Լրահոս
Օրվա լրահոսը

Amnesty International. 2015թ. Հայաստանում բողոքի ակցիաները ճնշվել են իշխանությունների կողմից

Փետրվար 24,2016 15:39

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2015թ. մարդու իրավունքների զեկույցը, որում անդրադարձ է կատարվում նաեւ Հայաստանին։

Զեկույցի հավաքների ազատություն բաժնում ասվում է, որ տարին նշանավորվել է քաղաքական եւ սոցիալական բողոքի ակցիաներով, որոնք ճնշվել են իշխանությունների կողմից։ Մասնավորապես առանձնացվում են էլեկտրաէներգիայի սակագնի դեմ ժողովրդական ցույցերը եւ սահմանադրական հանրաքվեից հետո հուզումները։

«Սեպտեմբերի 21-ին դաժան ծեծի է ենթարկվել հակակառավարական ցույցի ներկայացուցիչ Սմբատ Հակոբյանը։ Ոստիկանությունը գործի առթիվ քրեական գործ է բացել, կա երեք կասկածյալ։ 2014թ. նմանատիպ հարձակումների 3 դեպք 2015թ. դրությամբ հանգուցալուծում չեն ստացել»,- ասվում է զեկույցում։

Մի շարք դեպքերում ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել խաղաղ ցույցերի եւ հավաքների մասնակիցների նկատմամբ, եղել են ձերբակալություններ։

Զեկույցում հիշատակվում է, որ հունվարի 15-ին ոստիկանությունը փակել էր դեպի Ռուսաստանի դեսպանատուն շարժվող ցուցարարների ճանապարհը, որոնք բողոքում էին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության դեմ։ Ոստիկանությունը ձերբակալեց 21 մարդ ու հաջորդ օրը նրանց ազատ արձակեց։ Բախումների ժամանակ վիրավորվեց 9 ցուցարար եւ 3 ոստիկան։

Հունիսի 19ին սկսվեց նստացույց էլեկտրաէներգիայի գների բարձրացման դեմ։ Հունիսի 23-ին շուրջ 500 ցուցարարներ շարժվեցին դեպի նախագահական նստավայր եւ փակեցին ճանապարհը։ Ոստիկանությունը նրանց ցրելու համար անհամաչափ ուժ կիրառեց, այդ թվում՝ ջրցան մեքենաներ։ Ի պատասխան՝ ցուցարարներից ոմանք շշեր նետեցին, բայց, ընդհանուր առմամբ մյուսները խաղաղ էին։ Ոստիկանությունը ձերբակալեց 237 մարդու, որոնց հետո առանց մեղադրանք առաջադրելու ազատ արձակեց։ Ոստիկանությունն անհամաչափ ուժ կիրառեց նաեւ որոշ լրագրողների դեմ՝ առգրավելով եւ վնասելով նրանց սարքավորումները։

Զեկույցի խոսքի ազատություն բաժնում նշվում է, որ Հիմնադիր խորհրդարանի 5 անդամներ ձերբակալվել են այն բանից հետո, երբ հայտարարել էին, որ ապրիլի 24-ին պատրաստվում են զանգվածային ցույց կազմակերպել։ Նրանք ազատ արձակվեցին մայիսի 4-ին, բայց դատական գործընթացը նրանց դեմ շարունակվում է։

Զեկույցում նաեւ նշվում է, որ բանտերում եւ ոստիկանական բաժանմունքներում խոշտանգումները շարունակում են խնդիր մնալ։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29