Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի «զոռով» բարեւը՝ Լարիսա Ալավերդյանին. մինչ օրս կնոջ պահվածքը չի ներում

Փետրվար 15,2016 23:55

«Ես հրաժարական չեմ տվել: Ես հրաժարվել եմ կատարել նախագահի անօրինական հրամանագիրը: Դրանք տարբեր են, սիրելիներս»,- Aravot.am-ի հետ զրույցում առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն այսպիսի պատասխան տվեց այն պատգամավորներին, պաշտոնյաներին, որոնք այս օրերին անընդհատ կրկնում էին, թե մեր երեք օմբուդսմենները հրաժարական են տվել:

Լարիսա Ալավերդյանը պատմեց Ռոբերտ Քոչարյանի հետ իր առճակատումների մասին. «2004-ի հոկտեմբերի վերջին էր, մենք ընդամենը 6 ամիս ենք աշխատել, ընդ որում, ես աշխատել եմ ընդդիմության եւ ընդդիմադիր թերթերի ոչնչացնող քննադատության ներքո: Ես կայացած մարդ եմ, դա ինձ վրա  չէր ազդում, իրենք իրենց էին նսեմացնում: Քիչ էր մնում՝ ինձ գողության մեջ մեղադրեին: Մայրս կարդում էր, ի դեպ, մահացավ այդ տարիներին, ասում էր՝ էս քո՞ մասին է գրած, չէր հավատում: 6 ամիս հետո հոկտեմբերի վերջից սկսել են ուղղակի քաղաքական հետապնդումներ, եւ դա հաստատել է նաեւ Ալեքսան Հարությունյանը: Երբ որ Արմեն Հարությունյանը բացակայում էր, իր հանդեպ եղել է քննադատություն ու ինքը ելույթ չի ունեցել հեռուստատեսությամբ, ԱԺ-ում նրան հարց են տվել, որ դուք հետապնդում եք Արմենին: Ինքը ասել է՝ ոչ, մենք Լարիսա Ալավերդյանի նկատմամբ ենք հետապնդումներ իրականացրել: Արգելված էր իմ մուտքը որեւէ հեռուստաընկերություն՝ հանրային, մասնավոր: Մինչեւ անգամ մարդիկ զանգում էին, թե էս օրը կգաք, էս ժամին, հետո զանգում ասում էին՝ կներեք, ինչ-որ մի բան չի ստացվում: Ես միշտ ասում էի՝ թեթեւ տարեք, ես ձեզ հասկանում եմ: Ես իմ գործն էի անում»:

Ռոբերտ Քոչարյանի հետ առճակատումների, խնդիրների մասին պատմելիս տիկին Ալավերդյանը մի դրվագ պատմեց, որը ցույց է տալիս, թե ինչքան  հիշաչար է երկրորդ նախագահը:

Նա պատմեց, որ վերջին տարիներին Ղարաբաղում մայիսի 9-ի միջոցառումներից մեկի ժամանակ պատահաբար հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին: Վերջինս չի ուզեցել անգամ բարեւել Լարիսա Ալավերդյանին. «Ես, կատակով ասեմ, ստիպեցի իրեն բարեւել ինձ, որովհետեւ ես հումորով լինելով՝ լուրջ չեմ վերաբերում այդ բաներին: Իսկ իր մեջ մնացել է, որ ես ինչ-որ այն չեմ արել: Ժամանակին ես ուղղակի մի անգամ իր խոսքը դեռ չավարտած՝ դուրս եկա կառավարության նիստից, որովհետեւ անօրինական բաներ էր ասում»: Ըստ տիկին Ալավերդյանի, Քոչարյանը մինչ օրս չի մոռացել դա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համայակ says:

    Հա, ճիշտ է ասում, մի քիչ թարախոտ էր: Ներում – բեկում չկար: Կարելի է հասկանալ թե խեղճ ախլքալակցի Պողոսի վիզն ինչու ջարդեցին: Հիմա էդ կողմից մի քիչ տարբեր է, – կզացնում են, մականունը ճակատին դնում ու տուն ուղարկում: Քիչ է, բայց քաղաքական առաջընթաց է!

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29