար»,-ասաց Արմեն Մուրադյանը` կարևորելով և ակնկալելով մասնագետ-գիտնականների կարծիքներն ու առաջարկները։

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29