Լրահոս
Օրվա լրահոսը

«Մալաթիա» տոնավաճառի տնօրենը կրկին մերժեց. «Ավելացնելու բան չունեմ»

Փետրվար 27,2016 12:53

Քիչ առաջ «Մալաթիա» տոնավաճառի բողոքող աշխատակիցներին մոտեցավ տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը:

Նա դժգոհ աշխատակիցներին ասաց, որ երեկվա իր պատասխանն անփոփոխ է՝ ավելացնելու ոչինչ չունի:

«Ասում եք՝ հարկային վճարները ես անեմ, չե՞ք մտածում, որ հարկային մուծումը ստաբիլ վճար չէ, ինչքան վաճառում եք, այդքան պետք է ցույց տաք, այդքան վճարեք: Մարդ կա երեք հատ շուբ է վաճառում, ի՞նչ է, տանեմ երեք հարյուր հազար դրամ վճարե՞մ: Ավելացնելու բան չունեմ, վաղը մուծումներ կանենք, իսկ  եթե այսօր չենք աշխատում, վաղը չենք կարողանում մուծում անել»,- ասաց տնօրենը: Նա նաեւ հավելեց, որ եթե մարտի մեկից աշխատակիցները որոշեն չաշխատել, ինքը չի տուժի, տարածքը կդարձնի սուպերմարկետ եւ իր բիզնեսը կանի:

Հետո ասաց, որ իրեն հասել են իրենից դժգոհ աշխատակիցների վիրավորական արտահայտությունները. «Ես երեխաներ ունեմ, ու նրանք լսում են՝ ինչեր են ասում իրենց հոր հասցեին: Ես տղամարդ եմ չէ՞, բայց էլի եմ ասում՝  ձեզնից վիրավորված չեմ, նույնիսկ անձնական վիրավորանքներից այդքան վիրավորված չեմ, եթե ուզում ենք աշխատել, աշխատենք, եթե՝ ոչ, ես ձեզ ասացի, որ այսքան պետք է իջնեն վարձավճարները, դրանից այն կողմ չի անցնելու»:

Ամիսներ առաջ, երբ տոնավաճառի աշխատակիցները բողոքում էին, տնօրենը որոշ աշխատակիցների համար վարձավճարները քսան հազար դրամով իջեցրել էր, հիմա փաստորեն երեկվա բողոքի ակցիայի արդյունքում նույնքան իջեցրեց նաեւ մյուս մասի վարձավճարները: Ըստ նրա, այժմ հավասար սկզբունքներ են գործում բոլոր առեւտրականների համար:

«Ավելի շատ կխոսենք ընթացքում, որոշեք աշխատում եք, թե՝ ոչ: Եթե չեք ուզում աշխատել, սպասեք ձեր վճարած ժամկետը լրանա, ամսի մեկով էլ չենք աշխատի»,- ասաց տնօրենն ու հեռացավ:

Ի դեպ, այսօր աշխատակիցները պնդում էին, որ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ  Ալեքսանդր Ղազարյանին են տեսել տնօրենի սենյակում: Տնօրենն ինքն անձամբ հերքեց. «Ես չեմ տեսել նրան, առաջին անգամ եմ լսում ձեզնից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29